ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-353-16.08.2022-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: 

                            
Ազդարարման համակարգի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝

1. Առաջարկվում է Ազդարարման համակարգի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում ազդարարում հանրությանը հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

2. Հանրությանն ազդարարում են համարվում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, որոնք քրեական դատավարության օրենսգրքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն  համապատասխան վարույթ նախաձեռնելու առիթ կամ հիմք կարող են հանդիսանալ:»:

2. Առաջարկվում է նախագծի 10-րդ հոդվածով Ազդարարման համակարգի մասին օրենքում լրացվող 9.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
  Հոդված 9.2. Ազդարարում հանրությանը   

1. Ազդարարը կարող է առանց անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձին կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին կամ իրավասու մարմնին նախապես ծանուցելու, հաղորդումը հայտնի դարձնել հանրությանը զանգվածային լրատվության միջոցներով:

2. Հաղորդում ստացած զանգվածային լրատվության միջոցները ապահովում են ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ կամ առկա չէ անձի գրավոր համաձայնությունը: 

3. Ազդարարին տրվող պաշտպանությունը տարածվում է զանգվածային լրատվության միջոցների վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է նրանց նկատմամբ:

4. Իրավասու մարմինն ապահովում է իր իրավասության ոլորտին առնչվող հաղորդումների հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:

5. Իրավասու մարմինը՝ 

1) ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.

2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ. 

3) ապահովում է վարույթի գաղտնիությունը. 

4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով.   

5) իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.         

6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.        

7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 

8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.    

9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:        

7. Ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է, եթե վերջինիս անձը հայտնի է:

8. Սույն հոդվածով նախատեսված ընթացակարգային կանոններն ու ժամկետները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ: 

9. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն սույն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, ապա իրավասու մարմինը դադարեցնում է պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է համապատասխան անձին:

10. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն::

      
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝        

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 502-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2. Ազդարարի տվյալի ապօրինի հրապարակումը կամ մեկ այլ անձի հայտնելը հաղորդում ստացած զանգվածային լրատվության միջոցի կողմից՝ (…)       

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝

Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ 1-ին հոդվածի 2-րդ մասը հանել և ըստ այդմ 1-ին հոդվածը խմբագրել:    
         

         

          Հարգանքով՝                     ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ