«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-570-15.04.2020-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

 «Պետական սահմանի մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքում լրացում­ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նախատեսվում է Օրենքի 14-րդ հոդվածը «սահմանային» բառից հետո լրացնել «ավտոտրանսպորտային» բառով, որի արդյունքում ստացվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի հետևյալ ձևակերպումը. «Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային, ավտոտրանսպորտային, սանիտա­րա­հիգիենիկ և հակահամաճարակային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերա­հսկո­ղության և մաքսային հսկողության:»:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել նոր մասով, ըստ որի՝ «Պետական սահմանի անցման կետերում ավտոտրանս­պոր­տային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրակա­նաց­նում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ պետական սահմանին վերահսկողություն իրականացնելու լիազորությունից անհիմն զրկվել է տրանսպորտի բնագավառում վերա­հսկո­ղություն իրականացնող տեսչական մարմինը, մինչդեռ տեսչական մարմնի լիազո­րու­թյունները լիարժեք և ամբողջ ծավալով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ տես­չական մարմինը պետական սահմանին նույնպես իրականացնի ավտոտրանս­պոր­տային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է, որպեսզի առանձնացվեն տարածք և շինություն տվյալ վերահսկողության իրականացման համար:

Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2018 թվականի մարտի 23-ին ընդուն­վել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Տեսչա­կան մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքները, որոնց համաձայն՝ տեսչական մարմինները սահմանվել են որպես կառավա­րու­թյանը ենթակա մարմիններ: «Պետական կառավար­ման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում են տեսչական մարմինները, այդ թվում՝ Քաղաքա­շի­նության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որի ստեղծումից հետո դադարել են գործել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տրանսպորտային պետական տեսչությունը, Հայաստանի Հանրապե­տու­թյան էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգե­տի­կայի պետական տեսչությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակ­ների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտան­գու­թյան տեսչությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի քաղա­քաշինա­կան պետական տեսչությունը, և դրանց կողմից վերահսկվող բնագավառների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությունը վերապահվել է հիշյալ տեսչական մարմնին: Արդյունքում, անհամապատասխանություններ են առաջացել նշված բնագավառ­ներում վերահսկողությունը սահմանող օրենքներում՝ կապված բնագավառում քաղաքակա­նու­թյուն իրականացնող մարմինների և վերահսկողություն իրականացնող մարմնի լիազորու­թյունների սահմանազատման հետ: Այդ առումով, Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողով է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան կողմից մշակված նախագծերի փաթեթ, որում ներառված օրենքներում նախա­տեսվում է կատարել փոփոխու­թյուններ և լրացումներ՝ համապատասխան մարմինների և/կամ դրանց ղեկավարների լիազորությունները հստակեցնելու նպատակով՝ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին վերապահելով վերահսկողական բնույթի լիազորությունները: Հիշյալ նախագծերի փաթեթում ներառված է նաև «Տրանս­պորտի մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքում փոփոխություն­ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում են Տրանսպորտի բնագավառում վերահսկողու­թյուն իրականացնող տեսչական մարմնի վերաբերյալ դրույթներ, ինչպես նաև հստակեցվում են վերջինիս լիազորությունները:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Տրանս­պորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն­ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝

1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տրանս­պորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվու­թյուն­ների պահանջների կատարման նկատմամբ.

2) կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ տրանս­պորտի բանագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման համար.

3) կատարում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդ­վածի 10-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքա­շինու­թյան, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնա­դրու­­թյունը, որի 11-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ տեսչական մարմինը տրանս­պորտի բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները՝

1) տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման վերահսկո­ղության իրականացում.

2) իր իրավասության սահմաններում իրականացնում է ավտոմոբիլային տրանս­պորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվու­թյուն­ների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

3) երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխ­նի­կական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում տեխնի­կական վերահսկողության իրականացում, այդ թվում նաև` տրանսպորտային պատա­հար­ների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտան­գության կանոն­ների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննություն և հաշվառում.

4) երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտան­գու­թյան ոլորտում բնապահպանական անվտանգության, բնական և տեխնածին բնույթի արտա­­կարգ իրավիճակների կանխատեսման և վերացման, երկաթուղային տրանսպորտի գործունեու­թյան հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման պահանջների կատար­ման նկատմամբ պետական հսկողության իրականացում.

5) երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում.

6) երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակեր­պու­թյուն­ներում երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտան­գու­թյան պահանջների պահպանության, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի ու բեռնարկ­ղերի տեխնիկական վիճակի, ինչպես նաև բեռնատար վագոնների ու բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կատարման ստուգում:

Հետևապես, հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծում հստակեցման կարիք ունի, թե պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության կոնկրետ որ պահանջների պահպանման նկատմամբ է իրականացվելու ավտոտրանս­պորտային վերահսկողություն, քանի որ «ավտոտրանսպորտային օրենսդրությունը» շատ ավելի լայն հասկացություն է: Այդ առումով նախագծում հստակեցման կարիք ունեն նաև պետական սահմանի անցման կետերում «ավտոտրանսպորտային օրենսդրության» պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը:

Բացի այդ,  բավարար չափով հիմնավորված չէ նախագծի ընդունման նպատակը, քանի որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված չեն կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը, կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը և այլն, ինչը հնարավորություն կտա լիարժեք կերպով գնահատելու նախագծով առաջարկվող կարգավորումները: Այդ առումով նախագծի ընդունման հիմ­նավորումն անհրաժեշտ է լրամշակել և ներկայացնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջ­ներին համապատասխան, քանի որ հիմնավորման միջոցով նախագիծը մշակող պետա­կան մարմինը պարզաբանում է իրավական ակտի ընդունման նպատակը, կարգավորման անհրաժեշտությունը, կարգավորման համար ընտրված եղանակի նպատա­կահարմարու­թյունը, պարզաբանում է նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպա­տակը, իրավական ակտի ընդունմամբ ակնկալվող արդյունքները: Նորմատիվ իրա­վական ակտի ընդունման հիմնավորմանն առավել խիստ բովանդա­կային պահանջ­ներ են առաջադրվում, մասնավորապես օրենքների պարագայում` հաշվի առնելով դրանցով կարգավորվող հասարակական հարաբերությունների բնույթը և այդ ակտերի տեղն իրա­վական ակտերի համակարգում: Նորմատիվ իրավական ակտի ընդուն­ման հիմնավորման բովանդակության մեջ պետք է նկարագրվեն գործող օրենս­դրական դաշտը, առկա իրավական կարգավո­րում­ները, կարգավորման ենթակա հարաբերությունների ոլորտում գործնականում առկա խնդիրները, հնարավոր օրենս­դրական բացերը, տվյալ բնագավառում իրականացվող պետական քաղաքա­կանությունը:

            Միաժամանակ Նախագծի ընդունումը նպատակահարմար չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապա­հով­ման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության շրջա­նակ­ներում Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել Հայաս­տանի Հանրա­պե­տության սահմանի անցման կետերում գործող պետական կառա­վար­ման մարմինների միջև փոխգործակցությունն իրականացնել եվրոպական չափանիշ­ներով, որոնց համաձայն պետական սահմանի անցման կետերում ավտոտրանս­պոր­տային վերահսկողության գործառույթ  սահմանված չէ:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետե­րում ավտոտրանսպորտային վերահսկողության գործառույթների իրականացման համար պայման­ներ ստեղծելով կխաթարվեն Հայաստանի Հանրապետության պետական սահ­մանի անցման կետերի տեխնոլոգիական սխեման, ռեժիմը, լիազոր մարմինների գոր­ծառույթները, ինչպես նաև «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով նախատեսված ներդաշնակությունը:

Միաժամանակ, տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմո­բիլային անցման կետերում գործառույթների իրականացումը կգերազանցի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 702-Ն որոշման 3-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված հոսքուղիներում գտնվող տրանս­պորտային միջոցների, ինչպես նաև առանց իջեցման անձանց նկատմամբ սահմանային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարա­կան վերահսկողություն­ների և մաքսային հսկողության վրա ծախսվող ժամանակը:

Նախագիծն ունի լրացուցիչ քննարկման կարիք, հիմք ընդունելով այն հանգա­մանքը, որ ներկայումս իրականացվում են համապատասխան աշխատանքներ՝ պետա­կան սահմանային հսկողություն իրականացնող մարմինների աշխատանքները կոոր­դինացնելու ուղղությամբ՝ սահմանների համալիր կառավարման, այդ թվում՝ պետա­կան սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» հայեցակարգի շրջա­նակ­ներում, ինչը ենթադրում է սահմա­նա­հատման գործընթացի պարզեցում և դյու­րինացում, ինչպես նաև մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանս­պորտային միջոցների մաքսային ձևակեր­պումների ժամանակահատվածի կրճատում, այդ թվում՝ տեղեկատվության փոխա­նակ­ման էլեկտրո­նային հարթակի ստեղծման ճանապարհով: Հետևաբար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխ­նի­կական և հրդե­հային անվտանգության տեսչական մարմնին Հայաստանի Հանրա­պետության սահմա­նային անցակետերում շուրջօրյա հերթափոխային աշխատանքային ռեժիմով վերահսկո­ղական գործառույթների իրականացման լիազորություն վերա­պա­հելու իրավասությունն օրենսդրորեն ամրագրելու հարցը նպատակահարմար ենք գտնում քննարկել նշված հայեցակարգի ամրագրմանն ուղղված գործողությունների ծրագրի շրջանակներում:

Միաժամանակ, հայտնում ենք, որ ներկա պահին իրականացվում են պետական սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական ներդրման ուղղությամբ աշխատանքներ, որոնց շրջանակներում քննարկվում է նաև սահմա­նային գերատեսչությունների թվաքանակի կրճատման հարցը՝ լիազորությունների պատ­վի­րակ­ման սկզբունքով, ինչից ելնելով սահմանին խնդրո առարկա հսկողության իրականաց­ման անհրաժեշտության դեպքում, հարցը կարող է կարգավորել համա­պա­տասխան լիազորությունը ներկայումս սահմանային հսկողություն իրականաց­նող որևէ գերատեսչու­թյանը պատվիրակելու միջոցով:

Հիմք ընդունելով վերոգրյալ հիմնավորումները, առաջարկում ենք ձեռնպահ մնալ օրենքում առաջարկվող փոփոխություններից:

Նախագծի ընդունմամբ կարիք կառաջանա լրացումներ և փոփոխություններ կատա­րել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաս­տանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» N 702-Ն որոշ­ման մեջ: