ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Ավետիսյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-853-02.02.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝   

1. Նախագծի 2-րդ հոդվածում նախատեսված` Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը 13-րդ կետով լրացնելու վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել, որ «Կառավարության կողմից սահմանված կարգով ուսումնասիրել» ձևակերպման պարագայում անորոշ է՝ ինչն է պարտավոր ուսումնասիրել հարկային մարմինը: Հետևաբար առաջարկում ենք քննարկվող հատվածը վերախմբագրել և շարադրել հետևյալ կերպ՝ 

«13) հարկ վճարողի դիմումի հիման վրա` Կառավարության կողմից հաստատված կարգով սահմանված չափանիշներին բավարարելու դեպքում տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կամ մերժել օրինապահ հարկ վճարող համարվելու հավաստագրի տրամադրումը»:                   

2. Նախագծի 3-րդ հոդվածում «293.1-րդ» թիվն առաջարկում ենք փոխարինել  «293.1-ին» թվով:

Միաժամանակ առաջարկում ենք Օրենսգրքում նոր լրացվող 293.1-ին հոդվածը տեքստից անջատել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը։       

3. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 293․1-ին հոդվածի 1-ին մասից հարց է ծագում, հարկ վճարողի օրինապահությունը հավաստվում է Օրենսգրքով, թե՞ Կառավարության սահմանած կարգով:     

Բացի այդ, կարծում ենք «կարող է հավաստվել» արտահայտությունը խիստ վիճահարույց է և սուբյեկտիվ դրսևորումների տեղիք տվող, քանի որ նշանակում է, որ կարող է նաև չհավաստվել: Մինչդեռ, եթե հարկ վճարողը բավարարում է օրինապահ հարկ վճարող համարվելու համար Կառավարության կողմից սահմանված բոլոր չափանիշներին, ապա դրանից ենթադրվում է, որ միանշանակ հավաստագրվում է: Հետևաբար, առաջարկում ենք «կարող է հավաստվել» արտահայտությունը փոխարինել «հավաստվում է» բառերով: Արդյունքում Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 293․1-ին հոդվածի 1-ին մասը առաջարկում ենք վերախմբագրել և շարադրել հետևյալ կերպ՝         
         

«1․Ավելացված արժեքի հարկ վճարողների դիմումի հիման վրա և ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին բավարարելու դեպքում համապատասխան հավաստագրի տրամադրման միջոցով հավաստվում է հարկ վճարողի օրինապահությունը։» 
         

4. Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի՝ օրենսգրքում նոր լրացվող 293.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում առաջարկում ենք «և(կամ)» գրելաձևը փոխարինել «կամ»-ով:    
         

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝         
         

1. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, նախագծի վերնագրից և 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը:        
         

2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, նախագծի նոր լրացվող 4.3-րդ հոդվածը տեքստից առաջարկում ենք անջատել միջակետով, իսկ Նախագծի հոդված 1-ը ավարտել վերջակետով:                       
                                     
Հարգանքով`  ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ