ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջարկում եմ առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված 150-րդ հոդվածի 9-րդ մասով առաջարկվող փոփոխությունը  հանել` ուժի մեջ թողնելով մինչև առաջարկվող փոփոխությունը գործող ձևակերպումը` «Գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով»:    

Միևնույն ժամանակ առաջարկում եմ նաև հանել օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված  14-րդ մասից հետո լրացվող 14.1-ին մասը:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Ըստ Նախագծի  1-ին հոդվածի 5–րդ մասով առաջարկվող լրացման՝ ֆիզիկական անձը պասիվ եկամուտների հարկման առումով ընկնում է հաշվեգրման մեթոդով հաշվառման դաշտ: Նման լրացման՝ այս փուլում ընդունելու անհրաժեշտությունը որևէ կերպ չի փաստարկվել նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ:

Ըստ էության ներկայացված Նախագծի հիմնական նպատակը տնտեսավարող սուբյեկտների կողմից ագրեսիվ հարկային պլանավորման, շահութահարկի բազայի նվազեցման դեպքերը կանխելու եւ հարկային հաշվառման որոշ հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ է պայմանավորված:

Կառավարության կողմից ներկայացված նախագծի հիմնավորման մեջ որևէ ձևակերպում չկա, որը վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի վճարումից խուսափելու կամ ագրեսիվ հաշվառում վարելու դեպքերի մասով։

Ավելին, 14.1-րդ հոդվածով առաջարկվող լրացումը կհանգեցնի նրան, որ որոշ դեպքերում, մասնավորապես պասիվ եկամուտները, այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստանալու դեպքում, կհարկվեն 20 տոկոս դրույքաչափով, 10 տոկոս դրույքաչափի փոխարեն։

Ուստի, այս դեպքում ֆիզիկական անձանց ստացման ենթակա պասիվ եկամուտների եկամտային հարկի ավելացումը՝ 10 տոկոսից 20 տոկոս ընդունելի չէ և կարող է հանգեցնել ստվերի ավելացման, քանի որ նույնիսկ 10 տոկոսի դեպքում ֆիզիկական անձը հակված է թաքցնել իր ստացած պասիվ եկամուտները։ 

Այդ իսկ պատճառով, առաջարկում եմ 14.1-րդ առաջարկվող լրացումը հանել և այս դեպքում ֆիզիկական անձանց ստացման ենթակա պասիվ եկամուտների եկամտային հարկը թողնել անփոփոխ՝ 10 տոկոս դրույքաչափով։

Այս ոլոտում անհրաժեշտ է ոչ թէ հարկային բեռը մեծացնելով տնտեսվարողին բարեխիղճ հարկատու դարձնել, այլ նոր գործիքակազմ կիրառել, վարչարարությունը ավելի արդյունավետ իրագործելու համար։