ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան
                                      

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 18.06.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-609-08.05.2020,15.06.2020-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու համար.        

1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1) Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ նախատեսվում է Օրենքի վերնագիրը «տեղական վճարի» բառերից հետո լրացնել «ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերով: Այդ առումով առաջարկում ենք նախագծի վերնագրում հստակեցնել, թե կոնկրետ որ գործերի մասին է խոսքը՝ հաշվի առնելով նախագծով նախատեսված հետագա կարգավորումները, քանի որ նման ձևակերպման պարագայում վերնագրում չի երևում, թե որ «գործերին» է խոսքը վերաբերում:        

Նույն հոդվածում «վերնագիրը «տեղական վճարի» բառերից հետո լրացնել հետևյալ բառերով. «ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»:» բառերն անհրաժեշտ է փոխարինել «վերնագիրը «տեղական վճարի» բառերից հետո լրացնել «ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերով» բառերով:

2) Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել «հետևյալ» բառը, իսկ «բառերը» բառն անհրաժեշտ է նախատեսել «բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործելու և այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքերի, երբ ավտոկայանատեղի վճարը համայնքի ավագանու որոշմամբ կարող է սահմանվել այլ դրույքաչափերով: Ավտորանսպորտային միջոցը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու և այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման փաստը կարող է հիմնավորվել ավտոկայանատեղում կայանման, ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ համայնքի կողմից անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի (նկարահանող, տեսանակարահանող, ձայնաազդանշանային համակարգերի, սարքերի և այլն) կողմից իրականացված հսկողության արդյունքում հավաքագրված փաստական տվյալների հիման վրա:» բառերից հետո՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջները: 

Նույն մասում առաջարկում ենք «կարող է սահմանվել» բառերը փոխարինել «սահմանվում են» բառերով: Միաժամանակ, նույն մասում պարզ չէ, թե համայնքի ավագանին ինչ չափանիշներով է առաջնորդվելու նախատեսված դրույքաչափերը սահմանելիս:  

Նույն դիտողությունները վերաբերում են նաև նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասին:     

Նույն մասում առաջարկում ենք հստակեցնել «ձեռնարկատիրական գործունեություն» եզրույթը՝ տարընթերցումից խուսափելու նպատակով: Հակառակ պարագայում՝ օրինակ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները, որոնք ենթադրում են նաև ապրանքների առաքման, տաքսի ծառայությունների և  այլ բիզնես գործունեության մեջ ներգրավված ավտոտրանսպորտային միջոցները ևս դասվելու են սույն կարգավորման ներքո:

Նույն դիտողությունները վերաբերում է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.7-րդ հոդվածով կատարվող լրացմանը:

Առաջարկում ենք նաև քննարկել վաճառվող կամ վարձակալությամբ տրամադրվող ավտոտրանսպորտային միջոցների համար առանձին կարգավորում նախատեսելու նպատակահարմարության հարցը, համաձայն որի՝ ավագանու որոշմամբ կսահմանվեն, առանձին գծանշումներով և կահավորմամբ նախատեսված ավտոկայանատեղիներ՝ համապատասխան դրույքաչափերով: Միաժամանակ նշված տրանսպորտային միջոցների կայանումը կարգելվի ոչ այդ նպատակով նախատեսված ավտոկայանատեղիներում:

Կարծում ենք, որ նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույքաչափերը պետք է սահմանվեն օրենքով՝ նկատի ունենալով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 2-րդ հոդվածով ամրագրված դրույթները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 185-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն՝ համայնքի ավագանին օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր։ Իսկ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է:     

Նույն հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք նախատեսել որ մարմնի կողմից է սահմանվելու Երևան քաղաքի վարչական շրջանների սույն օրենքով նախատեսվող գոտիականությունը:

3) Նախագծի 5-րդ հոդվածում «բառով» բառն անհրաժեշտ է փոխարինել «թվով» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջները:      

4) Նախագծի 6-րդ հոդվածում լրացուցիչ հիմնավորման կարիք ունի ավտոկայանատեղի վճարից ազատելու արտոնության տրամադրումը Պաշտպանության նախարարությանը և Ազգային անվտանգության ծառայությանը, ինչպես նաև գործող օրենքով նախատեսված՝ առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների միացրած լինելու պահանջը հանելը:

5) Նախագծի 7-րդ հոդվածում «16.1» թվից առաջ անհրաժեշտ է լրացնել «Հոդված» բառը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:      

Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 8-րդ հոդվածով լրացվող 16.2-16.6 հոդվածներին:  

Նույն՝ 7-րդ հոդվածում անհրաժեշտ է ապահովել մասերի հաջորդական համարակալումը, քանի որ առկա է երկու 2-րդ մաս:        

6) Նախագծի 8-րդ հոդվածով լրացվող «16.2.Ապացույցները և վարչական վարույթի փուլերը» վերտառությամբ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք լրամշակել և խմբագրել այնպես, որ առանձին վերցրած միայն լուսանկարը չհանդիսանա փաստական ապացույց:

7) Նախագծի 8-րդ հոդվածով լրացվող 16.4-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է նշել, թե վարչական ակտն ընդունելուց հետո ինչ եղանակով է ուղարկվում վարչական ակտի հասցեատիրոջը:     

8) Նախագծի 8-րդ հոդվածով լրացվող 16.5-րդ հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «հրամանով» բառը, համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջների: 

9) Նախագծի 8-րդ հոդվածով լրացվող 16.6-րդ հոդվածի վերնագրում անհրաժեշտ է խմբագրել «շրջանառությունը» բառը, քանի որ հոդվածի տեքստում խոսքը գնում է տվյալները փոխանցելու մասին:         

Նույն հոդվածի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է տվյալ համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը, այլ ոչ թե համայնքը:        

Նույն հոդվածի 1-ին մասում «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով՝ նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նույն հոդվածի 1-ին մասում պարզ չէ, թե ինչ կարգով է ապահովվելու նախագծով լրացվող դրույթների իրականացումը, մասնավորապես՝ հսկողություն իրականացնելու ընթացքում ինչպես են հայտնաբերվելու այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջների խախտումները, ում կողմից և ինչ կարգով է արարքը որակվելու որպես խախտում, ինչպես են պարզվելու, թե դրանք որ օրենքի կամ իրավական ակտի խախատման հատկանիշ են կամ արարքը պարունակում է վարչական, թե քրեական պատասխանտվություն նախատեսող հատկանիշներ: Այդ առումով գտնում ենք, որ արարքը որպես խախտում /վարչական կամ քրեական/ որակելը՝ ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ  հսկողություն իրականացնողի լիազորությունների շրջանակից դուրս է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների:         

Նույն հոդվածի 2-րդ մասում չի նշվում, թե համայնքներն ինչ կարգով են տրամադրում հասանելիություն պետական /վարչական/ մարմիններին:        

10) Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1 մասով, որի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելն արգելվում է և ենթակա է հատուկ տարածք տեղափոխման: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելու համար վարչական պատասխանատվություն նախատեսող դրույթներ նախատեսված չեն, այլ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.5 հոդվածով տուգանք է նախատեսվում առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու կամ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելու համար: Հետևապես, հաշվի առնելով վերոգրյալը, նախագծի 9-րդ հոդվածի դրույթներն անհրաժեշտ է խմբագրել:

11) Միևնույն ժամանակ առաջարկում ենք՝

ա. նախագծի ողջ տեքստում կիրառել միայն «էլեկտրոնային համակարգեր և տեխնիկական միջոցներ» բառերը՝ իրենց հոլովաձևերով, քանի որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը  էլեկտրոնային համակարգեր չեն հանդիսանում:       

բ. նախագծով նախատեսել ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլի տևողությունը, քանի որ նշված օրենքով սահմանվում են վարույթի առանձնահատկությունները, և որևէ այլ նորմատիվ իրավական ակտով ընդհանուր կարգավորում նախատեսված չէ ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլի, այդ թվում դրա ժամկետի վերաբերյալ: 

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

1) Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերով՝ հաշվի առնելով նախագծի բովանդակությունը:

2) Նախագծի 1-ին հոդվածում «1247» թիվն անհրաժեշտ է փոխարինել «124.7» թվով:        

3) Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «պարբերությունով» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասով» բառով՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին: 

    
                             
                   
          Հարգանքով՝        ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ