«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-612-13.05.2020-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ նախագծեր) նախատեսվում են դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու վերաբերյալ նոր կարգավորումներ, մասնավորապես՝       

«1. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝    

առաջացնում  է նախազգուշացում:    

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը կատարելու համար նախազգուշացում կիրառելուց հետո՝ 30 օրվա ընթացքում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից համապատասխան խախտումը չվերացնելը՝        

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:        

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «Ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող դեղատների «կանաչ խաչ» գովազդային լուսատախտակը և «դեղատուն» վերտառությամբ գովազդային վահանակը, վարորդների կողմից նույնացվելով տրանսպորտային երթևեկությունը կարգավորող լուսացույցների կանաչ լույսի հետ, երթևեկության ընթացքում շփոթություն են առաջացնում, և հաճախ դառնում վթարային իրավիճակի պատճառ: Նշված խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ՝ միաժամանակ ապահովելով դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջների կամ պայմանների կատարման ապահովումը՝ վարչական պատասխանատվություն սահմանելու միջոցով:    

Ըստ նախագծի հեղինակների՝ նախագծի ընդունման դեպքում կբացառվեն վարորդների՝ գովազդային լուսատախտակների և տրանսպորտային լուսացույցների նույնացմամբ պայմանավորված իրավախախտումները, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման հնարավորությունները կնվազեն:»:  

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդհանուր առմամբ կարևորելով նախագծի հիմնավորմամբ վկայակոչված գովազդային լուսատախտակների և տրանսպորտային լուսացույցների նույնացմամբ պայմանավորված իրավախախտումների և ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման հնարավորությունների նվազեցման անհրաժեշտությունը՝ ներկայացնում  է նախագծի վերաբերյալ հետևյալ դիտարկումները՝   

1. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 3.1-ին կետով, համաձայն որի՝ լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել՝ լիցենզավորված անձի կողմից օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, համապատասխան խախտումը չվերացնելու դեպքում:»  

Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, որ նախագծի հեղինակները նպատակ են հետապնդում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում պարտադիր պահանջները և պայմանները խախտելու դեպքում նախատեսել նախազգուշացում, այնուհետև սահմանված ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում՝ տուգանքի նշանակում, իսկ նույն խախտումը սահմանված ժամկետում կրկին չվերացնելու դեպքում քննարկվում է լիցենզավորման ենթակա գործունեության կասեցման հարցը:        

Վերոգրյալի կապակցությամբ նախ հարկ է նշել, որ նախագծով ներկայացված խմբագրությունից պարզ չէ, թե «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսված պատասխանատվության որ միջոցի (նախազգուշացում, տուգանք) կիրառումից հետո կատարված խախտման դեպքում է նախատեսվելու լիցենզիայի գործողության կասեցումը:      

Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հիշյալ դրույթը վերաբերելու է ոչ միայն դեղատնային գործունեությանը, այլ լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր տեսակներին: Մինչդեռ հիմնավորմամբ ընդհանրապես անդրադարձ չի կատարվել վերը նշված հարցին, վերլուծություն և ուսումնասիրություն չի իրականացվել պարզելու համար, արդյոք նոր լրացվող դրույթը խնդրահարույց չէ լիցենզավորման ենթակա գործունեության մյուս տեսակների համար:          

Մասնավորապես, հիշյալ կարգավորման նախատեսումը կարող է խնդրահարույց լինել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով կարգավորվող հարաբերությունների տեսանկյունից, քանի որ նշված օրենքներով նախատեսվում է, որ լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով:      
Ուստի առաջարկում ենք նախագիծը խմբագրել և նրանով նախատեսված դրույթները կոնկրետացնել ու տարածել միայն առողջապահության ոլորտի լիցենզավորված սուբյեկտների վրա:        

2. Անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված այն դրույթին՝ համաձայն որի օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը, հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:     

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետությունում օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո:

3. Նախագծում առկա են նաև իրավական տեխնիկայի կանոնների խախտումներ: Այսպես՝        

1) «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման պարագայում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել նաև «Լիզենզավորման մասին» Հայաստանի Հանրապետությունում օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում. 

2) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությունում օրենքի նախագծով լրացվող 158.1-ին հոդվածի վերաբերյալ առաջարկում ենք «լիցենզիա ստացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռարկատեր» եզրույթը փոխարինել «լիցենզավորված անձ» եզրույթով՝ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված հասկացության:   

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերն ունեն խմբագրման կարիք՝ առաջարկությամբ բարձրացված խնդիրների համատեքստում:  

Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացված նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա՝        

1) փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 3 հավելվածում, 

2) լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման N  2 հավելվածում՝ «Դեղատնային գործունեություն»  2.1-ին ստուգաթերթում։