ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Նարիբեկյան  
                                       
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-240-21.04.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                    
          «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ՝        
          1.        Նախագծի վերնագրում «ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերն առաջարկում ենք հանել՝ նկատի ունենալով, որ նախագծի տեքստում կատարվում են միայն փոփոխություններ:          
          Սույն դիտողությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, այն է՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:         
          2. Առաջարկում ենք համարակալել նախագծի 1-ին և 3-րդ հոդվածների չհամարակալված պարբերությունները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, որոնց համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:         
          3.       Առաջարկում ենք խմբագրել նախագծի 3-րդ հոդվածով շարադրվող 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ «իրավական և նորմատիվ ակտերով» ձևակերպումը՝ նկատի ունենալով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, որի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ իրավական ակտերը լինում են 3 տեսակի՝ նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:
          Ըստ այդմ նախագծի 3-րդ հոդվածով շարադրվող 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «իրավական և նորմատիվ ակտերով» բառերն առաջարկում ենք փախարինել «տարբեր իրավական ակտերով և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով» բառերով:     
          4.       Նախագծի 3-րդ հոդվածով շարադրվող 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն նաև դատական կարգով գանգատարկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները:         
          Այս առումով, առաջարկում ենք վերոնշյալ 4-րդ կետը խմբագրել՝ հաշվի առնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ գլխի կարգավորումները, որոնց համաձայն՝ անձինք իրենց իրավունքների պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու ինչպես վարչական մարմնի գործողությունը, այնպես էլ՝ վարչական ակտը և անգործությունը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ գլխի կարգավորումների համատեքստում անձինք դրանք կարող են բողոքարկել վերադաս կամ դատական կարգով:         
          Ըստ այդմ նախագծի 3-րդ հոդվածով շարադրվող 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն առաջարկում ենք վերախմբագրել՝ հետևյալ բովանդակությամբ՝          
          «4) վերադասության և դատական կարգով բողոքարկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ընդունված վարչական ակտերը, գործողություններն ու անգործությունը:»  
                   
          Հարգանքով՝                    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ