ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Ավետիսյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-832-29.12.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
 
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝
 
1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող՝
 
1) Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել նոր 6-րդ կետ` սահմանելով պետական տուրք սնանկության վարույթում չգտնվելու եւ սնանկ ճանաչված չլինելու վերաբերյալ, ինչպես նաեւ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չավարտված դատական գործերի բացակայության վերաբերյալ Դատական դեպարտամենտի կողմից տեղեկատվություն տրամադրելու համար` բազային տուրքի կրկնապատիկի չափով: Նշված առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 36.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաեւ 50-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով Դատական դեպարտամենտի համար օրենսդրի կողմից պարտականություններ են սահմանվել սեղմ ժամկետներում տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ, ինչը հավելյալ ռեսուրսներ է պահանջում նշված գործառույթն իրականացնելու համար:
 
Նշված փոփոխությամբ պայմանավորված առաջարկում ենք Նախագծով նախատեսվող Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում «տալու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ դատական դեպարտամենտի կողմից որոշակի տեղեկություններ տրամադրելու» բառերը:
 
2) Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը հանել Նախագծից, քանի որ արտարժույթով հայցագնի հիման վրա պետական տուրքի հաշվարկման հստակ կանոն սահմանելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ դրանց հաշվարկի հետ կապված՝ կախված հայցադիմումի ներկայացման պահին տվյալ օրվա փոխարժեքի փոփոխության հետ, այնինչ այդ հարցը դատական պրակտիկայում լուծում է ստացել:
 
2. Առաջարկում ենք Նախագծով նախատեսվող Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր արտոնություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
            «դիմողները՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով»:
 
3. Առաջարկում ենք սահմանել նոր արտոնություն` Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսելով նոր կետ.
 
«ռազմական գործողությունների հետեւանքով զոհված (մահացած) կամ դատարանի կողմից մահացած ճանաչված զինծառայողի կամ այլ քաղաքացու ժառանգի դիմումի հիման վրա ժառանգության ընդունման կամ դրանից հրաժարման, ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տրամադրելու, օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ (բացառությամբ նվիրատվության պայմանագրերի վավերացման), 17-րդ եւ 21.2-րդ մասերով նախատեսված նոտարական գործողություններ իրականացնելու համար:»:
 
4. Առաջարկում ենք փոփոխել Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝ սահմանելով Օրենքի ուժի մեջ մտնելու ավելի երկար՝ մեկամսյա ժամկետ:
 
 
Հարգանքով՝ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ