1) 37-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«9. Ֆակուլտետի դեկանի (կառուցվածքային միավորի ղեկավար, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետ) եւ դեկանի տեղակալի գործունեությունը համարվում է վարչական աշխատանք:»:

2) 37-րդ հոդվածի 9-րդ մասից հետո լրացնել նոր՝ 10-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«10. Ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:»:

 

Հիմնավորում

Օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկի ընդունումը պայմանավորված է ամբիոնի վարիչի աշխատանքի բնույթն՝ ըստ ամբիոնի վարիչի՝ ակադեմիական գործունեության շրջանակներում սահմանված լիազորությունների և փաստացի կատարած գործառույթների,  սույն օրենքում ճշգրիտ ամրագրման անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն  որոշման (ԵՊՀ Կանոնադրություն) 107-րդ կետի համաձայն՝ ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:

ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման   (ՀՊՃՀ կանոնադրություն) 131-րդ կետի համաձայն՝ ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:

ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1716-Ն որոշման   (ՀՊՏՀ կանոնադրություն)  50-րդ կետի համաձայն՝ ամբիոնի վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի ուսումնագիտական և մյուս աշխատանքները, ներկայացնում է նրա կոլեկտիվը համալսարանի ֆակուլտետի, համալսարանի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում։

ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի N 1813-Ն որոշման   (ՀՊՄՀ կանոնադրություն) 60-րդ կետի համաձայն՝ ամբիոնի վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի կրթական, գիտական և այլ աշխատանքները, ներկայացնում նրա կոլեկտիվը համալսարանի, ֆակուլտետի և համալսարանական այլ ստորաբաժանումների, ինչպես նաև ոչ համալսարանական կազմակերպությունների հետ հարաբերություններում:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կանոնադրության 6.11 կետի համաձայն՝ ամբիոնի վարիչը կազմակերպում է ամբիոնի ուսումնամեթոդական և գիտական  աշխատանքները:

Ելնելով վերը նշվածից, կարող ենք փաստել, որ ամբիոնի վարիչի աշխատանքի բնույթն ակադեմիական է: Ամբիոնի վարիչը հանդիսանում է բարձրագույն ուսումնական հաստատության ակադեմիական բաժանմունքի ղեկավար, այլ ոչ թե այդ հաստատության վարչական մասի կառավարչական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավար:

Ամբիոնի վարիչի աշխատանքը համարելով վարչական՝ բարձրագույն ուսումնական հաստատության լավագույն մասնագետները կիսով չափ և ավելի կարող են զրկվել դասախոսական աշխատանքից:

Վարչական պաշտոնը ենթադրում է նաև ըստ տվյալ հաստատության հաստիքացուցակի՝ այդ պաշտոնին համարժեք աշխատավարձ, ինչը հավելյալ բեռ կդառնա բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա: Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում կան շուրջ 600 ամբիոնի վարիչներ: Նրանց գործունեությունը՝ վարչական համարվելու դեպքում, ամբիոնի վարիչները կստանան դեկանի աշխատավարձին համապատասխան՝ 400-500 հազար դրամ ամսական աշխատավարձ, որի պարագայում ամբիոնի վարիչի աշխատավարձի ամսական ֆոնդը կկազմի շուրջ 270 մլն. դրամ, իսկ տարեկան ֆոնդը՝ 3 մլրդ. 240 մլն. դրամ: Եթե դրան գումարենք ամբիոնի վարիչների՝ 0.5-0.75 դրույք ազատված ծանրաբեռնվածության դիմաց հաշվարկվող շուրջ    1 մլրդ. 440 մլն. դրամ աշխատավարձը, ապա ընդհանուր գումարը կկազմի տարեկան 4.7 մլրդ. դրամ, ինչը ծանր բեռ է բուհական համակարգի համար: Նշենք, որ միայն ԵՊՀ-ում կան 106 ամբիոններ, ուստի համալսարանի վրա ֆինանսական բեռը կավելանա տարեկան շուրջ 800 մլն. դրամով:

Առաջարկի ընդունման դեպքում պահպանվում է ամբիոնի վարիչի գործունեության ակադեմիական և գիտամանկավարժական բնույթը: