ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Ի փոփոխումն մեր 26.09.22թ. 01/05.7/31463-2022 գրության,  Ձեզ ենք ներկայացնում «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-378-26.09.2022-ԱՍ-011/0) լրամշակված տարբերակը:        

Lրամշակված նախագծին կից ներկայացվում են կառավարության առաջարկությունները, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:

1. Հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսված չէ կարգավորում այն դեպքի համար, երբ ընտանիքում առկա է մեկ չափահաս անդամ և այդպիսով այլ չափահաս անդամների կողմից տրված գրավոր համաձայնություն չի պահանջվում, առաջարկվում է Նախագծի 2-րդ հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում լրացվող 6-րդ մասում «ընտանիքի չափահաս անդամին՝» բառերը փոխարինել «ընտանիքի միակ չափահաս անդամին կամ ընտանիքի չափահաս անդամին՝» բառերով:   

2. Հաշվի առնելով նպաստը կանխիկ եղանակով ստանալու Օրենքով սահմանված բացառությունները՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 7-րդ մասով առաջարկվող փոփոխություններում հստակեցման համար առաջարկվում է «վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ գումարը վճարվելու է ընտանիքի այն չափահաս անդամին,» բառերը փոխարինել «դիմումի հիման վրա վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին (ընտանիքի միակ չափահաս անդամին կամ ընտանիքի մյուս բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ գումարը ստացող ընտանիքի չափահաս անդամին),» բառերով:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 9-րդ մասում «վճարելը» բառից հետո լրացնել «գումարը ընտանիքի միակ չափահաս անդամի կամ» բառերը (փոփոխություն կատարելու հիմնավորումը ներկայացված է սույն ամփոփաթերթի 1-ին կետում):

4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 10-րդ մասը խմբագրել՝ հետևյալ բովանդակությամբ. 

«10.Հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով վճարելը գումարը ընտանիքի միակ չափահաս անդամի կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ձևով ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության մեջ նշված ընտանիքի չափահաս անդամի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելն է:»:»։   

Փոփոխությունը կատարված է սույն ամփոփաթերթի 1-ին կետում նշված հիմնավորմամբ։  

5. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կարգավորումն հստակեցնելու նպատակով առաջարկվում է  նշված կետում «կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկի» բառերը փոխարինել «որեւէ անդամի» բառերով:   

6. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կարգավորումը հստակեցնելու նպատակով առաջարկվում է  այդ կետում «կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկի» բառերը փոխարինել «որեւէ անդամի» բառերով: 

7.  Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախատեսված կարգավորումն հստակեցնելու նպատակով առաջարկվում է  այդ կետում «կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկի» բառերը փոխարինել «որեւէ անդամի» բառերով:  

8. Պայմանավորված այն հանգամանքով, որ 2023 թվականի փետրվարի 1-ից կենսաթոշակների կամ նպաստների վճարումներն անկանխիկ եղանակով Ազգային օպերատորի միջոցով այլևս հնարավոր չի լինելու, առաջարկվում է Նախագծի 6-րդ հոդվածը խմբագրել՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «կամ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ՝ Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով նպաստի գումարը ծնողի հաշվարկային հաշվին» բառերը։»։  

9. Պայմանավորված այն հանգամանքով, որ 2023 թվականի փետրվարի 1-ից կենսաթոշակների կամ նպաստների վճարումներն անկանխիկ եղանակով Ազգային օրերատորի միջոցով այլևս հնարավոր չի լինելու, առաջարկվում է Նախագիծը լրացնել նոր 7-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.   

«Հոդված 7. Օրենքի 28.4-րդ հոդվածի 24-րդ մասից հանել «կամ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ՝ Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով խնամքի նպաստի գումարը ծնողի հաշվարկային հաշվին» բառերը։»։  

10. Պայմանավորված այն հանգամանքով, որ 2023 թվականի փետրվարի 1-ից կենսաթոշակների կամ նպաստների վճարումներն անկանխիկ եղանակով Ազգային օրերատորի միջոցով այլևս հնարավոր չի լինելու, առաջարկվում է Նախագծի հոդվածների համարակալման փոփոխության արդյունքում փոփոխված 8-րդ հոդվածում (նախկինում՝ 7-րդ հոդված) «Օրենքի 39-րդ հոդվածը» բառերը փոխարինել «Օրենքի 39-րդ հոդվածի 12-րդ մասից հանել «կամ Ազգային օպերատորի» բառերը և հոդվածը» բառերով։ 

11. Հաշվի առնելով, որ վերը նշված՝ Ազգային օպերատորի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու ավելի ուշ, անհրաժեշտություն է առաջանում լրամշակել Նախագծի անցումային դրույթները։ Ըստ այդմ, առաջարկվում է Նախագծի 7-րդ հոդվածը /փոփոխված 9-րդ հոդված/ խմբագրել.   

«Հոդված 9. Սույն օրենքը, բացառությամբ 6-րդ հոդվածի և 7-րդ հոդվածի՝ Ազգային օպերատորի վերաբերյալ դրույթի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի 6-րդ հոդվածը և 7-րդ հոդվածի՝ Ազգային օպերատորի վերաբերյալ դրույթն ուժի մեջ են մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։ Օրենքի 39-րդ հոդվածի 16-րդ մասում նշված կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:»։ 

12. Ազգային օպերատորի վերաբերյալ Նախագծով առաջարկվող նոր փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետներ սահմանելու և անցումային ժամանակահատվածում նպաստների վճարումն կարգավորելու նպատակով առաջարկվում է նոր անցումային դրույթ, մասնավորապես՝ Նախագիծը լրացնել նոր 10-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ. 

«Հոդված 10․ Ազգային օպերատորի միջոցով 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ խնամքի նպաստն անկանխիկ եղանակով ստացող նպաստառուի խնամքի նպաստի վճարումը շարունակվում է բանկի միջոցով՝ Կառավարության սահմանած կարգով։ Եթե 2022 թվականի դեկտեմբերի 1-ից հետո՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ներկայացվում է խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմում, ապա խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է բացառապես բանկի միջոցով՝ հաշվի առնելով սույն օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը: Սույն հոդվածում նշված կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում։»։  

13. Հաշվի առնելով, որ գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ կենսաթոշակները ևս անկանխիկ եղանակով կարող են վճարվել նաև Ազգային օպերատորի միջոցով, առաջարկվում է «Պետական նպաստների մասին» օրենքում Ազգային օպերատորի մասով առաջարկվող փոփոխություններին համարժեք փոփոխություններ կատարել նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում։ Ըստ այդմ, առաջարկվում է փաթեթ ներառել նաև հետևյալ նախագիծը․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
 ՕՐԵՆՔԸ    

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածի՝  
         

1) 4-րդ մասից հանել «կամ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ՝ Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի հաշվարկային հաշվին» բառերը․     

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ և լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին  և 6.2-րդ մասերով․

«6. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ  և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:

6.1. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից՝ անձամբ կենսաթոշակառուի ներկայացրած՝ կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի հիման վրա:     

6.2. Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»    

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հանել «կամ Ազգային օպերատորին» և «կամ Ազգային օպերատորի» բառերը, իսկ 4-րդ մասի 3-րդ կետից՝ «կամ Ազգային օպերատորին», «կամ Ազգային օպերատորի» և «կամ Ազգային օպերատորից» բառերը։    

Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածի 12-րդ մասից հանել «կամ Ազգային օպերատորի» բառերը։  

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։ Ազգային օպերատորի միջոցով 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի կենսաթոշակի վճարումը 2023 թվականին բանկի միջոցով շարունակելու և այս դեպքում Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում նշված 12-ամսյա ժամկետը հաշվարկելու կարգը սահմանում է  Կառավարությունը։ Եթե 2022 թվականի դեկտեմբերի 1-ից հետո՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ներկայացվում է կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում, ապա կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բացառապես բանկի միջոցով՝ հաշվի առնելով սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառությունները:      
 

Հարգանքով՝   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ