ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 28.12.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-801-10.12.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու համար.          

1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ. 

1) Նախագծով առաջարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 5-րդ մասում Խորհրդի ձևավորված լինելը պայմանավորել ոչ միայն սահմանված ժամկետում դրա կազմի բոլոր անդամների նշանակման հանգամանքով, այլ նաև Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմը հաստատելու փաստով:          

Հարկ է նշել, որ նույն մասի հաջորդ նախադասությունը սահմանում է, որ սահմանված ժամկետում որևէ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից Խորհրդի անդամ չնշանակվելու դեպքում Խորհուրդը համարվում է ձևավորված նշանակված անդամների կազմով, եթե սույն մասով սահմանված կարգով նշանակվել է Խորհրդի առնվազն երեք անդամ։ Առաջարկվող փոփոխության համատեքստում առաջարկում ենք սույն դրույթում ևս կատարել համապատասխան փոփոխություն՝ սահմանելով, որ (…) Խորհրդի անդամ չնշանակվելու դեպքում Խորհուրդը համարվում է ձևավորված նշանակված անդամների կազմով Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմը հաստատելու օրվանից, եթե սույն մասով սահմանված կարգով նշանակվել է Խորհրդի առնվազն երեք անդամ:  

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությամբ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ նախադասության ձևակերպումը տարընթերցման տեղիք է տալիս՝ Խորհրդի ձևավորված համարվելու օրվա հստակության տեսանկյունից: Մասնավորապես, նման ձևակերպման տառացի մեկնաբանությամբ ստացվում է, որ Խորհրդի կազմի բոլոր անդամների նշանակման և Ազգային ժողովի նախագահի կողմից խորհրդի անհատական կազմը հաստատելու օրերը համընկնում են: Մինչդեռ, պետք է հաշվի առնել, որ անդամների նշանակումը ժամանակային առումով կարող է չհամընկնել ԱԺ նախագահի որոշման կայացմանը՝ հաշվի առնելով, որ Խորհրդի անդամների հաստատումը փուլային առումով հաջորդում է անդամների նշանակմանը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է վերանայել Նախագծի 1-ին հոդվածով ամրագրված իրավակարգավորման ձևակերպումը՝ ներկայացված նկատառումներին համապատասխան:   

Ներկայացվածի հետ մեկտեղ, քննարկվող կարգավորումը խնդրահարույց է այն առումով, որ չի պարունակում հստակ նշում կապված Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմի հաստատման ժամկետի հետ:

Ընդ որում՝ նշված կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված դրույթով, որում նշված սահմանված ժամկետը (տասնօրյա ժամկետ) վերաբերում է Խորհրդի անդամների նշանակմանը:  

Անհրաժեշտ է հստակեցնել Ազգային ժողովի նախագահի կողմից խորհրդի անհատական կազմի հաստատման ժամկետը:

2) Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու կամ կրկին ներկայացված փաստաթղթերը անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում Խորհուրդը կայացնում է որոշում հայտի ընդունումը մերժելու մասին:     

Նախագծի վերոնշյալ կարգավորումը հստակեցման կարիք ունի հայտի ընդունումը մերժելու մասին որոշման կայացման ժամկետի, անձին այդ որոշման մասին ծանուցելու առումով, ինչի հետ ուղղակիորեն կապված է նաև բողոքարկման իրավունքի իրացումը:     

Այսպես, Նախագծի կարգավորումների պարագայում ստացվում է, որ հայտի մերժում ստացած հավակնորդը հայտը մերժելու մասին որոշման մասին տեղեկանում է հարցազրույցի փուլն անցած հավակնորդների ցուցակից, որը հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: 

Նախագծով կարգավորված չէ նաև նույն որոշման ընդունման ժամկետն ու բողոքարկման հետ կապված հարցերը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է Նախագծով հստակեցնել հավակնորդի հայտի ընդունումը մերժելու մասին որոշման ընդունման ժամկետը, դրա մասին ծանուցման ժամկետերն ու եղանակը, ինչպես նաև որոշման բողոքարկման հետ կապված հարցերը:       

3) Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ  Խորհուրդը Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու ընտրելու վերաբերյալ իր որոշումը, իսկ սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքում՝ թեկնածուների ցուցակը, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի միջոցով ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Թեև տվյալ դրույթը գրեթե ամբողջությամբ վերարտադրում է Օրենքի 10.2-րդ հոդվածի 25-րդ մասի կարգավորումները, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու ընտրելու վերաբերյալ Հանձնաժողովը կայացնում է որոշում՝ օրենքի 10.2-րդ հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքում ևս Հանձնաժողովը պետք է կայացնի համապատասխան որոշում: Վերոգրյալի համատեքստում՝ առաջարկում ենք «իսկ սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքում՝» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի անդամների պաշտոնում թեկնածուներ ընտրելու վերաբերյալ իր որոշումը և» բառերը:      

Հաշվի առնելով վերոգրյալ դիտարկումը՝ հարկ է նշել, որ Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում ևս անհրաժեշտ է կատարել փոփոխություն: Մասնավորապես, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Օրենքի 10.3-րդ հոդվածի 1-ին մասում արդեն իսկ նշվում է Ազգային ժողովի նախագահին ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը՝ առաջարկում ենք 2-րդ մասում «Ցուցակին» բառը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերին» բառերով: 

4) Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ Ազգային ժողովի նախագահը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու նպատակով մրցույթն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով հայտարարում է Ազգային ժողովի նախագահի կողմից մրցութային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին իրավական ակտը հրապարակելուց հետո՝ 60 օրվա ընթացքում: 

Տվյալ պարագայում նկատի ունենալով այն հանգամանքը, որ մրցութային խորհրդի անհատական կազմը հաստատելու նպատակով ընդունվելու է անհատական իրավական ակտ՝ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված իրավակարգավորումը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին:     

5) Նախագծի 1-ին հոդվածում «բառերով» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերը» բառով:         

2. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել նախագծով առաջարկվող կարգավորումների բովանդակությանը: Սույն դիտողությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի պահանջներից:                        

                                                                            

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ