ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

                                   Հարգելի պարոն Գալստյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Պ-584-20.04.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է.

1) օրենքի  գործողությունը տարածել 2020 թվականի ապրիլի 21-ից ծագող հարաբերությունների նկատմամբ հաշվի առնելով, որ հարկային պարտավորությունները ժամկետանց են համարվում պարտավորությունների կատարման համար օրենսգրքով սահմանված վերջնաժամկետից հետո,

2) նախագծի 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «2020 թվականի ապրիլի 20-ից հետո» բառերը փոխարինել «2020 թվականի ապրիլի 21-ից» բառերով,

3) Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող» բառերը փոխարինել «2020 թվականի ապրիլի 21-ից» բառերով,

4) համապատասխան փոփոխություն նախատեսել սոցիալական վճարի գծով ժամկետանց պարտավորությունների մասով հաշվարկվող տույժի չափի մասով, հաշվի առնելով, որ եկամտային հարկը և սոցիալական վճարները հաշվառվում են հարկային մարմին ներկայացվող նույն` եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների հիման վրա: Կից ներկայացվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Հարգանքով՝

                                                              էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ

 

   

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 71-րդ հոդվածի 1-ին մասում «0.075» թիվը փոխարինել «0.04» թվով։

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և տարածվում է 2020 թվականի ապրիլի 21-ից ծագած հարաբերությունների վրա։

2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Օրենքի 71-րդ հոդվածով սահմանված տույժը գործատուն (հարկային գործակալը) վճարում է 0.04 տոկոսի չափով, այդ թվում` նաև այն դեպքում, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը: