ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-200-15.03.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

1. Առաջարկում ենք նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառից հետո լրացնել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը։

2. Առաջարկում ենք նախագծում ավելացնել նոր 2-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

2.1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, գործունեության պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ, ինչպես նաև թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի նկատմամբ իրականացվող հսկողության (տեսչական վերահսկողություն) շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված տեսչական մարմինը կարող է իրականացնել նմուշառում և լաբորատոր փորձաքննություն, որի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացմամբ:»:

Լրացման նպատակը հսկողության մեխանիզմի ապահովումն է:

3. Նախագծի 2-րդ (նոր համարակալմամբ՝ 3-րդ) հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «այն անձանց» բառերն առաջարկում ենք փոխարինել «այն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին» բառերով՝ նկատի ունենալով նույն հոդվածի 1-ին պարբերությունը:

4. Նախագծի 3-րդ (նոր համարակալմամբ՝ 4-րդ) հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն՝ երեսակված թանկարժեք քարերի վաճառքը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ֆիզիկական անձանց իրականացվում է յուրաքանչյուր թանկարժեք քարի կամ միասնական փաթեթում ներառված 2 և ավելի երեսակված թանկարժեք քարերի խմբաքանակի հավաստագրի առկայության դեպքում:

Հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 9-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, համաձայն որոնց՝ երեսակված թանկարժեք քարերի վաճառքը (իրացումը) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ֆիզիկական անձանց իրականացվում է համաձայն մանրածախ առքուվաճառքի պայմանագրի՝ յուրաքանչյուր քարի կամ միասնական փաթեթում ներառված 2 և ավելի երեսակված թանկարժեք քարերի խմբաքանակի սերտիֆիկատի (վկայականի) առկայության դեպքում:

Սերտիֆիկատը (վկայականը) տրվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված մարմնի (կազմակերպության) կողմից:

Երեսակված թանկարժեք քարերի սերտիֆիկացումը (վկայագրումը) իրականացվում է անդամ պետության օրենսդրության համաձայն:

Նկատի ունենալով, որ առկա են Նախագծով նախատեսված և Համաձայնագրով սահմանված կարգավորումների միջև անհամապատասխանություններ, ուստի առաջարկում ենք Նախագծով նախատեսված կարգավորումը համապատասխանեցնել Համաձայնագրի վերոնշյալ դրույթին:

5. Առաջարկում ենք նախագծի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին:

6. Առաջարկում ենք նախագծի 11-րդ հոդվածը (նոր համարակալմամբ՝ 12-րդ հոդված) վերնագրել «Եզրակափակիչ մաս և անցումային դրույթներ», ինչպես նաև հոդվածում նախատեսել անցումային դրույթ՝ նախատեսելով Նախագծից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետները:    
                   


          Հարգանքով՝                   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ