ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,            
                                                         
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-320-29.06.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություն­ները:               

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

1) Նախագծի 1-ին հոդվածում «տրամադրում է պետական եկամուտների կոմիտեն» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի կողմից ՀՀ կառավարության սահմանած կարգով տրամադրվում են չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:»,

2) Նախագծի 2-րդ հոդվածում «տրամադրում է պետական եկամուտների կոմիտեն չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի կողմից ՀՀ կառավարության սահմանած կարգով տրամադրվում են չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:» բառերով,

3) Նախագծի 1-ին և 2-րդ հոդվածների «հասցեում» բառն առաջարկում եմ փոխարինել «գործունեության իրականացման վայրում» բառերով,

4) Նախագիծ 1-ին և 2-րդ հոդվածների «արձանագրված» բառն անհրաժեշտ է փոխարինել «իրացման» բառով՝  նկատի ունենալով Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 50-րդ կետի դրույթները:

5) Նախագծի 3-րդ հոդվածում «ցուցանակի վնասման, թաքցնելու կամ դրա տեսանելիությունը նվազեցնելու կամ խոչընդոտելու դեպքում»  բառերը փոխարինել «ցուցանակը վնասելը, թաքցնելը կամ դրա տեսանելիությունը նվազեցնելը կամ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսված QR կոդ չունենալը» բառերով:

6) Նախագծի 1-ին հոդվածում «ՀԴՄ» հապավումն առաջին կիրառման ժամանակ անհրաժեշտ է նշել ամբողջական, դրանից հետո՝ կրճատ տարբերակով:

7) Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է օրենսգրքի 188-րդ հոդվածը լրացնել նոր 10-րդ պարբերությամբ՝ սահմանելով պատասխանատվություն Հայաստանի Հանրա­պետությունում չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը վար­չական պատասխանատվության ենթարկվելուց հետո կրկին իրականացված ստուգմամբ չկատարելու համար՝  սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և ստուգմանը նախորդող եռամսյակի իրացման շրջանառության 0.5 տոկոսի չափով:

Վերոգրյալի վերաբերյալ հարկ է նշել, որ օրենսգրքի 188-րդ հոդվածի 9-րդ մասով արդեն իսկ սահմանված է պատասխանատվություն՝ Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողություն իրականացնող և Հայաստանի Հանրապետության չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերով սահմանված պահանջները սահմանված ժամկետի ընթացքում չպահպանելու կամ առանց Հայաստանի Հանրապետության չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելու կամ հանելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։

Ուստի, տարընթերցումից խուսափելու համար, առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածով օրենսգրքի 188-րդ հոդվածում լրացվող 10-րդ պարբերության դիսպոզիցիայում հղումներով հստակեցնել կոնկրետ որ իրավախախտումների վրա է այն տարածվելու:

2. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

1) Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 17.3-րդ մասն առաջարկում եմ շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«17.3․ Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքը չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, որի արդյունքում սպառողը կրել է նյութական վնաս, տվյալ խախտման համար օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվություն կիրառելուց հետո վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում տվյալ առևտրի իրականացման վայրում չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը փակցնում է ցուցանակ, որին ներկայացվող պահանջները, տեղադրման և ապամոնտաժման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը։»:

2) Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «17.4. Օրենքի 9-րդ հոդվածի 17.3.-րդ մասով նախատեսված ցուցանակի վնասման, թաքցնելու կամ դրա տեսանելիությունը նվազեցնելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու դեպքում բաշխիչ կայանների վրա չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կրկին փակցնում է նույն ցուցանակը մեկ ամիս ժամկետով:»:

3) Նախագիծ  3-րդ հոդվածի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտները (ըստ հաս­ցեների) պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրակա­նացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակվող QR կոդեր: Այս առումով հստակեցման կարիք ունի, թե ում կողմից պետք է վարվի QR կոդերում պարունակվող տեղեկատվության պարբերաբար թարմացումը:

Նկատի ունենալով, որ Նախագծերի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու ընդունել այլ ենթաօրենսդրական ակտեր, ուստի անհրաժեշտ է Նախագծերի անցումային դրույթներում նախատեսել դրանցում նախատեսված մարմինների կողմից ենթա­օրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները՝ ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջներից:       
                  
                                     
                   Հարգանքով՝                           ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ