ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Ավետիսյան

                               
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Էներգախնայողության և վերա-կանգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-8551-05.02.2021,09.04.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ ներկայացնում է հերևյալ դիտարկումները՝

1. Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է ներկայումս գործող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով հարկային և հաշվապահական հաշվառման հարաբերություններում հաշվետու (հարկային) տարվա համար «հունվարի 1-ից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը» սահմանված հաշվարկային տարին փոփոխել՝ փոխարենը սահմանելով նոր ժամկետ «օրացույցային տարվա մայիսի 1-ից մինչև հաջորդ օրացույցային տարվա ապրիլի 30-ը…», ինչը հարկային և ֆինանսական հաշվառման լրացուցիչ բարդություններ է առաջացնելու ինչպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, այնպես էլ իրավաբանական անձ հանդիսացող ինքնավար էներգաարտադրողների մոտ, քանի որ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 05.10.2016թ. N273-Ն և 09.08.2017թ. N 344-Ն որոշումներով սահմանված գործող կարգավորումներով ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարած էլեկտրական էներգիայի քանակը և դրա դիմաց հատուցման ենթակա գումարի չափը ևս որոշվում է հաշվարկային տարվա համար:

2. Նախատեսվում է, որ ինքնավար էներգաարտադրողի՝ տարվա արդյունքներով հավասար փոխհոսքերից ավելի առաքած էլեկտրական էներգիայի դիմաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հատուցվող էլեկտրական էներգիայի սակագինը հավասար լինի միադրույք սակագնային համակարգում էներգաարտադրողին տրված ամենացածր սակագնին։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրականացման գործողությունների պլանի կատարման նպատակով մշակվել և արդեն շրջանառության մեջ է դրվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է վերանայել ինքնավար էներգաարտադրության կազմակերպման և այդ գործընթացի շրջանակում հաշվառման մոտեցումները:                        

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի ընդունումը և առաջարկում է ներկայացված նախագծի դրույթներին անդրադառնալ առաջիկայում կառավարության կողմից Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացվելիք «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումների շրջանակներում: 
         

          ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ