ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-416-27.10.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

1.Նախագծի 1-ին հոդվածում «ՀՕ-195 օրենքի» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հաշվի առնելով, որ Նախագծի 2-րդ հոդվածում կիրառվում է «Օրենքի» բառը:

2.Նախագծի 1-ին հոդվածի մասերի և կետերի, իսկ 2-րդ հոդվածում մասերի համարակալումն ամբողջությամբ առաջարկում ենք խմբագրել՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի դրույթներին, համաձայն որոնց՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նախատեսվող բոլոր փոփոխությունների եւ լրացումների աղյուսակներն առաջարկում ենք ներառել չակերտներում:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում առաջարկում ենք «1002 10 000 0» թվերից հետո դնել « , » կետադրական նշանը՝ ապրանքների ծածկագրերը միմյանցից ստորակետերով բաժանելու անհարժեշտությունից ելնելով:

5.Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետում առաջարկում ենք «170114» ծածկագիրը փոխարինել «1701 14» ծածկագրով՝ հղման հստակությունն ապահովելու նպատակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը:

6. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «ժ» ենթակետով Օրենքի ցանկում նախատեսված լրացման «4811 51 000 9» տողում կիրառված «1 մԱ-ի» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «1 մ2-ի» ձեւակերպմամբ՝ չափման միավորի գրության ճիշտ ձեւն ապահովելու նպատակով:

7. Նախագծի անցումային դրույթում առաջարկում ենք նախատեսել ենթաօրենդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը՝ այդ թվում փոփոխություն նախատեսող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, ինչպես նաեւ նշել այն նորմերը, որոնք գործելու են համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Ըստ այդմ Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը եւ տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող ներմուծումների վրա, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի:

2.Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում Oրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը, սակայն ոչ ուշ, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամիս հետո։»

 
          Հարգանքով՝        ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ