ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Նարիբեկյան

                                      

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-242-26.04.2022-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ՝

1. Առաջարկում ենք նախագծի վերնագրում «լրացում» բառը փոխարինել «լրացումներ» բառով, քանի որ օրենքի նախագծում լրացվել են նոր 2-րդ և 3-րդ հոդվածներ, որոնցով նախատեսվում է համապատասխան լրացումներ կատարել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում։

2. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ածանցյալների վերաբերյալ լրացումներ կատարել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 40-րդ գլխի մի շարք հոդվածներում՝ առաջարկում ենք ածանցյալների շրջանառության արգելքի վերաբերյալ կարգավորումներ նախատեսել նաև «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում (այսուհետև՝ Օրենք), մասնավորապես՝ Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, 38-րդ, 39-րդ և 40-րդ հոդվածների վերնագրերում և տեքստերում «պրեկուրսորների» բառերից հետո լրացնելով «,ածանցյալների» բառերը։

Ըստ այդմ օրենքի նախագիծը առաջարկում ենք լրացնել նոր 2-րդ և 3-րդ հոդվածներով՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «անալոգների,» բառից հետո լրացնել «ածանցյալների,» բառը։

Հոդված 3. Օրենքի 38-րդ, 39-րդ, 40-րդ, հոդվածների վերնագրերում և տեքստում «պրեկուրսորների» բառերից հետո լրացնել «,ածանցյալների» բառերը։»։»

Միաժամանակ, առաջարկում ենք վերանայել նախագծի հոդվածների համարակալումը։

3. Առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետին։

Ըստ այդմ նախագծի 2-րդ հոդվածը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից։»։

Առաջարկում ենք նաև փոխել հոդվածի համարակալումը։

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝

1.  Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության» բառերը շարադրել Օրենսգրքի ընդունման ամսաթվից հետո՝ առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով:

2. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «օրենսգրքի» բառից հետո լրացնել «այսուհետև՝ Օրենսգիրք» բառերը։

3. Ածանցյալը չի կարող ունենալ պրեկուրսոր, ուստի Օրենսգրքի 394-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում ածանցյալների վերաբերյալ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։ Ըստ այդմ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում «393-399-րդ,» թվերը փոխարինել «393-րդ, 395-399-րդ,» թվերով։

4.  Առաջարկում ենք տեխնիկական փոփոխություն կատարել և նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1 վերնագրերում ցանկացած հոլովաձևով շարադրված «անալոգ» բառերից հետո լրացնել «կամ դրանց ածանցյալներ» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով,

2 1-ին մասերում ցանկացած հոլովաձևով շարադրված «անալոգ» բառերից հետո լրացնել «կամ դրանց ածանցյալ» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով։»։

5. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախագծի 1-ին հոդվածով ածանցյալների վերաբերյալ լրացում է կատարվում Օրենսգրքի 27-րդ հոդվածում՝ առաջարկում ենք համապատասխան լրացում կատարել նաև Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերում։

Միաժամանակ, առաջարկում ենք վերանայել նախագծի հոդվածների համարակալումը։  
                   
                   
                    Հարգանքով՝          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ