Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և 81-րդ հոդվածի 1-ին մասը՝ ներկայացնում ենք հետևյալ առաջարկները Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ներկայացված և առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ «Նախագիծ) և նախագծերի կից փաթեթի (այսուհետ՝ «Նախագծերի փաթեթ», կոդ՝ Կ-797) վերաբերյալ.

  1. Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ կետում Երևանի պետական համալսարանի՝ որպես Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության, գիտության և մշակույթի բացառիկ հաստատություն սահմանելու կարգավիճակի ձևակերպումն ունի հստակեցման կարիք, միևնույն ժամանակ, այլ բուհերի հանդեպ խտրական վերաբերմունքից խուսափելու համար առաջարկում ենք այդ դրույթն առհասարակ հանել: Ավելին՝ եթե նախատեսվում է կառավարության որոշմամբ կամ այլ ենթաօրենսդրական ակտով սահմանել որևէ առանձնահատկություն, ապա առավել նպատակահարմար ենք գտնում և առաջարկում ենք սահմանել այդ դրույթները օրենսդրական մակարդակում՝ ամեն դեպքում պահպանելով խտրականության արգելքի սկզբունքը։
  2. Նախագծի 24-րդ հոդվածում առաջարկում ենք նախատեսել, որ բուհի կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25%-ն ուսանողներն են (հիմքում ունենալով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 28–րդ հոդվածի 10-րդ մասը): Եվ քանի որ նախատեսվում է, որ ստեղծվող կառավարման խորհուրդը հանդես է գալու որպես բուհի կառավարման մարմին, իսկ ուսանողության ներկայացուցիչներին այդ մարմնում տեղի հատկացումը թողնվում է բուհի հայեցողությանը, կարծում ենք՝ դա ոչ միայն ուսանողների իրավունքների խախտում է, այլ նաև արդարացի հիմնավորված չէ, քանի որ դրանով կարող է սահմանափակվել ուսանողության ներկայացվածությունը բուհի հանրային կառավարման կյանքում:

Առհասարակ նման մարմնում ձևական բնույթ կրող ներկայացվածությունը դրական արդյունքի բերել չի կարող, առավել ևս չի կարող ապահովել անհրաժեշտ և բավարար հակակշիռների մեխանիզմ:

Դա կարող է պատճառ հանդիսանալ, որ ընդունվող որոշումներում բազմակողմանի և բազմաբովանդակ չներկայացվեն ուսանողության շահերը: Ուսանողությունը փաստացի զրկված կլինի այն մարմնի գործունեությանը լիարժեք մասնակցելու հնարավորությունից, որի կողմից ընդունվող որոշումներն առաջին հերթին շոշափելու են հենց իրենց՝ ուսանողների շահերը։

Օրենքը պետք է իր հիմքում ունենա կրթության և գիտության ոլորտում մեր պետության ստանձնած պարտավորությունները և կրի նաև Եվրոպական կրթական տարածաշրջանի, ինչպես նաև Բոլոնյան գործընթացների հիմնական սկզբունքները։ Այդ գործընթացի հիմքում են գտնվում ուսանողակենտրոնության, համալսարանի կառավարման գործընթացներում ուսանողների դերի մեծացման և ցանկացած բարեփոխման կենտրոնում ուսանողի, որպես առանցքային շահառու,  դիտարկման սկզբունքները։ Օրինակ, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում շուրջ 6 տարի է ինչ հոգաբարձուների խորհրդի քարտուղարության գործառույթը վստահվում է ուսանողական համակազմի ներկայացուցիչներին։

  1. Բուհական ինքնավարության սկզբունքի օրինակ պետք է լինի Նախագծով սահմանված՝ հանրային բուհի կառավարման խորհրդի թվային հարաբերակցությունը և ձևավորման կարգը (հոդված 27, մաս 3), ըստ որի՝ 9 անդամներից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի կողմից: Սրանով ոտնահարվում են երկրում բուհական ինքնավարության առանց այդ էլ փխրուն համակարգի հիմքերը, քանի որ բուհի կառավարման խորհրդի մեծամասնությունը, ըստ էության, ձևավորվելու է ոչ թե բուհական հանրույթի, այլ պետական լիազոր մարմնի միջոցով, և ներկայացված թվային հարաբերակցության պարագայում որոշումները, ըստ էության, կայացվելու են դրսից: Բուհական հանրույթը, ստացվում է,  բուհին վերաբերող որոշումներ ընդունելու կամ դրանց վրա ներազդելու հնարավորությունից է զրկվում: Արդյունքում, բուհերը հայտնվելու են պետության և օրվա իշխանության անմիջական ազդեցության ներքո և, փաստորեն, զրկվելու են ինքնուրույն գործելու հնարավորությունից։

Օրենքով բուհական ինքնավարության նման կոպիտ խախտումներ ու սահմանափակումներ ամրագրելը խախտում է Բոլոնյան գործընթացի շրջանակներում ընդունված մի շարք փաստաթղթերում  և հենց նախագծում սահմանված բուհական ինքավարության անկյունաքարյան սկզբունքը, վտանգում երկրում բուհական ինքնուրույն համայնքների ձևավորման և գործունեության հնարավորությունը, կայացման փուլը չավարտած բուհական ինքնակառավարման համակարգը, կրկին փորձ է արվում բուհերը տեղափոխել օրվա իշխանության քաղաքական ազդեցության ոլորտ՝ հեռահար նպատակ ունենալով դրանք դարձնելու օրվա իշխանության քաղաքական տարաբնույթ շահերի սպասարկուների (բուհական ինքնավարության դերը շեշտվել է նաև Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին Լիսաբոնի կոնվենցիայով (Հայաստանի կողմից վավերացվել է 2005թ.), Փարիզի 2018թ. կոմյունիկեով, Համալսարանների մեծ խարտիայով)։

Ըստ այդմ, առաջարկում ենք հանրային բուհի կառավարման խորհրդի անդամների թիվը սահմանել հետևյալ սկզբունքներով.

  • կառավարման խորհրդի նվազագույն քանակը կարող է սահմանվել նվազագույնը 9 կամ 13 անդամ (բուհի կառավարման խորհրդի անդամների թիվը սահմանել ըստ տվյալ բուհի մեծության՝ հաշվի առնելով դրա չափից և այլ հանգամանքներից բխող կառավարման բարդությունները), առավելագույն թիվը կարող է սահմանվել բուհի կանոնադրությամբ: Անդամների առավելագույնը 33,3% տոկոսը կազմավորվում է լիազոր մարմնի կողմից, մյուս մասը՝ բուհի հետ համագործակցող կազմակերպությունների, գիտամանկավարժական անձնակազմի և ուսանողության ներկայացուցիչները, պետք է կազմեն ընդհանուր թվի 2/3-ը:
  1. Լիազոր մարմնի ղեկավարի կողմից առաջադրվող գործարարը չափազանց լայն հասկացություն է (Նախագծի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ). գործարար է նաև, օրինակ, որևէ սրճարանի ղեկավարը, սակայն պարզ է, որ սրճարանատեր գործարարի առաջադրումն արգելող որևէ օրենսդրական հիմք չի լինելու՝ դրույթն այս տեսքով ընդունվելու պարագայում։ Ըստ այդմ՝ առաջարկում ենք հստակ սահմանել, որ գործարարը, որին առաջարկվում է ընդգրկել խորհրդի կազմում, պետք է լինի հեղինակավոր և ունենա հաջողության պատմություն։ Միևնույն ժամանակ, պետք է նաև սահմանել, որ կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչը ևս պետք է հեղինակավոր համարվի։
  2. Նախագծի 30-րդ հոդվածն առաջարկում ենք լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ուսանողների թիվը բուհի ակադեմիական խորհրդում չի կարող պակաս լինել խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/4-ից։»։ Կարծում ենք, որ սա օրենքի մակարդակով կլինի երաշխիք, որը կապահովի ուսանողության մասնակցությունն ակադեմիական խորհրդի գործունեությանը։ Այդ կերպ ուսանողության ներկայացվածության հարցն ակադեմիական խորհրդում ու համամասնությունը չի թողնվի ղեկավարման մարմնի հայեցողությանը։
  3. Նախագծի 31-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված է, որ ուսխորհրդի կանոնադրությունը հաստատվելու է բուհի ակադեմիական խորհրդի կողմից: Անտրամաբանական է, երբ հնարավորություն է տրվում բուհերի ակադեմիական խորհուրդներին ուսանողների շահերը ներկայացնող ընտրովի ներկայացուցչական մարմնի կանոնադրության հաստատման լիազորություն՝ այն դեպքում, երբ այդ նույն խորհրդը պետք է պաշտպանվի ուսանողների իրավունքները: Այս հոդվածը չափազանց մեծ ռիսկ է առաջացնում ու բուհերի ղեկավարության կողմից կառավարելի դարձնում ուսանողական ինքնակառավարման մարմնի գործունեությունը՝ թույլ չտալով ծառայել իր բուն նպատակին: «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասով՝ բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը: Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

Մեր կողմից առաջարկվում է, ինքնավարման սկզբունքներից ելնելով, ինքնակառավարվող մարմնի կանոնադրությունը թողնել ինքնակառավարվող մարմնի հաստատմանը։ Այդպիսով ուսխորհրդի անկախությունը և ինքնավարությունը կառավարման այլ մարմնի միջամտությունից կլինի հնարավորինս երաշխավորված, կապահովվի անհրաժեշտ և համաչափ հավասարակշռություն ուսխորհրդի և  բուհի կառավարման մյուս մարմինների գործունեության միջև:

  1. Նախագծի 32-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանվում է հանրային բուհի ռեկտորի ընտրության կարգը, որը ևս խնդրահարույց է՝ բուհական ինքնավարության առումով: Ռեկտորի թեկնածուները ընտրվելու են կառավարման խորհրդում, այնուհետև ընտրության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած մինչև 3 թեկնածուներ ներկայացվելու են լիազոր մարմին, որոնցից մեկին լիազոր մարմինը, սեփական հայեցողությամբ, նշանակելու է ռեկտորի պաշտոնին։

Ներկայացված մոտեցումը ամբողջովին  հակաժողովրդավարական գործընթաց է ենթադրում, ինչը վտանգում է բուհական կառավարման արդյունավետությունը, քանի որ ռեկտորի պատասխանատվությունը բուհական միջավայրից տեղափոխվելու է նշանակած մարմնի առջև պատասխանատվության դաշտ։ Ըստ էության, բուհերի ռեկտորների նշանակմամբ՝ պետությունն ստանում է անսահմանափակ հնարավորություն ուղղորդելու բուհի գործունեությունը՝ առանց հաշվի առնելու բուհական հանրույթի կարծիքը և առաջնահերթությունները։

Ըստ այդմ, առաջարկում ենք բուհի ռեկտորի ընտրության իրավունքը թողնել բուհի կառավարման խորհրդին՝ ընտրանքային կարգով, փակ գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքում ընտրված թեկնածուի հետ 5 տարի ժամկետով կնքվում է պայմանագիր։

  1. Նախագծի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակների պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է տվյալ մակարդակում կրթության ամբողջ ժամանակահատվածի համար և բարձրագույն կրթության առաջին մակարդակի դեպքում զրկվում է չորս կիսամյակ (բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի դեպքում՝ երկու կիսամյակ) անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի 20 տոկոսով պակաս ունենալու դեպքում:

Սրանով փաստորեն ազդարարվում է ուսանողների մոտիվացման կարևորագույն պայման հանդիսացող փոխատեղման (ռոտացիա) ինստիտուտի վերացման մասին։ Ռոտացիան ուսանողին մոտիվացնելու,  մրցակցային ուսումնառության, ուսանողների շրջանում բարձր առաջադիմության ապահովմանն ուղղված կարևորագույն գործիք է, որի վերացումը պետական կրթաթոշակների տրամադրման գործում արդարության սկզբունքի խախտում է  և ուսանողի՝ օրենքի նախագծի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով ամրագրված իրավունքի (կրթաթոշակի իրավունք) ոտնահարում:

Կրթության իրավունքն ինչպես ցանկացած իրավունք պետք է իրացվի օբյեկտիվ միջավայրում, սույն իրավունքը ունի մի շարք առանձնահատկություններ, ինչպիսին է կրթության իրավունքի բարձր մակարդակով իրացման համար անձի մոտիվացիան, տվյալ մոտիվացիան կարող է պայմանավորված լինել գիտելիքի գնահատման օբյեկտիվությամբ, տվյալ գնահատման հիման վրա սոցիալական առավելություններ ստանալով և այլն։ Եթե անձը զրկվի գիտելիքի հիման վրա սոցիալական առավելություններ ստանալու հնարավորությունից՝ նա կդեմոտիվացվի և կրթության իրավունքի իրացումն ու պարտականությունները կկատարի միայն համալսարանը ավարտելու նպատակով, այլ ոչ իդեալական մակարդակի գիտելիք ստանալու նպատակով, իսկ այն անձը ով ընդունվելիս ապահովվել է ընդամենը դպրոցական մակարդակի համար բարձր գիտելիք և ընդունվել է անվճար իրեն կզգա ապահով և նվազագույն համալսարանական գիտելիք ապահովելով՝ անվճար կավարտի Համալսանը։ Այսպիսով, այն անձը ով կունենա համալսարանական` ակադեմիական, բարձր գիտելիքներ հնարավորություն չի ունենա օգտվել սոցիալական առավելություններից և բուհում անվճար համակարգում կսովորի անձնավորություն, որը ընդամենը ունի դպրոցական բարձր գիտելիքներ, որոնք մասնագիտական չեն։ Սա արդարության սկզբունքի և մրցակցության սկզբունքի խախտում է, որը միտված է ցանկացած ոլորտում բարձր մակարդակի ապահովվման։ Այսպիսով մենք կունենաք անվճար համակարգում սովորող ուսանող, ով ունի դպրոցական գիտելիքների բարձր մակարդակ, և վճարովի համակարգում սովորող ուսանող, որը կունենա համալսարանական գիտելիքների բարձր մակարդակ։ Տվյալ իրավիճակի հետևանքով ժամանակի ընթացքում կստեղծվի ճգնաժամ կապված ցանկացած ոլորտում մասնագետների գիտելիքների անհամապատասխանության հետևանքով, իսկ այն մասնագետները որոնք ունեն գիտելիքի բարձր մակարդակ, սակայն սովորել են վճարովի համակարգում համոզված լինելով, որ անարդարությունը կրթական ոլորտում գերակայում է կամ չեն շարունակի կրթությունը ընդհանրապես և չեն բարձրացնի իրենց մասնագիտական գիտելիքները, կամ կրթությունը չեն շարունակի Հայաստանում և կարտագաղթեն, որի հետևանքով տեղի կունենա հայ հասարակության լավագույն հատվածի «արտահոսք»՝ դրանից բխող բացասական հետևանքով։ Այսպիսով, պետությունն ունենալով սերունդների առջև պատասխանատվություն, ոչ պատշաճ ձևով կիրականացնի այդ պարտականության իրականացման ապահովման համար անհրաժեշտ քայլերը և կբերի որոշակի որակական հատկանիշների անկման։

Անհերքելի է, որ  տնտեսությունը բազիսային է հասարակական հարաբերություններում՝  այս դեպքում ևս տնտեսական հենքը շատ կարևոր նախապայման է կրթության իրավունքի իրացման համատեքստում և, եթե տնտեսական հնարավորություն չի ստեղծվում կրթության իրավունքի իրացման համար, ապա  չնայած բոլոր կարգավորումներին աշակերտը՝ ապագա գիտնականը, պրոֆեսիոնալ մասնագետը չի կարողանում իրացնել իր կրթության իրավունքը, բացատրենք ինչպես. ներկայիս իրականությունում հանրակրթական դպրոցները չեն կարողանում ապահովել  կրթական այնպիսի մակարդակ,  որպեսզի ավարտական դասարանների աշակերտները հավակնեն առանց խորքային կրկնուսուցման անվճար  ընդունվել բուհ, սույն խնդիրը լուծվում է ռոտացիոն համակարգով, երբ ֆինանսապես չապահովված ընտանիքից աշակերտները, չկարողանալով անցնել բարձրակարգ կրկնուսուցում, ընդունվում են բուհ՝ հստակ գիտակցելով, որ ջանասիրաբար սովորելու արդյունքում հենց 1-ին կուրսում առաջադիմության արդյունքներով  կարող են անվճար սովորել, և իրենց կրթության իրավունքի  ռեալ իրականացումն ուղիղ կախված է իր պատասխանատվությունից, ներբուհական դասապրոցեսների հավասար, սկզբնական պայմաններում լավագույնս ինքնադրսևորվելուց, և եթե, օրինակ, որևէ բուհում  որևէ մասնագիտացմամբ սովորելու վարձավճարն արժե X  գին ապա տվյալ օրինակում ուսանողը  պատրասվում էր վճարել բակալավրիատի 8 կիսամյակներից միայն առաջին կամ առաջին և երկրորդ կիսամյակների վճարն այսինքն 1*(X/8) կամ 2*(X/8) հետևաբար տվյալ դեպքում բազմապատիկ անգամ ավելի շատ աշակերտներ կկարողանան դիմել բուհ՝ կրթությունը շարունակելու համար։

Ներկայացված փոփոխություններով փաստացի վերոհիշատակյալ մեխանիզմը չի գործում և  ինքստինքյան բուհ անվճար ընդունվելու համար  խորքային կերպով կրկնուսուցման կամ էլ մասնավոր հատվածւմ գործով վճարովի դպրոցներում կամ կրթահամալիրներում սովորելու հնարավորություն չունեցող աշակերտները զրկվում են իրենց կրթության իրավունքը իրացնելու հնարավորությունից, քանի որ  որակյալ կրկնուսուցման և քննություններին պատրաստվելու համար  ծախսվելիք գումարն ունենալու դեպքում բուհական վարձավճարի խնդիր ընդհանրապես չեն ունենա: Հակառակ պարագայում,  ապագա ուսանողները վստահ կլինեին ռոտացիոն համակարգով՝ ավճար փոխադրվելու հնարավորության վրա և կընդունվեյին բուհ՝ առանց խորքային կրկնուսուցման, իսկ  վերևում կատարված պարզագույն հաշվարկով հիմնավորվում է, որ նվազագույնը 8 անգամ մեծանում էր տվյալ ուսանողների թիվը:

Այսպիսով, ներկա ռոտացիոն համակարգի չեղարկումը կբերի նրան, որ սոցիալական արդարությունը և հասարակության տարբեր շերտերի միջև առկա սոցիալական հեռավորությունն էլ ավելի կխորանա, քանի որ տվյալ հեռավորության կրճատման ամենահիմնավոր՝ կրթության և ուսման ճանապարհով գործելու հնարավորությունը կտրվի նրանց, ովքեր արդեն իսկ ունեն անհավասար պայմաններ հանձինս ընդունելության քննություններին լավագույնս պատրաստվելու համար բավական ֆինանսական հնարավորությունները:

Առաջարկում ենք պահպանել ռոտացիոն համակարգը՝ այն տեսքով, որով այն այժմ առկա է։

  1. 36-րդ հոդվածի վերաբերյալ առաջարկում ենք ուսխորհուրդների փոխարեն կազմավորել ուսանողական ինքնակառավարման մարմիններ, որոնք նաև կկազմեն գիտխորհրդի մաս։ Ընդ որում՝ օրենքով չպետք է սահմանվի ինքնակառավարման մարմնի առավելագույն թիվը՝ դա թողնելով համապատասխան բուհի որոշմանը՝ ըստ ուսանողների թվի և այլ առանձնահատկությունների։ Միաժամանակ, անհրաժեշտ է Նախագծով հստակ սահմանել «ուսանողական ինքնակառավարման մարմին» հասկացությունը և կարգավորել գործունեությունը։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կարգավորող օրենսդրական նախագծում աներկբա է, որ պետք է հստակ հոդվածներով շարադրել ուսանողների իրավունքները ներկայացնող ինքնակառավարման մարմնի անկախ գործունեության համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքներ:
  2. Առաջարկում ենք վերանայել Նախագծի 37-րդ հոդվածի 8-րդ մասը, որը պարունակում է մեկ այլ խնդրահարույց մոտեցում է որոշ պաշտոնների համատեղման մասով՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող զբաղեցնել վարչական կամ կառավարման գործառույթներ իրականացնող այլ պաշտոն. այսպես՝ համալսարանական կլինիկայի ղեկավար և տվյալ մասնագիտության ամբիոնի վարիչ, ինչը համալսարանական բժշկական հաստատությունների բնականոն գործունեության խաթարման ու անառողջ մթնոլորտի ձևավորման կարող է հանգեցնել: Նախագծով սահմանված այդ արգելքը նույն Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի խախտում է։
  3. Առաջարկում ենք հանրային բուհում վում ուսանողների համակազմի ներկայացուցիչների թիվը սահմանել առնվազն 25%, հաշվի առնելով ուսանողների, գիտական խորհրդում հնարավորինս ազդեցիկ գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը։
  4. Առաջարկում ենք հանել Նախագծի 37-րդ հոդվածի 17-րդ մասը՝ ակադեմիական կազմի թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթին մասնակցելու տարիքային սահմանափակումը, որը հակասության մեջ է Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հետ (մարդկային ռեսուրսների կառավարման՝ բուհի ինքնավարությունը) և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ «Սահմանադրություն») սահմանված խտրականության արգելքի հետ:
  5. Բժշկական կրթության առանձնահատկությունները Նախագծի առանձին գլխով կարգավորելու անհրաժեշտության մասին նշենք հետևյալը՝
  • Բժշկական կրթության ոլորտը միակն է, որտեղ բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի ուսումնառության ավարտից հետո ինքնուրույն մասնագիտական գործունեություն չի թույլատրվում.
  • Բժշկական կրթության ոլորտը միակն է, որտեղ նախագծով մագիստրատուրայից հետո առաջարկվում է պարտադիր ծրագրային փուլ՝ ռեզիդենտուրա, որի հետ կապված հիմնական հարաբերությունները առավել մանրակրկիտ կարգավորման անհրաժեշտություն ունեն (մասնավորապես՝ մագիստրատուրայի ավարտ, շրջանավարտի իրավունքների շրջանակի հստակեցում և ռեզիդենտուրայի ընդունելություն, ավարտական քննություններ, ռեզիդենտուրա իրականացնող հաստատություններին ներկայացվող հիմնական պահանջներ, ռեզիդենտի կարգավիճակ, նրա իրավունքների և պարտականութ­յունների հիմնական շրջանակ).
  • Բժշկական կրթության ոլորտը Նախագծով նախատեսված հայեցողական կարգավորումներով չի կարող առաջնորդվել, քանի որ բժշկի կողմից անհրաժեշտ հմտությունների, կարողությունների և ունակությունների անհրաժեշտ մակարդակի ձեռքբերման հիմքում բժշկական կրթության համակարգի հնարավորինս ստանդարտացումն է: Իսկ առաջարկվող կարգավորումների պարագայում, օրինակ, տարբեր բժշկական բուհեր կարող են ընտրել ինտեգրացված ուսուցում իրականացնել կամ ոչ, ընտրել ուսուցման տևողությունը: Այս պարագայում որոշ բուհեր, նպատակ ունենալով ներգրավել հնարավորինս շատ ուսանողներ, կնվազեցնեն ուսուցման ժամկետները և կդյուրինացնեն ուսուցման ձևերը՝ ի հաշիվ տարբեր առարկաների և մոդուլների դուրս մղման:
  1. Առաջարկում ենք հստակեցնել դոկտորանտուրայում սովորողների կարգավիճակը, քանի որ եթե թեկնածուները համարվում են դոկտոր, իսկ դոկտորները մնում են իրենց կոչմանը, պարզ չէ, թե դոկտորանտուրայում սովորողների հարցն ինչպես է կարգավորվելու, արդյո՞ք նրանց ուսումը դադարեցվելու է, և նրանք ևս համարվելու են դոկտորի կոչում ստացած, թե՞ ոչ։
  2. Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման ժամկետներն առաջարկում ենք երկարացնել Նախագծում նշված ժամկետներից առնվազն 1 տարով, քանի որ համալսարանները չեն կարողանալու ապահովել նշված կարճ ժամանակամիջոցում որակյալ գործընթաց՝ հաշվի առնելով ֆինանսական ծանրաբեռնվածությունն ու ռեսուրսների սակավությունը։ Սա կարող է նաև բերել մրցակցային միջավայրի խաթարման։
  3. Միաժամանակ, ի պաշտպանություն բուհերում արհմիությունների իրավունքների և հնարավորթյունների, առաջարկում ենք հետևյալ լրացումները՝
  • Նախագծի 31-րդ հոդվածի 4-րդ մասում «բուհի համապատասխան կառուցվածքային միավորների ղեկավարներ,» բառերից հետո ավելացնել «բուհի աշխատողների առնվազն կեսից ավելիի կողմից անդամակցվող արհեստակցական կազմակերպության ղեկավարը,» բառերը:
  • Նախագծի 32-րդ հոդվածի 10-րդ մասի 18-րդ կետում «բուհի կանոնադրությամբ» բառերից հետո ավելացնել «, կոլեկտիվ պայմանագրով» բառերը:
  • Նախագծի 32-րդ հոդվածի 10-րդ մասում ավելացնել ևս մեկ կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «օրենքով սահմանված կարգով կնքում է կոլեկտիվ պայմանագիր բուհի արհեստակցական կազմակերպության հետ.»:
  • Նախագծի 37-րդ հոդվածի 19-րդ մասում ավելացնել ևս մեկ կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «միավորվելու արհեստակցական, մասնագիտական կազմակերպություններում և միություններում.»:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում անհրաժեշտ է էապես կարևորել բուհերի աշխատողների ներկայացուցիչների՝ արհեստակցական կազմակերպությունների դերակատարությունը: Օրենսդրական համապատասխան կարգավորումներով բուհերի ակադեմիական (գիտական) խորհուրդներում արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավումը էականորեն կնպաստի աշխատողների աշխատանքային, սոցիալական և մասնագիտական իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը։

  1. Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կարգավիճակի վերաբերյալ առաջարկում ենք հետևյալը.

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան զարկ տվեց ազգային լաբորատորիաների ինստիտուտին` որպես բարձրագույն գիտական կազմակերպություն, բարձրագույն որակավորմամբ գիտական պոտենցիալով։ Ազգային լաբորատորիաները լուծում են գիտության, էներգետիկայի, զարգացման համար անլուծելի խնդրիներ, որոնք ի զորու չեն մնացյալ կազմակերպությունները՝ ապահովելով երկրի առաջատարի դերն աշխարհում։ Որոշ ժամանակ անց այս փորձը գրավեց ԱՄՆ-ին և այն նույնպես կազմավորեց ազգային գիտական լաբորատորիաների ինստիտուտ։

Այսօր Հայաստանում, հատկապես հետպատերազմյան իրավիճակում, մեզ համար նույնպես կարևոր է գիտական լաբորատորիաների գործունեությունը դնել պրոֆեսիոնալ և ինստիտուցիոնալ հենքի վրա։

Դեռ 2002թ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտը վերանվանվել է Ազգային գիտական լաբորատորիա, և 2011-ին հատուկ տողով ամրագրվել է բյուջեի նվազագույն շեմը։ Սակայն այդպես էլ օրենքի մեջ չի ամրագրվել թե ի՞նչ է իրենից ներկայացնում Ազգային գիտական լաբորատորիան և դրանից բխող այլ հարցեր։

Հատկանշական է, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրվել է պատերազմի տարիներին և ապահովել Հայաստանի համաշխարհային գիտության մեջ առաջատարի դերը։ Այսօր Ազգային լաբորատորիան առաջատար է,  չունի մրցակից հայկական գիտության մեջ, ունի հետազոտությունների լայն սպեկտր և գիտական մեծ պոտենցիալ ու ավանդ, միջազգային ճանաչում ու կապեր։ Ըստ այդմ, առաջացել է անհրաժեշտություն ի վերջո սահմանելու, թե ի՞նչ է Ազգային լաբորատորիան Հայաստանի Հանրապետության համար, ի՞նչ համապետական խնդիրներ պետք է լուծի, դառնա Հայաստանի Հանրապետության ամբիցիոզ ռազմավարության շարժիչ ուժը։

Ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը՝ առաջարկում ենք սահմանել և հաստատել Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, որպես ինստիտուտ, կարգավիճակը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում (կանոնադրություն՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=77618։ Հիմնադրամի պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով: Ծրագրի իրականացման ֆինանսավորումն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով` առնվազն 665.600.000 դրամ գումարի չափով։ Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. սեպտեմբերի 01-ի N 1301-Ն որոշման՝ հիմնադրամը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 02-ի N 98 որոշմամբ ստեղծված «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը):

  1. Առաջարկում ենք վերանայել «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Կ-79721), քանի որ հանրակրթության մակարդակում հայագիտության դասավանդումը դեռևս այնքան բարձր մակարդակի չի բերված, որպեսզի սովորողը բուհ ընդունվելիս գերազանց տիրապետի մայրենի լեզվին ու սեփական պատմությանը, ինչը ենթադրում է, որ բուհում հայագիտության պարտադիր դասավանդման անհրաժեշտություն կա առնվազն առաջին 2 տարում։
  2. Առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ներառել նաև լրացում, որով կնախատեսվի գիտության ֆինանսավորումն ավելացնել մինչև 4%, ինչը հնարավոր է նաև փուլային տարբերակով։

Հայաստանում գիտության զարգացումը ոչ միայն ազգային հպարտության խնդիր է, այլ նաև տնտեսության զարգացման, աղքատության հաղթահարման, նոր աշխատատեղերի ստեղծման, ազգային անվտանգության ամրապնդման, երկրի մրցունակության և միջազգային հեղինակության բարձրացման երաշխիք: Գիտության և կրթության արդի զարգացմանը համընթաց գնալու համար գիտակրթական տեղեկատվության ժամանակին ու տեղին օգտագործումն այլընտրանք չունի:

Գիտակիրառական հիմնավորում չունեցող ձեռնարկներն ու ծրագրերը շարունակում են լուրջ փորձությունների մատնել երկիրը` հանգեցնելով գիտական ներուժի արտահոսքի և ինովացիոն հնարավորությունների նվազեցման, պրոֆեսորադասախոսական, ուսուցչական անձնակազմերի ծերացման: Պրոֆեսորների միջին տարիքը, օրինակ, ԵՊՀ-ում 62 է, դոցենտներինը` 57: Եթե մինչև 1988թ. Հայաստանում աշխատում էր 25.000 գիտնական, այժմ գրանցված է 7.000-ը, սակայն իրականում այդ թիվն ավելի պակաս է` մոտավորապես 5.000: Միայն մտավոր ուժի արտահոսքից Հայաստանը կորցրել է ավելի քան 20 մլրդ ԱՄՆ դոլար:

Համաձայն միջազգային հեղինակավոր հետազոտությունների` ցանկացած երկրի զարգացման համար անհրաժեշտ է, որ այնտեղ գիտությանը հատկացվի ՀՆԱ-ի 2-3%-ը: ՀՆԱ-ի 1%-ն այն շեմն է, որն անհրաժեշտ է, որպեսզի գոնե պահպանվի առկա մակարդակը, դրանից ցածր ֆինանսավորում ունենալու դեպքում երկրին անխուսափելի հետընթաց է սպասվում: Գիտությունը պետության ամենաարդյունավետ ռազմավարական ներդրումն է, որը թե´ կարճաժամկետ և թե´ երկարաժամկետ կտրվածքով իր նպաստն է բերում մյուս բոլոր ճյուղերի առաջընթացին ու ներդաշնակ զարգացմանը: Հայաստանում գիտության ֆինանսավորման ներկայիս մակարդակն անընդունելի է. այն սպառնում է մեր երկրի երբեմնի հզոր գիտական ներուժի ոչնչացմանը` բազմաթիվ փայլուն գիտնականների արտագաղթի` «ուղեղների արտահոսքի» կամ այլ տեսքով:

Ըստ միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպությունների հաշվարկների` 2050թ. աշխարհում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում արտադրված ՀՆԱ-ն կգերազանցի վառելիքաէներգետիկ ոլորտում արտադրվող ՀՆԱ-ին: ՏՏ ոլորտը Հայաստանում իշխանությունների կողմից հռչակվել է որպես գերակա, սակայն այն խթանող պետական ծրագրերը խիստ անբավարար են այդ ոլորտի ողջ ներուժի բացահայտման և առաջանցիկ զարգացման համար: Մինչդեռ, լինելով գիտելիքահենք, գիտության և կրթության զարգացումը խթանող, տրանսպորտային ծախսեր չպահանջող, տնտեսության ու կառավարման արդյունավետության բարձրացմանը նպաստող ոլորտ, ՏՏ-ն ունի զարգանալու առավել մեծ հեռանկար և ամենաբարձր մակարդակով խրախուսման առավել մեծ կարիք:

Առաջարկում ենք գիտության կառավարման ու համակարգման բնագավառում և գիտության ֆինանսավորումն սկզբնական փուլում (առաջին 5 տարին) հասցնել գիտության դերը կարևորող երկրների մակարդակին` ՀՆԱ-ի 3%-ին, այն իրականացնել հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` նախապես պետական բյուջեում ապահովելով ֆինանսական հատկացումներ` ՀՆԱ-ի 1%-ի չափով, այնուհետև գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում պետական բյուջեի և տնտեսության մասնավոր հատվածի հաշվին աստիճանաբար հասցնել 3%-ի: Որպես գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանման միջոց` կիրառել գիտությունում կատարված ներդրումների կրկնապատիկի չափով շահութահարկի նվազեցում: Համապատասխան օրենքներում փոփոխություններ մտցնելու ճանապարհով ազատել գիտական նշանակություն ունեցող ներկրվող սարքավորումները բոլոր տեսակի հարկերից ու մաքսերից: Ապահովել 2000թ. ընդունված «Թոշակի անցած գիտաշխատողների հավելավճարների մասին» օրենքի կիրառումը ամբողջ ծավալով:

  1. Առաջարկում ենք ընդունել անկախ գիտական փորձաքննության մասին օրենք: Գիտաշխատողների գործունեության գնահատման համար հիմք ընդունել միջազգային չափորոշիչները, այդ թվում` ազդեցության գործակից ունեցող և ինդեքսավորվող ամսագրերում ու ժողովածուներում տպագրված հոդվածների, դրանց հղումների, ինչպես նաև համապատասխան վարկանիշ ունեցող հրատարակչություններում հրապարակվող մենագրությունների քանակը:

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի վերակազմավորման և բարեփոխման միջոցով բարելավել բարձրագույն որակավորման շնորհման մեխանիզմները և դրանք համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին:

Բյուջետային հատկացումներ նախատեսել գիտական սարքավորումներ, համակարգչային տեխնիկա, այլ պարագաներ ձեռք բերելու, բուհերը դասավանդման ժամանակակից տեխնիկական միջոցներով արդիականացնելու, գիտահետազոտական հաստատությունները տեխնիկապես վերազինելու համար:

Երկրի հիմնարար գրադարանները հագեցնել ուսումնական, գիտական և գիտամեթոդական անհրաժեշտ գրականությամբ, ձևավորել գրադարանների տեղեկատվական զինանոցի համացանց:

Մասնագիտական հիմնարկներից և բուհերից երիտասարդ, տաղանդավոր կադրերի արտահոսքը կանխելու, պրոֆեսորադասախոսական, գիտական անձնակազմի երիտասարդացման նպատակներով երիտասարդ գիտնականների համար ստեղծել լրացուցիչ հաստիքներ` բարձր աշխատավարձով և պակաս ծանրաբեռնվածությամբ, կրկնապատկել ասպիրանտուրայի տեղերը, դրանք հնարավորինս համաչափ բաշխել ըստ մասնագիտությունների:

Խթանել գիտություն-արտադրություն կապը, պետական և մասնավոր ֆինանսական ու նյութական միջոցների ներգրավմամբ աշխուժացնել տեխնոպարկերի և տեխնոպոլիսների ձևավորումը՝ նրանց նկատմամբ կիրառելով արտոնյալ հարկային համակարգ և վերացնելով ներմուծվող տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ կիրառվող ավելացված արժեքի հարկը:

Առավել ակտիվ համագործակցություն հաստատել Պաշտպանության նախարարության և Հայաստանի գիտական հաստատությունների միջև` փորձելով Հայաստանում արտադրել թանկ և գիտատար ներդրում պահանջող այնպիսի զինատեսակներ, որոնք այժմ ներկրվում են արտասահմանից, այսինքն` կտրուկ ավելացնել հայրենի գիտությանն իջեցվող ռազմական պատվերների ծավալը: Սա համարում ենք նաև արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման և Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության ամրապնդման խիստ հեռանկարային ուղղություն:

ՏՏ ոլորտում` ներառյալ ինտերնետ-տիրույթը, ծավալվող ցանկացած ձեռնարկատիրական գործունեության, բացի համացանցում շահումով խաղերից, 4 տարով ազատել ԱԱՀ-ից և շահութահարկից:

Գրահրատարակչության ոլորտը լիովին ազատել ավելացված արժեքի հարկից և շահութահարկից: