«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  (Խ-858-05.02.2021-ՊԱ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

           Նախագծով առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսել նաև միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող այն քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մինչև ուսումնառության ավարտը տարկետում ստանալու հնարավորությունը, ովքեր նախկինում ստացած տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ դեռևս շարունակում են ուսումնառությունն այդ կրթական ծրագրով:

          Նախագծի ընդունումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ «Կրթության մասին» ու «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքների կարգավորումների շրջանակներում օրենսդիրը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը դիտարկել է միևնույն հարթակում՝ այդ ոլորտում պետության վրա նույնաբնույթ պարտավորություններ դնելով, սակայն օրենքը սահմանել է խտրական մոտեցում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների միջև, քանի որ եթե 19 տարին լրացած և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված է մինչև ուսումնառության ավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետում ստանալու հնարավորությունը, ապա 19 տարին լրացած և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների համար այդ իրավունքը սահմանված չէ:       
          Օրենսդրական նախաձեռնության հիմնավորումները հասկանալի են, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կիսում այն տեսակետը, որ օրենսդիրը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը դիտարկել է միևնույն հարթակում, քանի որ այդ ծրագրերով ուսումնառության ժամկետները և դրա հիման վրա նաև ուսումնառության բովանդակությունները տարբեր են: Մասնավորապես, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 8-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառության ժամկետը 6 ամսից մինչև 3 տարի է, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 2 տարուց մինչև 5 տարի է: Այս ժամկետներն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված զորակոչային տարիքի հետ համադրության արդյունքում ակնհայտ է, որ եթե առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառություն անցնող քաղաքացուն տրվող տարկետման առավելագույն ժամկետը տեսականորեն չի կարող գերազանցել քաղաքացու 20 տարեկանը լրանալը (այն էլ բացառապես այն դեպքերում, երբ քաղաքացին որևէ հիմքով բաց թողնված ժամկետ է ունեցել հանրակրթական կրթական ծրագրով ուսումնառության ընթացքում, ինչպես նաև պրակտիկայում չեն հանդիպում դեպքեր, երբ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով քաղաքացին ուսումնառության է ընդունվում հանրակրթական 12-ամյա կրթական ծրագրի ավարտից հետո), ապա միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառություն անցնող քաղաքացուն տրվող տարկետման առավելագույն ժամկետը տեսականորեն կարող է հասնել մինչև քաղաքացու 23 տարեկանը: Հաշվի առնելով նաև, որ բակալավրի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում քաղաքացուն տրվող տարկետման ժամկետները ևս հիմնականում ավարտվում են նրա 22-23 տարեկան միջակայքում, փաստացի ստացվում է իրավիճակ, երբ նույն տարիքային ժամանակահատվածում օրենսդիրը բակալավրի կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետման հնարավորություն է սահմանել սահմանափակ թվով քաղաքացիների համար («Պատիվ ունեմ» ծրագրի և գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների շրջանակներում), իսկ նույն տարիքային ժամանակահատվածում տարկետում կարող են ստանալ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառություն անցնող բոլոր քաղաքացիները: Նշված հանգամանքը միանշանակ իր բացասական ազդեցությունն է թողնելու նաև թե՛ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և թե՛ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործընթացի վրա:  

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: