ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Նարիբեկյան   
                                                          
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք նախագծի (Կ-229-07.04.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք նախագծի վերաբերյալ՝

1.  Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

2.  Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «թ» կետով, որի համաձայն՝ ՀՀ ԱԱՊ-ն, բացի սույն օրենքով պալատներին վերապահված գործառույթներից, տրամադրում է 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայից բխող ԱՏԱ (ժամանակավոր ներմուծման գրքույկ) Կառնետ հավաստագրեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:

Այս առումով իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով առաջարկում ենք Օրենքում ամրագրել «ԱՏԱ Կառնետ հավաստագրեր» հասկացության իրավական բովանդակությունը՝ նկատի ունենալով, որ Օրենքում այդպիսի ձևակերպում առկա չէ:

Ըստ այդմ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետը առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«թ) տրամադրում է ԱՏԱ Կառնետ (ժամանակավոր ներմուծման գրքույկ) հավաստագրեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։ ԱՏԱ Կառնետ հավաստագրերը ժամանակավոր ներմուծման փաստաթղթեր են, որոնք օգտագործվում են ապրանքների ժամանակավոր ներմուծման համար` բացառությամբ տրանսպորտային միջոցների»:

3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի՝

1)  3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները:

2) 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում է նաև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

3) 7-րդ մասի համաձայն՝ Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասը և անցումային դրույթները կարող են շարադրվել առանձին գլուխների կամ հոդվածների կամ կետերի ձևով` սույն օրենքով սահմանված կարգով:

Վերը նշված իրավանորմերի հիման վրա առաջարկում ենք Նախագծի «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ»-ը, 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթները միավորել՝ դրանք շարադրելով մեկ հոդվածի տեսքով հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման կարգը սահմանել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում։»:  
                   
                                                                                        
                    Հարգանքով՝                   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ