ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 03.06.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-5272-25.03.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու համար.

1. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով լրացվող 12-րդ կետի բովանդակությունից պարզ չէ, թե ում պետք է ներկայացվի հանձնաժողովի ամփոփ հաշվետվությունը, ուստի նշված կետում անհրաժեշտ է հստակեցնել, որ խոսքը տվյալ հաշվետվությունն Ազգային ժողով ներկայացնելու մասին է:

2. Նախագծի 2-րդ հոդվածում «կամ աշխատակիցները» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կամ աշխատողները» բառերով՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, ինչպես նաև Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի դրույթները:

3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող կարգավորման համաձայն՝ մշտական հանձնաժողովի նիստը կարող է իրավազոր համարվել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների՝ նիստին ներկա գտնվելու դեպքում՝ ներկայումս սահմանված անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի փոխարեն:

Կարծում ենք՝ առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է, քանի որ նիստն իրավազոր համարվելու համար հանձնաժողովի անդամների անհրաժեշտ քանակի շեմի բարձրացումը կարող է ստեղծել հանձնաժողովի անդամների կողմից նիստին չներկայանալու միջոցով հանձնաժողովի բնականոն գործունեությունն արհեստականորեն խոչընդոտելու վտանգ:

4. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, պատգամավորը, խմբակցությունը և Կառավարությունը՝ վերացնելով շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու պահանջը:

Այս կապակցությամբ գտնում ենք, որ մինչև առաջին ընթերցումը պատգամավորները օրենքի նախագծի ցանկացած դրույթի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու իրավունք և բավարար հնարավորություն ունեն: Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված գործող իրավակարգավորումը պատգամավորներին հնարավորություն է տալիս գրավոր առաջարկներ ներկայացնելու Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ՝ ելնելով այն տրամաբանությունից, որ նախքան օրենքի նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումը պատգամավորն ունեցել է նախագծի ցանկացած դրույթի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկ ներկայացնելու հնարավորություն: Այս առումով անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ օրենքի նախագծի 1-ին և 2-րդ ընթերցումներն ինքնանպատակ չեն, և դրանց միջև առկա ընթացակարգային տարբերությունները պայմանավորված են յուրաքանչյուր փուլի առանձնահատկությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասը թողնել անփոփոխ:

5. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 121-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-րդ մասով, համաձայն որի՝ իրավասու մշտական հանձնաժողովի կողմից իրականացվող խորհրդարանական վերահսկողության արդյունքներով գլխադասային հանձնաժողովի նախագահը կարող է առաջարկել խմբակցությանը գրավոր հարցապնդումներով դիմելու կառավարության անդամին: Առաջարկը ներկայացվում է Ազգային ժողովում գործող բոլոր խմբակցություններին միաժամանակ:

Առաջարկվող կարգավորմանը հարկ ենք համարում անդրադառնալ Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու՝ Ազգային ժողովի խմբակցությունների՝ սահմանադրական իրավունքի իրացման ընթացակարգի համատեքստում:

Այսպես, Օրենքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  խմբակցություններն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ խմբակցությունը Կառավարությանը գրավոր հարցապնդումով դիմելու իրավունքն իրականացնում է իր որոշմամբ:

Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ խմբակցության կանոնադրությամբ սահմանվում է խմբակցության կողմից Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու ընթացակարգը:

Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ Օրենքը, խմբակցությունների՝ գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունքն ամրագրող սահմանադրաիրավական նորմերին համապատասխան, սահմանել է Խմբակցությունների կողմից այդ իրավունքը սեփական հայեցողությամբ, իրենց իսկ որոշմամբ իրացնելու հնարավորություն՝ որպես լրացուցիչ երաշխիք նախատեսելով նաև գրավոր հարցապնդումներով դիմելու ընթացակարգը յուրաքանչյուր խմբակցության կանոնադրությամբ սահմանելու հնարավորություն:

Ավելին, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ներկայացված են մշտական հանձնաժողովներում, ուստի խմբակցությունը, տեղյակ լինելով հանձնաժողովներում քննարկվող նախագծերից և հարցերից, կարող է գրավոր հարցապնդումներով դիմել Կառավարության անդամներին՝ առանց հանձնաժողովի նախագահի առաջարկության:

Հետևաբար, գտնում ենք, որ գրավոր հարցապնդումներով կառավարության անդամին դիմելու առաջարկով հանդես գալու՝ գլխադասային հանձնաժողովի նախագահի՝ Նախագծով առաջարկվող իրավասություն նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է:

6. Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է մշտական հանձնաժողովների՝ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում իրականացվող լիազորությունները լրացնել նոր լիազորությամբ, համաձայն որի՝ մշտական հանձնաժողովները յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 1-ը ներկայացնում են եզրակացություններ կառավարության կողմից նախորդող տարվա ընթացքում կառավարության ծրագրի՝ մշտական հանձնաժողովի իրավասությանը վերաբերող բնագավառների կատարողականի վերաբերյալ:

Նախևառաջ, հարկ է նշել, որ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույց ներկայացնելու և այն քննարկելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի /այսուհետ՝ Օրենք/ Օրենքի 127-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ Կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց:

Այս կապակցությամբ գտնում ենք, որ թե՛ Կառավարության կողմից իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց ներկայացնելու, թե՛ դրա վերաբերյալ մշտական հանձնաժողովների կողմից եզրակացություններ ներկայացնելու համար միևնույն՝ յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը ժամկետի ամրագրումը խնդրահարույց է՝ հաշվի առնելով այն, որ հանձնաժողովների եզրակացությունները ենթադրաբար պետք է հիմնվեն հենց զեկույցի գնահատման արդյունքների հիման:

Ուստի, մշտական հանձնաժողովների կողմից խորհրդարանական վերահսկողության շրջանակներում կառավարության ծրագրի կատարողականի գնահատման լիազորության անխոչընդոտ և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Նախագծով առաջարկվող կարգավորման փոխարեն առաջարկում ենք նախատեսել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը Ազգային ժողով ներկայացնելուց հետո միայն մշտական հանձնաժողովներում քննարկելու վերաբերյալ կարգավորում:

Բացի այդ, առաջարկում ենք իրավասու հանձնաժողովից բացի այլ մշտական հանձնաժողովներում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը քննարկել ըստ անհրաժեշտության՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ կոնկրետ մշտական հանձնաժողովում հիշյալ զեկույցի քննարկման անհրաժեշտությունը կարող է արդեն իսկ սպառված լինել՝ այլ հանձնաժողովներում զեկույցի քննարկման շրջանակներում:

Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Կառավարության՝ նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում զեկույցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում՝ առանց որևէ փաստաթղթի ընդունման: Այլ մշտական հանձնաժողովներում զեկույցը կարող է քննարկվել ըստ անհրաժեշտության»:»

Ըստ 7-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման՝ գործող օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է 4-րդ կետով՝ «4) յուրաքանչյուր տարի՝ մինչեւ մարտի 1-ը կազմում են ամփոփաթերթ՝ գույքագրելով նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովի օրակարգերում ընդգրկված նախագծերը: Ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում հանձնաժողովն իր որոշմամբ, ըստ բնագավառների հրավիրում է կառավարության ներկայացուցիչներին ընդունված նորմատիվ իրավական ակտերի իրականացման ապահովման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու նպատակով: Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել՝ ամփոփաթերթի, հաշվետվության եւ այլ փաստաթղթերի հիման վրա յուրաքանչյուր տարի հանձնաժողովի գործունեության ռազմավարություն ընդունելու վերաբերյալ:», այդ առումով հարկ ենք համարում նշել, որ խորհրդարանական վերահսկողության ծավալն ու բովանդակությունը չի կարող անսահման և վերացական լինել, քանի որ դրա շրջանակներն արդեն իսկ ուրվագծված են սահմանադրի կողմից: Հակառակ պարագայում՝ տարածական մեկնաբանությամբ առաջնորդվելով, ցանկացած լրացուցիչ վերահսկողական գործիքակազմ հնարավոր կլինի վերապահել Ազգային ժողովին կամ դրա որևէ մարմնի՝ շեղվելով խորհրդարանական վերահսկողության սահմանադրական իմաստից:

7. Նախագծի 8-րդ և 9-րդ հոդվածներով, համապատասխանաբար, առաջարկվում է նախատեսել Ազգային ժողովի խմբակցության և հանձնաժողովի խորհրդականի պաշտոններ: Մինչդեռ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդականի և Ազգային ժողովի խմբակցության խորհրդականի պաշտոններ:

Այս կապակցությամբ առաջարկում ենք վերը նշված Նախագծերով նախատեսված կարգավորումները համապատասխանեցնել միմյանց:

8. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է գործող օրենքում լրացնել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդականի, Ազգային ժողովի խմբակցության խորհրդականի պաշտոնները:

Որպես առաջարկվող կարգավորման հիմնավորում՝ ներկայացվում է մշտական հանձնաժողովների և ԱԺ խմբակցությունների կողմից կատարվող աշխատանքների և կայացվող որոշումների արդյունավետության բարձրացումը: Միաժամանակ նշվում է, որ համանման փորձ առկա է Իռլանդիայիում և Անգլիայում, իսկ խորհրդականի պաշտոնը փորձագետի պաշտոնից տարբերվելու է իր հայեցողական բնույթով և առավելապես ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը:

Այս կապակցությամբ գտնում ենք, որ Նախագծով հիմնավորված չէ, թե հանձնաժողովի փորձագետների կողմից իրենց պարտականությունները կատարումն ինչու բավարար չէ պատգամավորների կողմից արդյունավետ քաղաքական որոշումներ կայացնելու համար:

Այս առումով պետք է նշել, որ պետական կառավարման համակարգում քաղաքական որոշումների կայացման ժամանակ մեծապես կարևորվում է նաև հանրային (պետական) ծառայության պաշտոն զբաղեցնողների կողմից մասնագիտական վերլուծությունները և առաջարկությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդականի և Ազգային ժողովի խմբակցության խորհրդականի պաշտոններ նախատեսելու անհրաժեշտությունը բավարար չափով հիմնավորված չէ և չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված՝ պետական կառավարման  համակարգի բարեփոխումների քաղաքականությունից, որի հիմքում ընկած է պետական գերատեսչությունների կրկնվող գործառույթների, պետական կառավարման ուռճացված համակարգի մարմինների և հանրային ծառայողների չարդարացված ծավալի կրճատման արդյունքում պետական կառավարման ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացման տրամաբանությունը:

Ինչ վերաբերում է այդ պաշտոնների համար Նախագծով առաջարկվող գործակիցների հիմնավորմանը (աշխատաշուկայից առավել արհեստավարժ մասնագետների ներգրավման հնարավորություն), ապա այս առումով հարկ է նկատի ունենալ, որ վարձատրության համակարգում գործակիցների սահմանման հիմքում օրենսդրի կողմից դրվել է որոշակի տրամաբանություն: Մասնավորապես, այդ գործակիցները սահմանված են ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված պարտականությունների և պատասխանատվության շրջանակի:

Հարկ է նշել նաև, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդականի և Ազգային ժողովի խմբակցության խորհրդականի համար Նախագծով առաջարկվող աշխատավարձի գործակիցները 6 սահմանելու վերաբերյալ որևէ հիմնավորում ներկայացված չէ՝ այդ թվում լրացվող հաստիքների լիազորությունների և պարտականությունների մասով:

Հարկ է անդրադառնալ Օրենքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի խմբագրությանը՝ «փորձագետները քաղաքացիական ծառայողներ են» կարգավորման մասով։ Այս կարգավորումն իր տեղն է գտել 2020 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-46-Ն սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածում։ Եվ ուժի մեջ է մտնելու 2020 թվականի նոյեմբերի 30-ից: Կարգավորումները և դրանց ուժի մեջ մտնելու տարաժամկետումը բխում է Քաղաքացիական ծառայության համակարգին անցում կատարելու սահունությունն ապահովելու նպատակից և անմիջականորեն կապված է Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերու­թյունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև Աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման հետ, որի համար նախատեսվող ժամկետը՝ նույն օրենքի համաձյան 2020 թվականի նոյեմբերի 30-ն է։ Այսինքն, նախ իրավատեխնիկական առումով ՀՕ-46 օրենքի դրույթները հնարավոր չի լինի ինկորպորացնել Օրենքում, երկրորդ՝ անհրաժեշտ կառուցակարգեր և առանձնահատկություններ սահմանող օրենքը դեռևս չի ընդունվել։ Այսպիսով, Օրենքի 162-րդ հոդվածի 3-րդ մասում խմբագրություն նախատեսելիս պետք է հաշվի առնել նույն դրույթի ՀՕ-46-Ն օրենքով արդեն իսկ խմբագրված սակայն դեռևս ուժի մեջ չմտած դրույթները։

9. Նախագծերում պահպանված չեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված օրենսդրական տեխնիկայի կանոնները: Մասնավորապես, ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով լրացվող 12-րդ կետի ենթակետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին: Նախագծի 2-րդ հոդվածում «ավելացնել» բառն ահնրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները: Նախագծի 9-րդ հոդվածի «վերաշարադրել հետևյալ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «շարադրել նոր» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «փոխել» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոխարինել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:


            Հարգանքով՝            

                                     ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ