ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Գալստյան

                   
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-800-09.12.2020,04.02.2021-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

1) Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասում «տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերը փոխարինել «տասնհինգից քսան տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ» բառերով: Առաջարկվող փոփոխությունից հետևում է, որ պետական դավաճանության համար ցմահ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս չի կարող քննարկման առարկա դառնալ գույքի բռնագրավումը որպես լրացուցիչ պատիժ կիրառելու հնարավորությունը: Այլ կերպ՝ Նախագծի պարագայում ստացվում է, որ որոշակի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակելու դեպքում կարող է կիրառվել նաև քննարկման առարկա լրացուցիչ պատիժը, իսկ ցմահ ազատազրկման ձևով պատժի դեպքում՝ ոչ: Կարծում ենք՝ նշյալ լրացուցիչ պատժի կիրառման առումով այդպիսի տարբերակված մոտեցումը խնդրահարույց է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների տեսանկյունից: Հետևաբար, առաջարկում ենք խնդրո առարկա լրացուցիչ պատժի կիրառման հնարավորությունը նախատեսել նաև ցմահ ազատազրկման ձևով առաջարկվող պատժի կիրառման դեպքում:

2) Հանցավոր արարքների հանրային վտանգավորությամբ պայմանավորված՝ առաջարկում ենք՝ կա՛մ բարձրացնել խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված առաձին հանցագործությունների, օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով (ցեղասպանություն), 393.1-րդ հոդվածի 3-րդ մասով (ցեղասպանության ուղղակի և հրապարկային հրահրումը) նախատեսված հանցակազմերի համար որոշակի ժամկետով ազատազրկման ձևով սահմանված պատիժների ստորին շեմերը, կա՛մ առնվազն մեկ տարով նվազեցնել պետական դավաճանության համար որոշակի ժամկետով ազատազրկման ձևով առաջարկվող պատժաչափի ստորին շեմը:

3) Պետական դավաճանություն և լրտեսություն հանցագործությունների հանրային վտանգավորությանը համարժեք սանկցիաների նախատեսման և քրեական օրենսգրքի հիմքում ընկած` արդարության և պատասխանատվության անհատականացման, պատժի համաչափության անկյունաքարային սկզբունքների երաշխավորման տեսանկյունից առաջարկում ենք պետական դավաճանության համար առաջարկվող սանկցիային համահունչ խստացնել նաև լրտեսության համար նախատեսվող սանկցիան՝ վերջինում ներառելով նաև ցմահ ազատազրկումը: Ասվածը հիմնավորվում է նրանով, որ օբյեկտիվ կողմի տեսանկյունից խնդրո առարկա երկու հանցակազմերն էլ աչքի են ընկնում հանրային բարձր վտանգավորությամբ, ուղղված են միևնույն օբյեկտի դեմ և տարբերվում են, ըստ էության, միայն սուբյեկտով (պետական դավաճանության դեպքում սուբյեկտը ՀՀ քաղաքացին է, լրտեսության դեպքում՝ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը): Վերջին հատկանիշով պայմանավորված՝ ընդունելի է, որ հանցակազմերի համար նախատեսվող սանկցիաների ստորին շեմերը կարող են միմյանցից տարբերվել, բայց եթե հարաբերական սանկցիաների վերին շեմերը նույնանում են (20 տարի), ապա կարծում ենք՝ նման պայմաններում լրտեսության հանցակազմի դեպքում ևս պետք է նախատեսվի ցմահ ազատազրկման ձևով պատժատեսակը:                
                   
                   
          Հարգանքով՝          ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ