ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

       Հարգելի պարոն Նարիբեկյան                      
                                                                              
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 18.11.2021թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-052-28.09.2021,09.11.2021-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:                
1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվում է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «քաղաքացիական ծառայող» բառերից հետո լրացնել «, փորձագետ և մասնագետ» բառերը, արդյունքում նախատեսելով, որ  հաշվեքննողը՝ հաշվեքննություն, ստուգում իրականացնող հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողն է, փորձագետը և մասնագետը:    

Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում «քաղաքացիական ծառայողների» բառերը փոխարինել «հաշվեքննողների» բառով, արդյունքում նախատեսելով, որ հաշվեքննիչ պալատի հաշվեքննողների` հաշվեքննությանը վերաբերող օրինական պահանջները պարտադիր են հաշվեքննության օբյեկտի ղեկավար և այլ պաշտոնատար անձանց համար:       

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն ՝  (…) Հաշվեքննությանը քաղաքացիական ծառայողների հետ համատեղ, պալատի որոշմամբ կարող են մասնակցել նաև քաղաքացիական աշխատանք կատարող անձինք, որոնք ևս պետք է լիարժեք ներգրավված լինեն հաշվեքննության գործընթացին: Այդ նպատակով համապատասխան լրացում է կատարվել Օրենքի 1-ին հոդվածում՝ այսուհետ, որպես հաշվեքննող դիտարկելով նաև փորձագետներին և մասնագետներին: Նշյալ լրացումը առաջարկվում է Հաշվեքննիչ պալատի կողմից (…):    

Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավակարգավորումներին.     
«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի գործող 13-րդ կետի համաձայն՝  հաշվեքննողը` հաշվեքննություն, ստուգում իրականացնող հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողն է:

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 14-րդ և 15-րդ կետերի համաձայն՝ մասնագետը` պայմանագրային կարգով հաշվեքննության, ստուգման գործընթացում ներգրավվող` համապատասխան բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձն է, իսկ փորձագետը` պայմանագրային կարգով հաշվեքննության, ստուգման գործընթացում ներգրավվող` հաշվեքննության և ստուգման վերաբերյալ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձը:       

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ հաշվեքննության առաջադրանքը` հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող փաստաթուղթ է, որում նշվում են ծրագրային կետում ներառված հաշվեքննության օբյեկտը, առարկան, կատարման ժամկետը, հաշվեքննությունը ընդգրկող ժամանակաշրջանը, հաշվեքննության տեսակը, ընթացակարգը, հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումը, պաշտոնատար անձինք, այդ թվում` հաշվեքննողները, փորձագետները և մասնագետները:   

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ ստուգման առաջադրանքը` հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող փաստաթուղթ է, որում նշվում են ծրագրային կետում ներառված հաշվեքննության օբյեկտին առնչվող ստուգման օբյեկտը, առարկան, կատարման ժամկետը, ստուգումն ընդգրկող ժամանակաշրջանը, հաշվեքննության տեսակը, ընթացակարգը, ստուգումն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումը, պաշտոնատար անձինք, այդ թվում` հաշվեքննողները, փորձագետները և մասնագետները:    

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի՝ Հաշվեքննողի լիազորությունները սահմանող 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հաշվեքննողն իրավասու է տվյալ ծրագրային կետի շրջանակներում՝    

1) իրականացնելու հաշվեքննություն. 

2) հաշվեքննության օբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից պահանջելու հաշվեքննության առարկային առնչվող առկա էլեկտրոնային շտեմարանների հասանելիություն, փաստաթղթեր, անհրաժեշտ տեղեկանքներ, տեղեկատվություն, հաշվապահական հաշվետվություններ, դրանցից դուրս գրելու տեղեկություններ և ստանալու պարզաբանումներ: Օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվությանը հաշվեքննողը կարող է ծանոթանալ տվյալ գաղտնիքի համար օրենքով սահմանված դեպքում և կարգով.  

3) հաշվեքննության ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ հաշվեքննվող օբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից ստանալու գրավոր, բանավոր բացատրություններ.       

4) մուտք գործելու հաշվեքննության օբյեկտի տարածքներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.       

5) անհրաժեշտության դեպքում հաշվեքննության գործընթացին ներգրավելու հաշվեքննության օբյեկտի մասնագետներին` հաշվեքննության օբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ (…):   

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատն իրավասու է նույն օրենքով սահմանված կարգով պայմանագրային հիմունքներով հաշվեքննության գործընթացում ներգրավելու համապատասխան բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետի կամ հաշվեքննության վերաբերյալ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետի: Մասնագետը կամ փորձագետը իրավասու է հաշվեքննության ընթացքում իրականացնելու նույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված իրավունքները և պետք է կրի 4-րդ մասով սահմանված պարտականությունները:

Վերոգրյալ կարգավորումների համակարգային և բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք) ամրագրված կարգավորումները հստակ տարանջատում են հետևյալ երեք սուբյեկտներին՝ հաշվեքննող, մասնագետ, փորձագետ: Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված հասկացությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ մասնագետը կամ փորձագետը պայմանագրային կարգով հաշվեքննության, ստուգման գործընթացում ներգրավվող հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձն է: Ավելին, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 37-րդ հոդվածում ամրագրված կարգավորումներից պարզ է դառնում նաև, որ մասնագետը կամ փորձագետը իրավասու են հաշվեքննության ընթացքում իրականացնելու նույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված իրավունքները՝ բացի հաշվեքննություն իրականացնելուց:

Այս առումով նկատի ունենալով մասնագետի և փորձագետի կողմից հաշվեքննության իրականացմանը ներգրավվելու նպատակը և միևնույն ժամանակ  հաշվի առնելով վերջիններիս լիազորությունները՝ հարկ ենք համարում նշել, որ ներկայացված Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է և չի բխում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով ամրագրված  կարգավորումների տրամաբանությունից:     

Սույն դիտողությանը համապատասխան անհրաժեշտ է վերանայել նաև Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվող կարգավորումը:    

2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Մասնավորապես, նույն հոդվածով առաջարկվում է սահմանել Հաշվեքննիչ պալատի գործունեության օրինականության, գաղտնիության, ազնվության, բանիմացության սկզբունքները՝ նախատեսելով, որ Հաշվեքննիչ պալատի անդամները և հաշվեքննողները՝ գործում են միայն օրենքով իրենց վերապահված գործառույթների շրջանակներում, չեն կարող տարածել իրենց հասանելի՝ օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվությունը, բազմակողմանի ուսումնասիրում են իրենց տրամադրված ողջ տեղեկատվությունը, պետք է ունենան համապատասխան որակավորումներ և գիտելիքներ:       

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված կարգավորման բովանդակությունը որոշակի և հստակ չէ, այն թույլ չի տալիս հստակ պատկերացում կազմել այն մասին թե նույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները՝ կոնկրետ որ սկզբունքի պահպանման են միտված, մասնավորապես օրինակ՝ առաջարկվող կարգավորումից պարզ չէ թե Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի վերնագրում նշված ազնվության սկզբունքը ինչպես, ինչ պահանջների պահպանմամբ է դրսևորվելու: 

Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադառնալով իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին արձանագրել է, որ «1) .… օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (…) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630), 30 2) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը» (ՍԴՈ-753):

3. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 10-րդ հոդվածը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորումից  պարզ է դառնում, որ (…) Նախագծով Օրենքի 10-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելու առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն ամրագրված է Օրենքի 16-րդ և 22-րդ հոդվածներում, որտեղ նշվում են մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրի հաստատմանը և վերապատրաստումների պարբերականությանը վերաբերող դրույթներ (…), մինչդեռ այս առումով հարկ ենք համարում նշել, որ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 10-րդ հոդվածում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրի հաստատմանը վերաբերվող կարգավորումներից բացի ամրագրված են նաև այլ կարգավորումներ, որոնք վերաբերվում են հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվողների համար չափորոշիչների սահմանմանը:        

Ուստի, տվյալ պարագայում նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 10-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել ամբողջությամբ՝ հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:      

4. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:       

Այս կապակցությամբ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը և 39-րդ հոդվածի 1-ին մասը կրկնվում են, ուստի անհարկի կրկնությունից խուսափելու համար առաջարկվում է 31-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը դադարեցնել։        

Մինչդեռ հարկ է նկատել, որ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաշվեքննության իրականացման համար հաշվեքննիչ պալատը կարող է օգտագործել հաշվեքննվող օբյեկտի ներքին աուդիտի արդյունքները: Այդ նպատակով հաշվեքննիչ պալատն ուսումնասիրում է հաշվեքննվող օբյեկտի ներքին աուդիտի համակարգի արդյունավետությունը և ներկայացնում առաջարկություններ դրա բարելավման համար:    

Վերոնշյալ դրույթի բովանդակության մեկնաբանությունից պարզ է դառնում, որ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը կրում է դիսպոզիտիվ բնույթ։ Այսինքն՝ վերջինս հաշվեքննողին հնարավորություն է տալիս սեփական կամքով հաշվեքննության իրականացմամբ օգտագործել հաշվեքննվող օբյեկտի ներքին աուդիտի արդյունքները կամ ոչ։ Ի հակառակ նշված կարգավորման՝ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը կրում է իմպերատիվ բնույթ, որին համապատասխան հաշվեքննության իրականացմամբ հաշվեքննիչ պալատն ուղղակի պարտավորություն է կրում ուսումնասիրել  հաշվեքննության օբյեկտի ներքին աուդիտի համակարգի արդյունավետությունը։

Հարկ ենք համարում նշել, որ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատը իրավասու է ուսումնասիրելու իր կողմից հաշվեքննվող մարմինների ներքին աուդիտի համակարգի արդյունավետությունը: Այդ իրավասությունը դրսևորվել է օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ և 39-րդ հոդվածի 1-ին մասերում՝ համապատասխանաբար մի դեպքում կրելով իմպերատիվ, մյուս դեպքում՝ դիսպոզիտիվ բնույթ: Ուստի կրկին առաջարկում ենք քննարկել օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի փոխարեն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչելու հարցը։

         

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ