ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-736-16.09.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

1. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «կողմից» բառից հետո լրացնել «,բացառությամբ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդման, հետախուզման և դատվածության բացակայության մասին տեղեկանքների, որոնք ապոստիլով վավերացվում են Արտաքին գործերի նախարարության կողմից:

2. Նախագծի 3-րդ հոդվածը լրացվում է նոր մասով հետևյալ բովանդակությամբ. «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ ներկայացված պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացվում են Արտաքին գործերի նախարարության կողմից:»

3. Հանել Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ մասը՝ հաշվի առնելով, որ Նախագծի 3-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթի համաձայն պաշտոնական փաստաթուղթի վավերացումը, ի տարբերություն գործող կարգով սահմանված 2-օրյա ժամկետի, նախատեսվում է իրականացնել մեկ օրվա ընթացքում: Հետևաբար ժամկետի կրճատմամբ անհրաժեշտությունը վերանում է:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ բավանդակությամբ.

«7. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու մասին դիմումին կից ներկայացվում են դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթը, սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը:»՝ հաշվի առնելով, որ Նախագծով արդեն իսկ կրճատվել է պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար 2-օրյա ժամկետը մեկ օրով, ապոստիլի հաստատման ժամկետի կրճատման համար լրացուցիչ վճարման կատարումը հիմնավորող անդորրագրի ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է: Պետական տուրքի վճարումը կարող է կատարվել նաև հեռավար կարգով, որի դեպքում վճարման անդորրագիր ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է, որի համար անդորրագիր բառը փոխարինվում է վճարման հաստմամբ (փաստաթղթային կամ էլեկտրոնային վճարման վավերապայմանների նշումով): Մանրամասները սահմանվելու են համատեղ հրամանով:

5. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «չեն ներկայացվել փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը,»՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ժամկետի կրճատումը հավաստող վճարման անդորրագրի ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է, հետևաբար դրա բացակայությունը չի կարող հանդիսանալ դիմումի մերժման հիմք:

6. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել մեկ ամիս հետո՝ հաշվի առնելով, որ տեխնիկապես հնարավոր չէ հրապարակման պահից կիրառել օրենքի դրույթները ենթաօրենսդրական ակտերի բացակայության պայմաններում, որոնց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված:

7. Առաջարկվում է նաև հետևյալ տեխնիկական փոփոխությունները.

1) Նախագծի 3-րդ հոդվածի վերնագրում «վավերացում» բառը փոխարինել  «վավերացման գործընթաց» բառերով:

2) Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:

3) Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «հաստատված» բառը փոխարինել «վավերացված» բառով:

4) Նախագծի 7-րդ հոդվածը ավելացնել «մաս» բառը:

 

 ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ