ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան            
                                                         
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-054-28.09.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.   

1. Օրենսգրքի 390-րդ հոդվածում 4-րդ մաս լրացնելու հետ կապված առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասում` բացառություն նախատեսելով նաև նույն հոդվածում լրացվող 4-րդ մասով սահմանվող դեպքերի համար:  

Այդ կապակցությամբ նախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք լրացնել 1-ին կետով, որի համաձայն օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի «3-րդ մասում» բառերը կփոխարինվեն «3-րդ և 4-րդ մասերով» բառերով:

2. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով և 7-րդ հոդվածի 1-ին կետով կատարվող փոփոխությունները առաջարկվում է կիրառել նաև խոտանված ակցիզային դրոշմանիշերի մասով` հաշվի առնելով, որ օրենսգրքի 422-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասով տրվող սահմանումը` նույն գլխի կիրառման իմաստով խոտանված համարվելու կանոնը, տրված է ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների համար:  

Այդ կապակցությամբ նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետում և 7-րդ հոդվածի 1-ին կետում «խոտանված» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ակցիզային դրոշմանիշերի և (կամ)» բառերը:         

3. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ կետով օրենսգրքի 422-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասի 3-րդ կետում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով:

4. Օրենսգրքի 423-րդ հոդվածի 2-րդ մասով հնարավորություն է տրված  դրոշմավորված ապրանքները պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարվելու դեպքում պիտանիության ժամկետը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով դուրս գրել և այդ դեպքում վճարել միայն դրոշմապիտակների տպագրության համար կատարված ծախսերը: Առաջարկում ենք այդ դրույթները կիրառել նաև ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների նկատմամբ` սահմանելով, որ դրոշմավորված ապրանքները ոչ պիտանի համարվելու դեպքում կարող են Կառավարության սահմանված կարգով դուրս գրվել անկախ պիտանիության ժամկետից:           

Այդ կապակցությամբ նախագծի 8-րդ հոդվածը առաջարկում ենք լրացնել 2-րդ կետով, որի համաձայն` օրենսգրքի 423-րդ հոդվածի 2-րդ մասում «390-րդ հոդվածում նշված` պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքները պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարվելու և այդ ժամկետի ավարտից հետո Կառավարության սահմանած կարգով դուրս գրվելու դեպքում այդ ապրանքների վրա փակցված» բառերը կփոխարինվեն «389-րդ և 390-րդ հոդվածներում նշված ապրանքները Կառավարության սահմանած կարգով դուրս գրվելու դեպքում այդ ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի և» բառերով:

5. Օրենքի դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել նախագծով նախատեսվող ենթաօրենսդրական ակտի ընդունման համապատասխան ժամկետ:   

Այդ կապակցությամբ նախագծի 10-րդ հոդվածը առաջարկում ենք լրացնել նոր նախադասությամբ, որի համաձայն նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը հարկային մարմինը պետք է ընդունի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: 
                  
 Հարգանքով՝  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ