«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-583-20.04.2020-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջի գումարը չի գերազանցում 3 մլն դրամը:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված պետական մարմինների կողմից սնանկության դիմում կարող է չներկայացվել, եթե առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2020 թվականի ապրիլի 22-ի N ՀՕ-220-Ն օրենքի կարգավորումները՝ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում որոշակի ժամկետով պարտապանին սնանկ ճանաչելուց ձեռնպահ մնալու կարգավորում նախատեսելը տրամաբանական է և, հաշվի առնելով նաև, որ նկարագրված խնդրի նախագծով կանոնակարգվող հարաբերությունների կարգավորումը կրելու է ժամանակավոր բնույթ, հնարավոր է այն լուծել նաև Հայաստանի Հանրապետու-թյան կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին» N 1517-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու եղանակով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է նաև, որ առավել հիմնավորված կարող է համարվել ոչ թե առաջարկվող կարգավորումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար նախատեսելը, այլ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված սնանկության հիմքերի (պարտավորության չափի մասով) վերանայումը բոլոր պարտատերերի համար:

Բացի վերոնշյալից, առաջարկում ենք նախագծի`

1) 1-ին հոդվածով նախատեսված գումարի սահմանաչափը 3 մլն դրամի փոխարեն սահմանել 2 մլն դրամը.

2) 2-րդ հոդվածով նախատեսված օրենքի գործողության ժամկետին վերաբերող դրույթը հանել: