Առաջնորդվելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով, Ձեզ եմ ներկայացնում 2022 թվականի մարտի 28-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված <<Մաքսային կարգավորման մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> (Կ-217-28.03.2022-ՏՀ-011/0), <<Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին>> օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> (Կ-2171-28.03.2022-ՏՀ-011/0), «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին>> (Կ-2172-28.03.2022-ՏՀ-011/0), <<Պետական սահմանի մասին>> օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> (Կ-2173-28.03.2022-ՏՀ-011/0) և կից այլ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկները։

Առաջարկի հեղինակը

Նախագծի անունը և հոդվածը

Առաջարկը

Նարեկ Զեյնալյան

<<Պետական սահմանի մասին>> օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> (Կ-2173-28.03.2022-ՏՀ-011/0)

Առաջարկում եմ նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի 1-ին մասում <<մաքսային մարմինները>> բառերից հետո լրացնել <<, ինչպես նաև առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը>> բառերը։

Առաջարկում եմ նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<2․Պետական սահմանը հատող ֆիզիկական անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային վերահսկողության, մաքսային հսկողության, ֆիզիկական անձանց նկատմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության:>>։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ։ ՀՀ տարածքի սանիտարական պաշտպանությունը ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման համապետական համակարգի մի մասն է: 

Հայաստանը սերտորեն կապված է տարածաշրջանի և աշխարհի մյուս պետությունների հետ: Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ինչպես նաև կարանտինային և այլ վարակիչ հիվանդությունների ներբերումից ու տարածումից ՀՀ տարածքի սանիտարահամաճարակաբանական պաշտպանության կազմակերպումը Հայաստանի ազգային անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրներից է: Խնդիրն ավելի հրատապ է դառնում աշխարհում, բազմաթիվ վարակիչ հիվանդությունների լարված համաճարակային իրավիճակի պայմաններում:

Հաշվի առնելով աշխարհում տիրող համաճարակային իրավիճակը, առավել արդիական է սահմանի անցման կետերում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի կողմից հսկողության իրականացման հրատապ անհրաժեշտությունը։

Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը կազմակերպում  և իրականացնում են մի շարք համալիր կազմակերպչական, սանիտարահակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ուղղված են հանրային առողջության համար վտանգ ներկայացնող տարբեր վարակիչ հիվանդությունների ներբերմանը և հետագա տարածման կանխարգելմանը: Բացի անձանց ջերմաչափումից խիստ կարևոր է նաև համաճարակաբանական վերհուշը, ինչի միջոցով հնարավոր է տարբերակել վարակիչ հիվանդությունը սոմատիկ հիվանդություններից: ԱՀԿ-ի կողմից հրապարակված վարակիչ հիվանդությունների տեսանկյունից անապահով երկների վերաբերյալ տվյալների հիման վրա սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները  տվյալ երկրից ժամանած անձանց հարցման ժամանակ խիստ ուշադրություն են դարձնում արձանագրված տվյալ երկրում արձանագրված վարակիչ հիվանդությանը բնորոշ ախտանշաններին։ Անհրաժեշտության դեպքում կազմակերպում են վարակիչ հիվանդության կասկածով անձանց մեկուսացումը և հոսպիտալացումը։

Վերոնշյալ միջոցառումները չեն ներառում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործողություններում և հնարավոր չէ վերահսկել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի միջոցով։ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման չափանիշներն են՝ Պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերի դյուրացման, կրկնվող գործառույթների բացառման ու պետական մարմինների գործունեության օպտիմալացմանն ուղղված քայլերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված՝ սահմանների համալիր կառավարման սկզբունքների պահանջներից և նպաստեն ներգերատեսչական, միջգերատեսչական ու միջազգային համագործակցության զարգացմանը պետական մարմինների միջև, միջազգային առևտրում ներգրավված տնտեսավարող սուբյեկտների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների հետագա զարգացմանը` ապահովելով պետական սահմանի պատշաճ անվտանգությունն ու երկրի տնտեսության զարգացումը, ինչը չի ապահովում վարակիչ անձանց, բեռների, տրանսպորտային միջոցների, փոստային ծանրոցների, մարդկային աճյունների կողմից հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելումը, որն իրականացվում է Առողջապահական  և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկակասանիտարական հսկիչ կետերի կողմից սանիտարակարանտինային, հակահամաճարակային վերահսկողության միջոցով։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ 04.04.2014թ. «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» միջազգային պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) Հայաստանի Հանրապետությունը միացել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ։

Պայմանագրի հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունները անցման կետերում ստեղծում են սանիտարակարանտինային կետեր և ձեռնարկում են միջոցներ՝ անհրաժեշտ սանիտարահակահամաճարակաբանական միջոցառումներն իրականացնելու նպատակով։

Սանիտարակարանտինային կետերում ըստ Պայմանագրի նշված հավելվածի 2-րդ կետով տրվող սահմանման (սանիտարահակահամաճարակաբանական միջոցառումներ) համաձայն պետք է իրականացվեն ինժեներատեխնիկական, բժշկասանիտարական, կանխարգելիչ և այլ միջոցառումներ, որոնք ուղղված են մարդու վրա բնակության միջավայրի գործոնների ունեցած վնասակար ազդեցության ռիսկի գնահատմանը, այդ ռիսկի վերացմանը կամ նվազեցմանը, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) առաջացման ու տարածման կանխմանն ու դրանց վերացմանը։

Հարկ է նշել, որ Պայմանագրով նախատեսվող սանիտարական միջոցառումը բացի այլ միջոցառումներից, որոնք առնչվում են տեղափոխվող ապրանքներին, իր մեջ ներառում է նաև համապատասխան միջոցառումների իրականացում անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ (Պայմանագրի 57-րդ հոդվածի 1-ին մաս), ինչը ըստ էության իրականացվում է պետական սանիտարահամաճարակային վերահսկողություն (հսկողություն)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան (Պայմանագրի 57-րդ հոդվածի 4-րդ մաս)։

Բացի այդ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին են հասցեագրվում ԵԱՏՄ մի շարք կարգավորումներ, որոնց մասին տրվում է մասնագիտական կարծիք։

                    Պետական սահմանի անցման կետերում սանիտարակարանտինային կետերի (ՀՀ-ում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի) և սանիտարակարանտինային վերահսկողության անհրաժեշտությունը ամրագրված է նաև Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի N 299 որոշմամբ։ Սանիտարակարանտինային վերահսկողությունը  իրականացվում է  հատուկ կահավորված և հագեցած (ներառյալ սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն իրականացնող մասնագետներով) սանիտարակարանտինային կետերի կողմից (ՀՀ-ում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր)։

           Միաժամանակ, հարկ է նշել, որ Եվրոպական մի շարք երկրներում սահմանի անցման կետերում գործում են սահմանային սանիտարական տեսչություններ (Border Sanitary Inspection, Border Sanitary and Epidemiological Station), որոնք սանիտարահամաճարակային վերահսկողություն են իրականացնում ոչ միայն անձանց, ապրանքների,  տրանսպորտային միջոցների նկատմամբ, այլև վերահսկում են սահմանի անցման կետերի տարածքի, օդանավերի, նավերի, երկաթուղային տրանսպորտի սանիտարահիգիենիկ վիճակի, աղբահանության, ախտահանման, միջատազերծման, կրծողասպան և այլ հիգիենիկ և հակահամաճարակային միջացառումների (սանիտարական կանոններ և նորմեր) իրականացումը։

            Այսպես, հաճախ հանդիպում են դեպքեր, երբ վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերումը (ներթափանցումը) հնարավոր է լինում կանխել ժամանման երկրից ստացված տեղեկատվության և ակնադիտական զննման արդյունքում, ինչը պահանջում է մասնագիտական խորը գիտելիքներ, հմտություններ և փորձ՝ հետևաբար նշված գործառույթը գործնականում կարող է իրականացվել բացառապես մասնագիտական և համապատասխան իրավական լիազորություններով օժտված մարմնի կողմից:

Ավելին, բացի ԵԱՏՄ կարգավորումներից, հանրային առողջության համար վտանգի հայտնաբերման նպատակով սահմանային անցման կետերում իրականացվող «տեսչական զննում/ստուգում» բնորոշումը սահմանված է  2005 թվականին ընդունված և 2007 թվականից ուժի մեջ մտած Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոններով, որպես մասնագիտացված կառույցի լիազորություն։