ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (Պ-581-20.04.2020-ՏՀ-011/1) (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

1. Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված ցանկում լրացվող գործունեության տեսակների մի մասը հիմնականում ձեռնարկատիրական բնույթի են, հետևաբար նպատակահարմար է, որպեսզի ֆիզիկական անձինք նմանատիպ գործունեության տեսակներն իրականացնեն որպես անհատ ձեռնարկատեր։ Ըստ այդմ, առաջարկվող գործունեության տեսակների ցանկից անհրաժեշտ է հանել գործունեության այն տեսակները, որոնք չեն բնութագրվում որպես գործունեության պարզունակ տեսակներ։ Մասնավորապես, առաջարկում ենք Նախագծից հանել ներտնային վերանորոգման աշխատանքների իրականացման, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման համակարգերի վերանորոգման ու մոնտաժի, ինչպես նաև էլեկտրական լարերի ներտնային մոնտաժի ու սպասարկման գործունեության տեսակները` հաշվի առնելով նաև նշված ծառայությունների մատուցման համար կիրառվող բարձր գները: Հակառակ դեպքում գործարքները փաստաթղթավորելու, եկամուտները վերահսկելու առումով նույն գործունեությունն իրականացնող` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար կստեղծվեն գործունեության անհավասար պայմաններ: Բացի այդ, գործունեության վերոնշյալ տեսակները Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված ցանկում ներառելը տնտեսական խթան կձևավորի համապատասխան գործունեության տեսակներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ որպես վարձու աշխատող գրանցված ֆիզիկական անձանց արտահոսքին դեպի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ, ինչը մի կողմից կհանգեցնի եկամտային հարկի գծով պետական բյուջե հավաքագրվող եկամուտների նվազեցմանը, իսկ մյուս կողմից՝ ռիսկեր կառաջացնի տվյալ ծառայությունների ստանդարտի բարելավման և որակի պատասխանատվության ինստիտուցիոնալացման տեսակետից։  

2. Առաջարկում ենք ներդնել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որպեսզի պասիվ եկամուտներ (մասնավորապես՝ վարձակալական վճար, տոկոս (բացառությամբ սպասարկող բանկի բանկային հաշվին հաշվեգրվող տոկոսների), ռոյալթի) ստացող անձինք չհամարվեն միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ՝ հաշվի առնելով այն, որ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի ներդրումը նպատակ է ունեցել նպաստել տնտեսության իրական հատվածում գործունեության պարզունակ տեսակներով զբաղվող և սահմանափակ իրացման շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների ձեռնարկատիրական գործունեությանը, և այս համակարգի ներդրմամբ պասիվ եկամուտները հարկումից ազատելու նպատակ չի հետապնդվել: 

3. Առաջարկում ենք Նախագծով նախատեսել, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից: 

4. Առաջարկում ենք քննարկել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակները տնտեսական գործունեության տեսակների դասակարգչով դասակարգելու նպատակահարմարության հարցը: 

5. Առաջարկում ենք հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝  

1) 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և նկատի ունենալով, որ Նախագծով առաջարկվում է կատարել միայն մեկ փոփոխություն՝ Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծի բովանդակությանը, 

2) 23-րդ հոդվածում սահմանված կարգավորումները՝ Նախագծի 2-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակման օրվանից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից» բառերով:

Միաժամանակ, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում և իր պատրաստակամություն է հայտնում աջակցելու Նախագծի հետագա լրամշակման աշխատանքներին։      

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ