ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-292-07.06.2022,28.09.2022-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում «բաժանման,» բառից հետո լրացնել «երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով» բառերը, իսկ «պարտադիր է,» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը, «երեխայի մերձավոր ազգականների՝ երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու» բառերը հանել։ Նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն մասով սահմանված դրույթի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 56-րդ հոդվածի 3-րդ մասով, 57-58-րդ, 60-րդ հոդվածներով, 61-րդ հոդվածի 3-րդ մասով, 62-63-րդ, 66-րդ հոդվածներով սահմանված գործերի նկատմամբ։»

Լրացումների նպատակն է հստակեցնել ընտանեկան վեճերի այն շրջանակը, որոնց նկատմամբ սահմանված չէ պարտադիր հաշտարարության պահանջ։

2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող «Հաշտարարաության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերով նախատեսված` համապատասխանաբար առանձնացված կամ հատուկ ցանկերում ընդգրկված հաշտարարները կարող են առանց հարգելի պատճառի առկայության հրաժարվել հաշտարարություն իրականացնելուց ոչ ավելի քան մեկ տարվա ընթացքում երեք անգամ։»։

Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետում «2-րդ» բառերից հետո լրացնել «և 2.1-ին» բառերը։

Լրացման նպատակն է կարգավորել հատուկ կամ առանձնացված ցանկերում ընդգրկված հաշտարարների կողմից հաշտարարություն իրականացնելուց հրաժարման դեպքերը։

3. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկվող Օրենքի 9-րդ հոդվածում լրացվող 7.2-րդ մասում « ժամկետում,» բառից հետո լրացնել « արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով» բառերը, ինչպես նաև հանել «անհապաղ» բառը։

Փոփոխության նպատակն է հստակեցնել հաշտարարի թեկնածուի ընտրության կարգը։

4. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվող Օրենքի 11-րդ հոդվածի` նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի 6-րդ կետում «փաստացի» բառը փոխարինել «առանց հարգելի պատճառի» բառերով, իսկ «կամ խուսափում» բառերը հանել։ Նպատակը հաշտարարության ավարտման հիմքի հստակեցումն է։

5. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկվող Օրենքի 11-րդ հոդվածի` նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հաշտարարության գործընթացն ավարտվում է ֆիզիկական անձ կողմերից մեկի մահվամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մահացած ճանաչվելով կամ իրավաբանական անձ կողմի լուծարմամբ:»։

Կարգավորման էությունը նույնն է պահպանվում, փոփոխության նպատակը հոդվածի դրույթների հստակեցումն է։

6. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող Օրենքում լրացվող 11.2-րդ հոդվածի 2-րդ մասում «նաև» բառից հետո լրացնել «դիմումում նշված`» բառերը։ Նպատակն է հստակեցնել, որ տրամադրվող տվյալները կողմը նշում է դիմումի մեջ։

7. Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ կետով առաջակվող Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10-րդ մաս.

«10. Երկու կողմի նախաձեռնությամբ հաշտարարության իրականացման դեպքում, եթե կողմերից մեկը սույն հոդվածի 9-րդ մասի իմաստով անվճարունակ ֆիզիկական անձ է, հաշտարարության մյուս կողմը չի ազատվում մինչև երկու ժամ իրականացվող հաշտարարության դիմաց հաշտարարին համամասնորեն վճարելու պարտականությունից։»։

Կատարել հոդվածի համարակալման տեխնիկական փոփոխություններ։

Նպատակն է հստակեցնել, որ համատեղ նախաձեռնության դեպքում վճարունակ կողմը չի ազատվում  հաշտարարության համար համամասնորեն վճարելու պարտականությունից։

8. Նախագծի 15-րդ և 16-րդ հոդվածներում «արդարադատության նախարարության պաշտոնական» բառերը փոխարինել «արդարադատության նախարարի կողմից սահմանված» բառերով` նկատի ունենալով, որ կայքը պետք է սահմանվի նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով։

9. Նախագծի 16-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի` նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 6-րդ մասում «օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «որոշում կայացնելով» բառերը։

Նպատակն է հստակեցնել նախարարին տրված լիազորությունը։

10. Նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի` նոր խմբագրությամբ շարադրվող 21-րդ հոդվածի 2-րդ մասում «այդ մարմիններում աշխատում են առանց վարձատրության» բառերը փոխարինել «չեն վարձատրվում» բառերով` հաշվի առնելով անդամների կողմից իրականացվող գործառույթների բնույթը։

11. Նախագծի 21-րդ հոդվածով առաջարկվող Օրենքում լրացվող 21.4-րդ հոդվածում լրացնել նոր 11-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«11. Սույն հոդվածի 5-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում տեղակալի բացակայության կամ լիազորությունների իրականացման անհնարինության դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի պարտականությունները կատարում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի անդամ չհանդիսացող տարիքով ավագ հաշտարարը։»

Նպատակն է տեղակալի բացակայության դեպքում ապահովել ԻԿԿ նախագահի գործառույթների իրականացումը տարիքով ավագ հաշտարարի կողմից։

12. Նախագծի 23-րդ հոդվածով առաջարկվող Օրենքում լրացվող 23.6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-2-րդ կետերում «կարգապահական տույժի կիրառում» բառերը հանել` բառերի կրկնությունից խուսափելու նպատակով։

13. Նախագծի 24-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում կատարել տեխնիկական բնույթի խմբագրում` «մասերի» բառը փոխարինել «կետերի» բառով,  «ինչպես նաև Օրենքի 17-րդ հոդվածի 5-10-րդ մասերում Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ» բառերը հանել` միևնույն կարգավորման անհարկի կրկնությունից խուսափելու նպատակով, «մտնում» բառից հետո լրացնել «Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հաշտարարների հատուկ ցանկը առնվազն 15 արտոնագրված հաշտարարով համալրվելու դեպքում, բայց ոչ շուտ քան» բառերը։ Նպատակն է դրույթի ուժի մեջ մտնելը պայմանավորել արտոնագրված հաշտարարների թվով` պարտադիր հաշտարարության արդյունավետ իրականացման ապահովման նպատակով։

2) 5-րդ մասում «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով` վերապատրաստման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով։

3) 9-րդ մասում «ստեղծումը» բառից հետո լրացնել «և գործարկումը» բառերը, իսկ «նշանակվում է» բառերից հետո լրացնել «արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով՝» բառերով։

Նպատակը նախագծում սահմանված լիազորող նորմի հստակեցումն է։    

 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

1. Նախագծի 2-րդ հոդվածը հանել` պայմանավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության (այսուհետ նաև` Օրենսգիրք) օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված կարգավորման կրկնությամբ։ Կատարել հոդվածների համարակալման տեխնիկական բնույթի փոփոխություններ։

2. Նախագծի 8-րդ հոդվածի (նոր համարակալմամբ 7-րդ հոդված) 2-րդ կետում կատարել տեխնիկական բնույթի վրիպակի խմբագրում։ Նույն հոդվածի 5-րդ կետով լրացվող 9-րդ մասում «դատարանը» բառից հետո լրացնել «, ստուգելով «Հաշտարարության մասին» օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության հանգամանքը,» բառերը, իսկ «հաշտարարի» բառից հետո լրացնել «նոր» բառը։

Նպատակն է սահմանել փոխկապակցվածության հիմքերի առկայությունը դատարանի կողմից ստուգելու հնարավորությունը։

3. Նախագծի նոր 9-րդ հոդվածի լրացմամբ պայմանավորված` նախագծի հոդվածների համարակալումը փոխել։ Օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջեից կողմին վճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ։»:

Լրացման նպատակն է սահմանել դատարանի իրավասությունը նշել պետական բյուջեից վճարման ենթակա գումարի չափը։  

 «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

1. Նախագծի 2-րդ հոդվածում «30» թիվը փոխարինել «10» թվով։ Նպատակն է նվազեցնել սահմանված պետական տուրքի չափը։

 


                    Հարգանքով՝   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ