ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1.«Հայաստանի  Հանրապետության  ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին /Կ-297-09.06.2022-ՏՏԳՇ-011/0/ օրենքի նախագծի վերաբերյալ /այսուհետ Նախագիծ/

 

  1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է ջրահեռացում եզրույթը՝

ջրահեռացում՝ գործընթաց, որը թույլ է տալիս ջրահեռացման համակարգերի միջոցով իրականացնել կեղտաջրերի հավաքումը, մաքրման կառուցվածքներ տեղափոխումը, դրանց մաքրումը և արտանետումը ջրային ռեսուրս կամ տրամադրումը կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման.:

 

Օրենսգրքի բազմաթիվ դրույթներում ջրահեռացում եզրույթը կիրառելիս փակագծերում  նշվում է  (կեղտաջրերի մաքրման) բառերը :

Առաջարկում եմ  Օրենսգրքի 1-ին հոդվածի՝  ոչ մրցակցային ջրամատակարար , սակագին, լիցենզավորված անձբաժանորդ, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ սահմանումներում, 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 39-րդ հոդվածի 1-ին մասում, 47.2-րդ հոդվածի 1-ին մասում, 47.3-րդ հոդվածի 3-րդ մասում, 79.1-րդ հոդվածի 11-րդ մասում ջրահեռացում բառից հետո հանել (կեղտաջրերի մաքրման) բառերը, քանի որ կեղտաջրերի մաքրումը արդեն իսկ ներառվում է ջրահեռացում եզրույթի սահմանման մեջ :

  1. Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում են  ռիսկային ջրային մարմին, մակերևութային ջրային մարմնի անբավարար կարգավիճակ, մակերևութային ջրային մարմնի վատ կարգավիճակ հասկացությունները, որոնք նախագծում և օրենսգրքում չեն օգտագործված:

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝  Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:  Հետևաբար հասկացությունը նորմատիվ ակտում պետք է օգտագործվի, որպեսզի իմաստ ունենա այն սահմանելը:

 

 

Առաջարկություն՝

1) նախագծի 31-րդ հոդվածով սահմանված օրենսգրքի նոր 68.1-րդ հոդվածում թվարկել մակերևութային ջրային մարմնի բոլոր կարգավիճակները, կամ միանգամից այդ հոդվածով տալ մակերևութային ջրային մարմինների և կարգավիճակների և որակի նորմերի սահմանումները:

2) ռիսկային ջրային մարմին եզրույթը կամ օգտագործել նախագծի տեքստում կամ հանել նախագծից:

 

  1. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 33-րդ հոդվածի 6-րդ մասում «ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին» բառերը փոխարինել «առավելագույն ժամկետով» բառերով.

Առաջարկություն Առավելագույն ժամկետը իրավական որոշակիության տեսակետից հստակեցման կարիք ունի, օրինակ՝ թիվ N հոդվածով կամ մասով սահմանված առավելագույն ժամկետով:

  1. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է.

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, երկարաձգման, վերաձեւակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը եւ ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձեւաթուղթը հաստատում է Կառավարությունը:

              «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` « Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետները»:

Հաշվի առնելով մեջբերված դրույթը` առաջարկում եմ Նախագծի անցումային դրույթում նախատեսել  կառավարության կողմից ջրօգտագործման թույլտվության երկարաձգման, վերաձեւակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերի ընդունման նախատեսվող ժամկետը:

2.«Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կ-2971-09.06.2022-ՏՏԳՇ-011/0 օրենքի նախագծի վերաբերյալ

Առաջարկում եմ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ջրահեռացմանը բառից հետո հանել (կեղտաջրերի մաքրմանը) բառերը, քանի որ ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով կեղտաջրերի մաքրումը ներառվում է ջրահեռացում եզրույթի սահմանման մեջ :

 

3.«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Կ-2975-09.06.2022-ՏՏԳՇ-011/0 օրենքի նախագծի վերաբերյալ /այսուհետ Նախագիծ/

 

  1. Նախագծի 1-ին հոդվածով գործող ջրօգտագործման թույլտվության տրամադրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար սահմանված պետտուրքի դրույքաչափերը բարձրացվում են և նոր պետտուրք է սահմանվում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար։ Ըստ Նախագծի այդ դրույթները ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է.

 Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող  յոթերորդ ամսվա սկզբից:

Վերոգրյալից ելնելով առաջարկում եմ վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածի  օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը։