ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Ավետիսյան

                                       
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-884-02.03.2021,09.04.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.       
           «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում ենք՝  
          1. նախագծի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին,    
          2. նախագծի 1-ին հոդվածում «3-րդ մասի» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով,   
          3. 2-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը՝ «և կառուցապատողի համար միացման համար անհրաժեշտ աշխատանքները նվազագույն ծախսերով իրականացնելու պայմաններից:» բառերից հետո, լրացնել «Նշված պայմանները ապահովելու անհնարինությունը պետք է լինի հստակ հիմնավորված:» բառերով,      
          4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:        
          «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընդունված՝ Կառավարության աշխատակարգի 12-րդ հոդվածի համաձայն  Հայաստանի Հանրապետության օրենքը հրապարակվելուց հետո 20-օրյա ժամկետում պետական կառավարման համակարգի մարմինը, որի ներկայացուցիչն Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես է եկել որպես Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ (հարակից զեկուցող) վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին վարչապետի որոշման նախագիծ, որում նշվում են oրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը, իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները, իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը, իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը, իրավական հիմքը՝ հստակ նշելով այն հոդվածը, մասը կամ կետը, որով նախատեսված է համապատասխան իրավական ակտի ընդունումը:     
          Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկվում է նախագծի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.   
          «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:    
          2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հինգ ամսվա ընթացքում:»:
     
                   
          «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.   
          1. նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ` «այն է քաղաքաշինության մասին օրենքի 21.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության պահանջները չպահպանելը» եզրույթը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, քանի որ «Քաղաքաշինության մասին» օրենքում հիշատակված հոդվածը, կամ նման պահանջներ սահմանող այլ հոդված առկա չէ:      2. Նախագծի համաձայն՝ նախատեսվում է օրենսգրքի 157.2 հոդվածը լրացնել նոր            2-րդ և 3-րդ մասերով, համաձայն որի՝ «Ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, ինչպես նաև դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը, Կառավարության սահմանած ընթացակարգերի եւ ժամկետների խախտմամբ կամ դրա տրամադրման մերժումն` օրենսդրությամբ չնախատեսված պատճառաբանությամբ`    
          առաջացնում է նախազգուշացում համայնքի ղեկավարի նկատմամբ:    
          Նույն արարքը, եթե կատարվել է նույն անձի նկատմամբ` յուրաքանչյուր հաջորդ անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` 
          առաջացնում է տուգանքի նշանակում համայնքի ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
          Այս առումով հարկ է նշել, որ լրացվող 2-րդ մասը շարադասության տեսանկյունից խմբագրման կարիք ունի: Միևնույն ժամանակ, 2-րդ մասով սահմանվում է պատասխանատվություն ճարտարապետահատակագծային առաջադրանքի Կառավարության սահմանած ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ տրամադրման համար:   
          Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 157.2-րդ հոդվածի համաձայն՝ արդեն իսկ նախատեսված է պատասխանատվություն՝ սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելու համար: 
           Բացի այդ, առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում միևնույն արարքի համար նախատեսվում են տույժի տարբեր տեսակներ՝ գործող և լրացման արդյունքում ուժի մեջ մնացող տարբերակով՝ տուգանք, առաջարկվող դեպքում՝ և՛ տուգանք, և՛ նախազգուշացում, առաջին դեպքում՝ պաշտոնատար անձի համար, երկրորդում՝ համայքնի ղեկավարի, ով նույնպես պաշտոնատար անձ է:    
          Բացի այդ 157.2 հոդվածում առաջարկվող՝ «Նույն արարքը, եթե կատարվել է նույն անձի նկատմամբ` յուրաքանչյուր հաջորդ անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`…» ձևակերպումից հետևում է, որ համայնքի ղեկավարը կրկնվող զանցանքի դեպքում ավելի խիստ պատասխանատվության կենթարկվի միայն այն դեպքում, երբ այդ արարքը թույլ տա նույն անձի նկատմամբ։      
          Օրենսգրքի 157.2 հոդվածում առաջարկվող փոփոխությունը հակասում է համաչափության սկզբունքին՝ զանցաքնի սուբյեկտը օրենսգրքով նախատեսված արարքը կրկնակի կատարելու համար պետք է ավելի խիստ պատասխանատվության ենթարկվի անկախ այն հանգամանքից, թե ում նկատմամբ է այն կատարվել՝ նույն անձի, թե մեկ ուրիշ։    
          Միևնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ օրենսգրքի 157.2-րդ հոդվածի վերնագիրը վերաբերում է սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելուն: Հետևաբար ճարտարապետահատակագծային առաջադրանքների  տրամադրման մերժման մասով կարգավորման սահմանումը, ինչպես նաև «դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը Կառավարության սահմանված ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ տրամադրելու» կարգավորումը դուրս են հիշյալ հոդվածի կարգավորման առարկայից:          
          Հաշվի առնելով վերոգրյալն՝ առաջարկվում է նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.         
          «Հոդված 1.  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 157.2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
          Հոդված 1572. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը սամանված ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ տրամադրելը կամ օրենքի խախտմամբ դրանց տրամադրումը մերժելը.       
          Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը սամանված ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ տրամադրելը կամ օրենքի խախտմամբ դրանց տրամադրումը մերժելը՝
          առաջացնում է նախազգուշացում համայնքի ղեկավարի նկատմամբ:         
          Նույն արարքը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`         
          առաջացնում է տուգանքի նշանակում համայնքի ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»     

          3. Նոր խմբագրությամբ շարադրվող օրենսգրքի 157.3-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ նախատեսվում է պատասխանատվություն սահմանել ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից ելակետային տվյալներ կամ տեխնիկական պայմանները Կառավարության սահմանած ընթացակարգի կամ ժամկետների խախտմամբ կամ ոչ բարենպաստ պայմաններում տրամադրելը:   
          Այս առումով գտնում ենք, որ պարզաբանված չէ «ոչ բարենպաստ պայմաններում տրամադրելը» դրույթները: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը իր 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է, որ օրենսդրությունը ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը կարևորել է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու դրանց կատարման օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական իրավանորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։       
          Ուստի, սույն դիտարկումների հիման վրա հոդվածի հիշյալ դրույթները իրավական որոշակիության տեսանկյունից լրամշակման կարիք ունեն: 

 

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ