«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-587-23.04.2020-ՊԻ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Հոդված 1.  Նախագծի 4-րդ հոդվածում

  • «Արտակարգ դրություն» բառերից առաջ լրացնել «արտակարգ իրավիճակի հիմքով» բառերը:

Հոդված 2. Նախագծի 6-րդ հոդվածում

  • հանել «իսկ տվյալ պահին այն գրավոր անհնարինության դեպքում բանավոր կարգադրությամբ» բառերը,
  • հանել «Սույն մասով սահմանված դեպքում տրված բանավոր կարգադրությունը հասցեատիրոջ բանավոր և գրավոր պահանջով ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջը ստանալուց հետո`մեկ աշխատանքային օրվա ընթացքում» նախադասությունը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Նախագծի 4-րդ հոդվածին վերաբերող առաջարկները պայմանավորված են բացառապես ժողովրդավարական սկզբունքների պահպանմանն և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացման ազատության երաշխավորմանն ուղղված պետության պոզիտիվ պարտականությամբ: ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Ժողովրդավարական երկրներում անթույլատրելի է, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ այդ որոշմամբ նախատեսված դեպքերում՝ պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացման համար ներգրավվեն պետական կառավարման համակարգի այլ մարմինները և պետության կողմից հիմնադրված կամ պետության մասնակցությամբ կազմակերպությունները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ միջոցառումներն իրականացնելով որպես պատվիրակված լիազորություն, բացառությամբ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքերին, քանզի ընդունելի է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ պայմանավորված օբյեկտիվ հանգամաներով հաճախ ծագում է պետական ռեսուրսների`այդ թվում օժանդակող անձնակազմի լրացման կարիք:

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-5871-23.04.2020-ՊԻ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿ

Առաջարկում ենք նախագծերի փաթեթից հանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» (Կ-5871-23.04.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է, թե որ նորմատիվ-իրավական ակտերը ենթակա չեն փորձաքննության: Ավելին՝հոդվածի 1-ին մասը արդեն իսկ նշում է, որ թե՛ արտակարգ, թե՛ ռազմական դրություն հայտարարելու նախագծերը ենթակա չեն փորձաքննության: Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը նշում է, որ տվյալ օրենքի իմաստով փորձաքննությունը պետական-իրավական փորձաքննությունն է, որի իրականացվում է Սահմանադրությանը և Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին նորմատիվ իրավական ակտի նախագծի համապատասխանությունը որոշելու նպատակով: Մինչդեռ սույն նախագծով առաջարկվում է փորձաքննության չենթարկել ոչ միայն արտակարգ դրության, այլև ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում սահմանափակումների կիրառմանը և միջոցառումների իրականացմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, ինչը անընդունելի է, քանզի ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածը սահմանում է, որ «Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:», ինչին ի լրումն 78-րդ հոդվածի համաձայն. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:»

Անհրաժեշտ է նաև չմոռանալ, որ Սահմանադրության 79-րդ հոդվածն էլ անդրադառնում է այն հանգամանքին, որ «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:» Պետաիրավական փորձաքննությունը իրականացվում է հենց այն նպատակով, որպեսզի սահմանափակումները չկատարվեն Սահմանադրությանը հակասող եղանակով, պահպանվի որոշակիության և համաչափության սկզբունքները, չխախտվեն մարդու իրավունքները և ազատությունները, ինչու ոչ՝բացառվի Սահմանադրական կարգի տապալումը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝գտնում ենք, որ նախագծերի փաթեթից պետք է հանել Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» (Կ-5871-23.04.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: