1.Հոդված 3-ում անհրաժեշտ է հստակ սահմանել և տարանջատել «ուսումնառության կրթաթոշակ» և «ուսումնառության նպաստ» (36-րդ և 37-րդ մասեր) հասկացությունները։ Առկա սահմանումերով դրանք ոչ միայն ըստ էության տարբերակված չեն և առաջացնում են խառնաշփոթ, այլև օգտագործված են անհասկանալի արտահայտություններ, օրինակ՝  «ակադեմիական առավելություն», «գիտահետազոտական, գիտատեխնիկական և աշխատանքային կրեդիտների (չափանիշների» համար։) Պետք է հաշվի առնել նաև, որ պետական ֆինանսավորմամբ տեղերի համար 20-րդ հոդվածում կիրառված է կրթաթոշակ եզրույթը։ 

Առաջարկվող սահմանումներն են.

Ուսումնառության կրթաթոշակ՝ բուհ ընդունելության արդյունքների կամ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության հիմքով ուսանողի ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում:

Ուսումնառության նպաստ՝ սոցիալապես խոցելի կամ այլ առանձին խմբերի ուսանողների ուսման վարձի փոխտահուցում:

2.Հոդված 15-ի 7-րդ մասի 5-րդ կետում հղում է կատարված 17-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ կետերում սահմանված ժամկետների վրա, սակայն 17-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ կետում որևէ ժամկետ սահմանված չէ։  Ավելին, հոդվածի 7-րդ մասով լիցենզիայի գործողության դադարեցման հիմք է սահմանված ինստիտուցիոնալ հավատարմագրման չդիմելը և ծրագրային հավատարմագրման 2 անգամ անընդմեջ մերժվելու հանգամանքը, ինչն կարծում ենք խնդրահարույց է։ Նախ բուհի կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը ամբողջությամբ կարող է դադարեցվել, իսկ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել, եթե բուհը ոչ միայն սահմանված ժամկետում ինստիտուցիոնալ հավատարմագրման չի դիմել, այլև եթե երկու անգամ անընդմեջ չի ստացել ինստիտուցիոնալ հավատարմագրում, այլ ոչ թե ծրագրային հավատարմագրում (օրենքի նախորդ տարբերակում այս դրույթը այդպես էր սահմանվածԵրկրորդ, որևէ ծրագրի հավատարմագրումը երկու անգամ մերժվելու դեպքում կարող է դադարեցվել միայն տվյալ ծրագրի մասով լիցենզիան, այլ ոչ թե բուհի բոլոր կրթական ծրագրերի լիցենզիան։ Ընդ որում, եթե ծրագրային հավատարմագրումը պարտադիր չէ (քանի որ պարտադիր լինելու պահանջը օրենքից հանված է), ապա բուհը ինքը պետք է որոշի դիմել ծրագրային հավատարմագրման, թե ոչ։

 3.Հոդված 15-ի 7-րդ մասով սահմանված են բուհերի լիզենզիայի գործողության դադարեցման հիմքերը, սակայն օրենքի նախագծի 40-րդ հոդվածի (Անցումային դրույթների) 2-րդ մասով սահմանված է 15-րդ հոդվածին հակասող այլ դրույթ: Մասնավորապես, 40-րդ հոդված 2-րդ մասով նախատեսվել է, որ ՀՀ բոլոր բուհերին անժամկետ տրված լիցենզիաները գործում են մինչև 2022 թ.-ի հունիսի 30-ը, եթե «փաստաթղթերը չեն համալրում»՝ բուհի գործունեությունը դադարեցվում է 2022թ. հուլիսի 15-ից։ Հստակ չէ «փաստաթղթերը չհամալրելու դեպքում» արտահայտությունը և լիցենզիայի գործողությունը դադարեցնելու նման հիմք օրենքի նախագծի 15-րդ հոդվածում նշված չէ։

Ավելին, բուհերին արդեն իսկ տրված լիցենզիաները ըստ գործող օրենքի անժամկետ են, իսկ որակի վերահսկողության և լիցենզայի գործողության դադարացման պետական գործիքը, ինչպես նշեց վերը, ինստիտուցիոնալ հավատարմագրումն է։

Այսպիսով, նախագծի 40-րդ հոդվածի 2-րդ մասը առաջարկում ենք հանել, քանի որ լիցենզիայի գործողությունը չի կարող դադարեցվել արդեն իսկ հավատարմագրում ստացած բուհերի պարագայում։ Ուստի, բուհերին անժամկետ տրված լիցենզիաների ուժը կորցրած ճանաչելու Հոդված 40-ի 2-րդ մասով սահմանված անցումային դրույթն առհասարակ անհրաժեշտ է հանել։

4.Հոդված 40, մաս 5-ում անհրաժեշտ է հստակ նշել, որ հավատարմագրման պարտադիր լինելը վերաբերվում է միայն ինստիտուցիոնալին և հանել ժամկետները, քանի որ ԲՈՒՀ-երը արդեն իսկ հավատարմագրվել են, գումարը տվել են և ժամկետի ավարտից հետո նորից հավատարմագրվելու են:

5.Հոդված 36 մաս 13-ում անհրաժեշտ է ուսանողական խորհուրդ բառերը փոխարինել ուսանողական կառույցներ և միավորումներ բառերով: Բացի այդ անհրաժեշտ է տալ հստակ կարգավորում, թե ֆինանասավորումը ուսանողական կառույցների և միավորների միջև ինչպ՞ես է բաշխվելու, ի՞նչ համամասնությամբ, ի՞նչ սկզբունքով և կառավարման խորհրդում ուսանողների ներկայացուցիչը ո՞ր ուսանողական մարմնից է ընտրվելու:

6.Անհրաժեշտ է սահմանել ռեկտորի պաշտոնավարման սահմանափակում, այն է չի կարող 2-ից ոչ ավել անգամ ընտրվել նույն ԲՈՒՀ-ում ռեկտոր: Այսպիսի սահմանափակում օրենքը նախատեսում է դեկանի, ամբիոնի վարիչի և բուհի՝ որոշակի ոլորտում գիտահետազոտական գործունեություն իրականացնող ինքնուրույն կառուցվածքային միավորի ղեկավարի պաշտոնների համար:

7.Առաջարկում ենք 6-րդ հոդված 4-րդ մասից հանել «գործունեության և ֆինանսավորման» բառերը: