1. Նախագծի 37-րդ հոդվածի 17-րդ կետը համարել առ ոչինչ:
  2. Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ կետում՝
  • «9» -ը փոխարինել «տասը» բառով,
  • 3-րդ կետի 1-ին մասում «չորսը» բառը փոխարինել «հինգը» բառով:
  1. Նախագծի 32-րդ հոդվածի 2-րդ կետում «նշանակվել» բառից հետո ավելացնել
    «ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ այդ պաշտոնը զբաղեցրած» բառերը:

Նախագծի 35–րդ հոդվածի 6-րդ կետի վերաբերյալ կան մտահոգություններ, որ դրանով փաստորեն ազդարարվում է ուսանողների մոտիվացման կարևորագույն պայման հանդիսացող փոխատեղման (ռոտացիա) ինստիտուտի վերացման մասին։ Ռոտացիան ուսանողին մոտիվացնելու, մրցակցային ուսումնառության, ուսանողների շրջանում բարձր առաջադիմության ապահովմանն ուղղված կարևորագույն գործիք է, որի վերացումը պետական կրթաթոշակների տրամադրման գործում արդարության սկզբունքի խախտում է և ուսանողի՝ օրենքի նախագծի 36-րդ հոդվածի 3-րդ կետի
4-րդ մասով ամրագրված իրավունքի (կրթաթոշակի իրավունք) ոտնահարում: Եթե այս մտահոգությունները տեղին են, առաջարկում եմ նախագծում նախատեսել ռոտացիայի ինստիտուտը և սահմանել դրա հիմնական կարգավորումները:

Նախագծի վերաբերյալ ստացել եմ առաջարկներ նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, որոնք ներկայացված են ստորև նշված՝ 4-9 կետերով:

  1. Նախագծի 3-րդ հոդվածում ավելացնել «ՀՀ ԳԱԱ» հասկացությունը հետևյալ խմբագրությամբ․

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա (այսուհետ ՀՀ ԳԱԱ)՝ պետության կողմից հիմնադրված ոչ առևտրային գիտական կազմակերպություն, որն ունի պետության կողմից սահմանված կարգով խորհրդատվություն տրամադրելու և հանրապետության հիմնարար հետազոտությունները համակարգելու իրավասություն։  

  1. Նախագծի 7-րդ հոդվածի՝
  • 2-րդ կետի 2-րդ մասում «Բուհի» բառից հետո ավելացնել «և/կամ ՀՀ ԳԱԱ» բառերը և վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ

Բուհի և/կամ ՀՀ ԳԱԱ հետ համատեղ ապահովում  է բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակներում կրթության իրականացումը,

  • 3-րդ կետում «համատեղ» բառից հետո «գիտական» բառը հանել կրկնության պատճառով:
  • 5-րդ կետում «կազմակերպությունը» բառից հետո ավելացնել «առնվազն հինգ տարին մեկ անգամ» բառերը և վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

Գիտական կազմակերպությունը առնվազն հինգ տարին մեկ անգամ մշակում և հրապարակում է իր ռազմավարական ծրագիրն ու ակադեմիական բարեվարքության կանոնակարգը։

  1. Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ մասը վերաշարադրել հետևյալ կերպ.

հաստատում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը և ակադեմիկոսների ու թղթակից անդամների «առավելագույն թիվը և մասնագիտությունները»։

  1. Նախագծի 25–րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին մասում «խորհուրդ» բառը փոխարինել «անձնակազմ» բառով։
  2. Նախագծի 26-րդ հոդվածի՝
  • 1-ին կետում «ինքնակառավարվող» բառից հետո ավելացնել «գիտական» բառը և վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության հիմնադրած՝ ինքնակառավարվող գիտական ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է ակադեմիական գիտական տիտղոսներ ունեցող և Հայաստանի կամ օտարերկրյա ճանաչված գիտնականներին:

  • 3-րդ կետում ավելացնել «իրականացնելով այդ կազմակերպությունների գիտա-մեթոդական ղեկավարումը» բառերը և վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

Ակադեմիան կարող է ստեղծել գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցեր` գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծմանն աջակցելու նպատակով, իրականացնելով այդ կազմակերպությունների գիտա-մեթոդական ղեկավարումը:

 

  1. Նախագծի 34-րդ հոդվածի 7-րդ կետում «բուհի» բառից հետո ավելացնել «և գիտական կազմակերպության» բառերը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  1. Ակադեմիական անձնակազմի համար պաշտոններ զբաղեցնելու տարիքային սահմանափակումները ինչպես նախագծով ամրագրված բուհական ինքնավարության սկզբունքի բաղկացուցիչ հանդիսացող մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարության խախտում են, այնպես էլ՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ, 38-րդ հոդվածներով սահմանված խտրականության, այդ թվում և տարիքային հիմքով խտրականության արգելքի, ինչպես և բուհական ինքնակառավարման սկզբունքի խախտում: Մինչդեռ նախագծում հստակ նշվում է, որ «բուհական ինքնավարություն» հասկացության ներքո նկատի է առնվում բուհի ակադեմիական և կազմակերպչական գործառույթները, այդ թվում՝ մարդկային ու ֆինանսատնտեսական ռեսուրսները կառավարելու, դրանց հետ կապված կարգավորումները ինքնուրույն սահմանելու, որոշումներ կայացնելու և իրականացնելու իրավասություններ:

Բացի այդ, 65 տարին լրացած անձին բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը մասնակցելու հնարավորության բացառմամբ զգալիորեն նվազեցնում ենք բազմամյա փորձ և հարուստ գիտելիքներ, տարիների վաստակ ունեցող մեր գիտնականների աշխատանքի և ծառայության հնարավորությունները՝ իջեցնելով դրանք ընդհուպ մինչև այն մակարդակ, որ բուհի ռեկտորը՝ ամբիոնի առաջարկությամբ, կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր 1 ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով:  Ընդ որում, այդ ձևակերպմամբ չեն սահմանվում հստակ երաշխիքներ, որ 65 տարին լրացած անձինք կշարունակեն իրենց հետագա ակադեմիական գործունեությունը բուհում:

 

  1. Բուհական ինքնավարության պատշաճ ապահովման նպատակով առաջարկվում է վերականգնել կառավարման (հոգաբարձուների) խորհուրդներում կառավարության և բուհական ներկայացուցչության հավասարաչափ ներկայացման սկզբունքը՝ համապատասխանաբար սահմանելով հնգական ներկայացուցիչ երկու կողմերից: Սա հնարավորինս կնվազեցնի կանխորոշված քվեարկությունները և որոշումների կայացման գործընթացում կապահովի հնարավորին թափանցիկություն և օբյեկտիվություն՝ առավելություն չտալով կառավարության կազմին, որը, փաստորեն նախատեսվում է, որ թվաքանակով պետք է ավելի մեծ լինի:
  2. Նախագծի մտահոգիչ դրույթներից է անձի՝ հանրային բուհի ռեկտորի՝ ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվելու արգելքի հանումը: Նման սահմանափակման նպատակը բուհի կառավարման լճացման հնարավորության բացառումն է, ժամանակ առ ժամանակ բուհի գործունեություն թարմացումը նոր մոտեցումներով, տեսլականներով, կառավարման նոր մեթոդներով: Նշվածը հատկապես արդիական հնչեղություն է ստանում համաշխարհային այս իրականության պայմաններում, որտեղ կրթական ոլորտը, չնայած իր ակադեմիական պահպանողականությանը, դինամիկ տեմպերով զարգանում է՝ արտաքին փոփոխություններին արձագանքող, կոնկրետ ժամանակի մարտահրավերներն ընդունելու ունակ և ոլորտային ճկուն բարեփոխումներ իրականացնելու ներուժ ունեցող համակարգի կայացումը դարձնելով հրամայական:

 

ՀՀ ԳԱԱ կողմից ներկայացված՝

Հիմնավորում

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ  Նախագիծ) կարևոր և արդիական է կրթական և գիտական ոլորտների կանոնակարգման և համակարգման համար: Միևնույն ժամանակ գտնում ենք, որ այն լուրջ լրամշակման կարիք ունի:

  1. Նախագծի սկզբունքային նշանակություն ունեցող դրույթների մասին
  • Կրթությունը, գիտությունը և նորարարությունը համաչափ չեն ներկայացված Նախագծում: Դրույթները հիմնականում վերաբերում են բարձրագույն կրթությանը, մինչդեռ գիտական և գիտատեխնիկական գործունեությանը վերաբերող դրույթները սակավաթիվ են, ոչ կոնկրետ և հպանցիկ:
  • Հստակ բացահայտված չեն և այդ պատճառով համոզեցուցիչ չեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական արդյունավետ համակարգի ստեղծման գործընթացի ուղիներն ու մեխանիզմները:
  • Նախագծում փաստորեն նախատեսվում է տասնամյակների ընթացքում ձևավորված և կայացած ՀՀ ԳԱԱ (այսուհետ Ակադեմիա) համակարգի լուծարումը (Հոդված 26, Հոդված 39, կետ 12), ինչը հիմնավորված և մեկնաբանված չէ:
  • Ըստ Նախագծի, գիտական կազմակերպությունները դառնում են ինքնուրույն կառույցներ՝ Ակադեմիայից դուրս, առանձին կառավարման մարմիններով
    (հոդված 25), ուստի վերանում է երկրում հիմնարար և կիրառական գիտությունների զարգացման ապահովման և համակարգման առանցքային գործառույթը:
  • Նախագծում շրջանցվում է միջդիսցիպլինար հետազոտությունների խնդիրը, քանի որ Ակադեմիայի համակարգում հնարավոր է նման հետազոտությունների արդյունավետ և միասնական կազմակեր­պումը՝ ի տարբերություն առանձին գիտական կազմակերպությունների:
  1. ՀՀ ԳԱԱ առկա իրավիճակը.
    • Ակադեմիան, ունենալով մեծ նվաճումներ և հարուստ ավանդույթներ, ներկայումս ֆինանսական սուղ պայմանների պարագայում ևս գործում է արդյունավետ, միջազ­գային ստանդարտներին համապատասխան: Աշխարհի լավագույն գիտական կազմա­կերպ­­ություն­­ների ցանկում ներառված են Հայաստանից 14 կազմակերպություն, որից 12-ը ներկայացնում են Ակադեմիան: Պետք է նշել, որ ՀՀ բուհերը բացակայում են նշված գիտական դասակարգման ցանկում (Ranking Web of Research Centers): Լավագույն գիտական կազմակերպությունների ցանկում ներառված է միայն մեկ վրացական և մեկ ադրբեջանական կազմակերպություն:[1]
    • Ակադեմիայի կողմից իրականացվող գիտական հետազոտությունների արդիականության, հեռանկարայնության և արդյունավետության մասին է փաստում նաև այն, որ 2016թ. տվյալներով արևելյան Եվրոպայի 24 և նախկին ԽՍՀՄ ասիական երկրների շարքում ըստ գիտական մեկ հոդվածի վրա կատարված հղումների քանակի Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը[2]:
    • Այսօր աշխարհում գործում են 102 գիտության ակադեմիա, ուստի ակադեմիաների գործունեությունը հիմնավորված է: Իսկ Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Բալթիական պետությունների ակադեմիական համակարգից հրաժա­րումը հանգեցրեց լուրջ կորուստների: Գիտահետազոտական կազմակերպությունների անցումը այլ կառույցներին հանգեցրել է գիտության համակարգման հնարավորություն­ների էական նվազման և գիտահետազոտական աշխատանքների մակարդակի կտրուկ անկման:

 

3.Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները.

  • Ակադեմիական համակարգը հիմնված է գիտահետազոտական միավորների (ինստիտուտների, լաբորատորիաների) համատեղ մեկ խոշոր գիտական ասոցիացիայի մեջ միավորման վրա: Այդ համակարգը օժտված է ակադեմիական առավել­ություն­ներով՝ միջդիսցիպլինար աշխատանքների կազմակերպմամբ, արդիական գիտական խնդիրների փորձագիտության իրականացման լայն հնարավորություն­ներով, ենթակառուցվածքի օպտիմալ համատեղ շահագործման կարողություններով, կազմակերպությունների և գիտնականների միջև արդյունավետ միջազգային համագործակցությամբ:
  • Նախագծի Հիմնավորման 2-րդ մասի «թ» կետը հիմնավորված չէ որևէ իրավական ակտին հղումով: Գիտական ինստիտուտներն ինքնուրույն են կայացնում որոշումները, իսկ Ակադեմիայի բաժանմունքներն այստեղ ունեն համակարգող, կարգավորող և համագործակցության ուղիներ գտնելուն աջակցող, հաշվետվությունները գնահատող, գիտական աշխատանքների ընթացքը քննարկող և վերլուծող դեր: Անհրաժեշտ է կիրառել ոչ թե զուտ մեխանիկական լուծումներ, այլ Ակադեմիայի առանձին ինստիտուտների համար իրականացնել բազմաձև ֆինանսավորման և խրախուսման մոտեցում՝ ըստ սահմանված ցուցիչների և նպատակային խնդիրների:
  • Ակադեմիան տարբեր գիտական ուղղությունների և գիտական կազմակերպություն­ների համակարգ է: Ակադեմիական համակարգը իր մեջ համախմբում է գիտության լայն ոլորտներ։ Դա համագործակցության լայն հնարավորություն է ստեղծում, այդ թվում` նպաստում արդի պահանջներին համահունչ միջդիսցիպլինար խնդիրների լուծմանը և արդի գիտատեխնիկական խնդիրների նկատմամբ արհեստավարժ տեսակետների ու մոտեցումների ձևավորմանը:
  1. Առաջարկվող լուծումները.

4.1. Ակադեմիան հնարավորություն ունի համակարգել և արդյունավետ իրականացնել հանրապետության տնտեսության և պաշտպանության համար անհրաժեշտ հետազոտություններ: Անհրաժեշտ է ձևավորել պետական պատվերների և գիտական արդյունքների ներդրման, կազմակերպման և խրախուսման նոր համակարգեր: Ակադեմիայի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար նպատակահարմար է դրա կառավարմանը ներգրավել Ակադեմիայի գիտական կառույցների տնօրեններին, բուհերի, կառավար­ության և հանրության ներկայացուցիչներին և ակտիվացնել Ակադեմիայում գործող տնօրենների խորհրդի գործունեությունը:

4.2. Ակադեմիայի մասին օրենքում անհրաժեշտ են համապատասխան փոփոխություն­ներ, որոնք ուղղված կլինեն գիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, ՀՀ տնտեսության և պաշտպանության արդիականացմանը: Գիտության և կրթության կապը ուժեղացնելու համար նպատակահարմար է ստեղծել Ակադեմիայի և բուհերի միջև համագործակցության կառուցակարգեր, մասնավորապես ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում ձևավորել գիտակրթական կենտրոններ, դրամաշնորհների միջոցով խրախուսել բուհերի դասախոսական կազմի գիտական աշխատանքների իրականացումը Ակադեմիայի գիտական կառույցներում, բուհերի ուսանողներին ներգրավել Ակադեմիայի գիտական կառույցների գործունեությանը:

  • . Վերոնշյալից առաջարկում ենք Ակադեմիայի հետևյալ սահմանումը.

       Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանի Հանրապետության հիմնադրած` հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող խոշորագույն գիտական կազմակերպություն է, որը կազմակերպում, իրականացնում և համակարգում է գիտելիքի վրա հիմնված տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման համար անհրաժեշտ հիմնարար և կիրառական հետազոտությունները` միավորելով բարձրագույն կոչումներ ունեցող Հայաստանի, օտարերկրյա ճանաչված գիտնականներին և համապատասխան գիտական կազմակերպությունները:

      ՀՀ ԳԱԱ գործառույթներից է գիտության զարգացումը, գիտահետազոտական արդյունքների ներդրումը, պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմիններին խորհրդատվության տրամադրումը

 

[1] http://research.webometrics.info/                                                                                                                 

[2] https://www.scimagojr.com/countryrank