ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-387-04.10.2022-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                       
1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի «Հոդված 2.» և նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի «Հոդված 4.» բառերն առաջարկում ենք շարադրել թավ տառատեսակով։

2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»՝ առաջարկում ենք «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածում և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներում կիրառված «նպատակային սոցիալական» ձևակերպումը փոխարինել «սոցիալական» ձևակերպմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածի բովանդակությունը, առ այն, որ, որպես Հայաստանի Հանրապետությունում կիրառվող պետական վճար, նախատեսված է սոցիալական վճարը: Միաժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետի բովանդակությունից արդեն իսկ բխում է, որ սոցիալական վճարը հանդիսանում է նպատակային վճար։

3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծում կատարվում են երկու փոփոխություններ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից:


         
    Հարգանքով՝                                           ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ