ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,           
                                                 
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին  առաջին ընթերցմամբ ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (Պ-274-25.05.2022,09.09.2022-ԱռՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը.

Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացվում է հնգամյա ժամանակահատվածում և այդ ժամանակահատվածում աշխատողը կարող է մասնակցել մասնագիտական դասընթացների, սեմինարների, գիտական և գիտագործնական ժողովների, համագումարների և այլ միջոցառումների, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում: Բուժաշխատողի ընտրությանն է թողնված հնգամյա փուլում պահանջվող կրեդիտներ հավաքելու ժամանակահատվածի, ինչպես նաև տևողության ընտրությունը, ուստի այս գործընթացը պետք է լինի խիստ կանոնակարգված և գործատուի հետ փոխհամաձայնեցված:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ հոդվածով ավագ բուժաշխատողի համար յուրաքանչյուր հնգամյա փուլում  շնորհվող ՇՄԶ կրեդիտների թիվը կազմում է առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողների համար` առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ:

220 ՇՄԶ կրեդիտը հնգամյա շրջափուլում օրական 5 կրեդիտ հաշվարկով հավասարաչափ բաշխելու դեպքում ավագ բուժաշխատողը այն պետք է լրացնի 44 աշխատանքային օրում (2 ամիս և 2 աշխատանքային օր):

140 ՇՄԶ կրեդիտը հնգամյա շրջափուլում օրական 5 կրեդիտ հաշվարկով հավասարաչափ բաշխելու դեպքում միջին բուժաշխատողը այն պետք է լրացնի 28 աշխատանքային օրում (1 ամիս և 7 աշխատանքային օր):

Ընդ որում, հնգամյա շրջափուլում բուժաշխատողի ընտրությանն է թողնված կրեդիտավորման ժամանակահատվածի, ինչպես նաև տևողության ընտրությունը, մասնավորապես վերջինս այն կարող է լրացնել անընդմեջ 44 կամ 28 աշխատանքային օրում կամ կարճ ժամանակահատվածներով` որոշակի դադարներով` հինգ տարվա ընթացքում:

Նախագծով առաջարկվող կարգավորումների տրամաբանությամբ ՇՄԶ կրեդիտներ լրացնող բուժաշխատողի բացակայության ժամանակահատվածում գործատուն պետք է վերջինիս փոխարինող նշանակի, ինչը նշանակում է, որ նախագծով առաջարկվող կարգավորման դեպքում գործատուն պետք է վարձատրի և փոխարինող բուժաշխատողին, և աշխատանքից բացակայող և ՇՄԶ դասընթացի մասնակցող բուժաշխատողին: Սա նշանակում է, որ գործատուն նույն աշխատանքի համար պետք է կատարի կրկնակի վարձատրություն, որպեսզի կարողանա ապահովել պատշաճ բուժօգնությունը: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ բուժաշխատողների  աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների ամենամյա արձակուրդը, ըստ պաշտոնների և (կամ) մասնագիտությունների կարող է կազմել 35 օր, նման պայմաններում բուժաշխատողը տարվա ընթացքում 35 օր բացակայելուց բացի, պետք է բացակայի նաև ՇՄԶ կրեդիների լրացման համար:

Ներկայումս Հայաստանում 2021 թվականի տվյալներով առկա է 14 548 ավագ բուժաշխատող և 16 612 միջին բուժաշխատող: Նվազագույն աշխատավարձի` 94.000 դրամի կտրվածով ֆինանսական հաշվարկ անելու դեպքում ավագ բուժաշխատողների ՇՄԶ կրեդիտների լրացման համար, 5 կրեդիտ հաշվարկով 44 աշխատանքային օրվա համար, կառաջանա 2.883.737.952 դրամ ֆինանսական բեռ (ավագ բուժաշխատողների թիվը` 14.548 x նվազագույն աշխատավարձ` 94.000 դրամ x 2 ամիս (42 օր) + 2 օր՝ ավագ բուժաշխատողների թիվը` 14.548 x նվազագույն աշխատավարձ` 94.000դրամ/21 x 2 օր,  իսկ միջին բուժաշխատողների դեպքում դեպքում 5 կրեդիտ հաշվարկով 28 աշխատանքային օրվա համար` 2.082.037.333 դրամ ֆինանսական բեռ (միջին բուժաշխատողների թիվը` 16 612 x նվազագույն աշխատավարձ` 94.000 x 1 ամիս (21 օր) + 7 օր՝ միջին բուժաշխատողների թիվը` 16 612 x նվազագույն աշխատավարձ` 94.000/21 x 7 օր:

Սույն հաշվարկում ներառված չեն ատամնաբույժների, դեղագետների և դեղագործների վերաբերյալ ֆինանասական հաշվարկները:

Միաժամանակ օրենքի 33-րդ հոդվածով որպես շարունակական մասնագիտական զարգացման տեսակ նախատեսվում են գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման և (կամ) գործնական ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելը: Ներկա կարգավորումները հնարավորություն են տալիս մասնակցել նաև նախօրոք ձայնագրված դասընթացների՝ առցանց եղանակով: Նման պայմաններում անհասկանալի է, թե նախագծով նախատեսված կարգավորումներն գիտական աշխատանքների, աշխատությունների, գործնական ուսումնասիրությունների իրականացման դեպքերի համար ինչպես են կիրառվելու բուժաշխատողի կողմից որպես շարունակական մասնագիտական զարգացման տեսակ:

Վերը նշված խնդրիներից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է՝

1.Նախագծի 1-ին հոդվածով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ հոդվածում լրացվող 2.1-րդ մասում «հիմնական աշխատավարձը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` առնվազն 5 օրվա աշխատավարձը, իսկ նշված ժամկետը գերազանցող օրերի համար աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուի և բուժաշխատողի փոխադարձ համաձայնությամբ:» բառերով:

2.Լրացնել 2.2-րդ մաս` հետևյալ բովանդակությամբ. «2.2. Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու հնգամյա շրջափուլի ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային տարում առնվազն 5 օրվա աշխատավարձի պահպանման իրավունքը տրամադրվում է միայն տվյալ աշխատանքային տարում և չիրացվելու դեպքում չի տեղափոխվում հաջորդ աշխատանքային տարիներ:»:

Հարգանքով՝                          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ