ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

 Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ և 77-րդ հոդվածների՝ Ձեզ ենք ներկայացնում՝      
1) «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-451-02.12.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը,  
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1557 - Ա որոշումը:              
                            
 

Հարգանքով՝                                          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

«ՀԱՅՐԵՆԻՔԻ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ   ԱՆԴԱՄՆԵՐԻ   ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ   ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-451-02.12.2022-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 
«Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է օրենքով սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները:          
Նախագծին կից ներկայացված հիմանվորման համաձայն՝                   
«Հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած անձանց ընտանիքների անդամների բարեկեցիկ կյանքն ապահովելը յուրաքանչյուր երկրի և ժողովրդի համար պետք է լինի պատվի և արժանապատվության հարց, իսկ յուրաքանչյուր պետության համար՝ առաջնահերթություն: Արցախյան 44-օրյա պատերազմն իր հետևից բերեց նաև բազում խնդիրներ իրական կյանքում այն ընտանիքների համար, ովքեր կորցրեցին ընտանիքի հիմնական կերակրողին: Այսօր գործող օրենսդրությամբ սահմանված են որոշակի երաշխիքներ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ զոհված զինծառայողների ընտանիքներն ստանում են դրամական հատուցում, որի մի մասը՝ 10 մլն դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած մասը՝ ամսական հավասար վճարներով 20 տարվա ընթացքում:                 
Համապատասխան երաշխիքներ և արտոնություններ են սահմանված նաև մի շարք այլ օրենքներով: Սակայն, վերը նշված երաշխիքները և արտոնությունները, դրանց տրամադրման ընթացակարգերը ոչ միշտ են կրում ինստիտուցիոնալ բնույթ: Խնդրո առարկա է նաև այն հանգամանքը, որ բացակայում է այդ արտոնությունների և երաշխիքների տրամադրման համար պատասխանատու մեկ միասնական մարմինը: Արդյունքում, շահառուն այս կամ այն երաշխիքից կամ արտոնությունից օգտվելու համար ստիպված է լինում բախել տարատեսակ դռներ: Երբեմն, պոտենցիալ շահառուի համար մեծ դժվարություն է ներկայացնում ոչ միայն այս կամ այն երաշխիքից կամ արտոնությունից օգտվելը, այլև հենց այդ երաշխիքի կամ արտոնության ու դրանց տրամադրման ընթացակարգերի մասին տեղեկատվություն ստանալը: Արդյունքում, երբեմն դրանք մնում են թղթի վրա, այսինքն՝ կրում են ձևական բնույթ:            
Այդ նպատակով առաջարկվում է Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար սահմանել հետևյալ երաշխիքները՝

1) հիփոթեքային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը.

2) ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը.

3) ընտանիքի անդամի այլ արտոնություններ:                  

Հիփոթեքային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը ներառում է՝                  
1) զոհված զինծառայողի հիոթեքային վարկի պարտավորությունների մարումը, այդ թվում՝ զոհվելու օրվա դրությամբ ժամկետանց պարտավորությունների մարումը և վարկի ամբողջական մարումները զինծառայողի զոհվելու օրվան հաջորդող 18 ամիսների համար.

2) հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը զինծառայողի ընտանիքի անդամին անցնելու (ընտանիքի անդամի անվամբ գրանցվելու) դեպքում՝              
ա. այդ օրվա դրությամբ վարկի ժամկետանց պարտավորությունների (մայր գումարի և սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների) միանվագ մասնակի մարումը,  
բ. այդ օրվանից հետո հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մասնակի վճարումը.

3) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո ընտանիքի անդամին տրված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մասնակի վճարումը կամ այդ ուղղությամբ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցումը, եթե զինծառայողի ընտանիքի անդամներից մեկն ունի այդ հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք:                
Ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը ներառում է՝           

1) ընտանիքի անդամի առողջապահական ծախսերի մասնակի փոխհատուցում.    

2) ընտանիքի անդամի կրթական ծախսերի փոխհատուցում, այդ թվում՝ աշխարհի լավագույն հաստատություններում սովորելու ուսման վարձի և կեցության ծախսերի վճարում.

3) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ ընտանիքի անդամին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողի համար փաստացի վճարված անշարժ գույքի հարկի, այդ հողի ոռոգման ջրի վարձավճարի գումարի ամբողջական փոխհատուցում.

4) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ ընտանիքի անդամին պատկանող անշարժ գույքի համար փաստացի վճարված անշարժ գույքի հարկի գումարի ամբողջական փոխհատուցում. 

5) ընտանիքի անդամների բնակության վայրի հասցեում սպառված էլեկտրաէներգիայի և բնական գազի ծախսերի մասնակի փոխհատուցում՝ հաշվի առնելով այդ հասցեում բնակվող ընտանիքի անդամների և այլ անձանց թիվը:

Ընտանիքի անդամների այլ արտոնությունները ներառում են՝                
1) զոհված զինծառայողի ընտանիքի անդամի իրավունքը՝ արտահերթ ընդունվելու բնակչության սոցիալական պաշտպանության և խնամքի պետական կազմակերպու­թյուններ, արտահերթ (անմիջապես) ստանալու առողջապահական ծառայություններ պետական բյուջեի միջոցների հաշվին.                  
2) զոհված զինծառայողի երեխայի իրավունքը՝ արտահերթ ընդունվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություն (մանկապարտեզ), հանրակրթական ուսումնական հաստա­տություն (դպրոց)՝ անկախ բնակության վայրից, բացառությամբ եթե այդ ուսումնական հաստատություն ընդունելությունը իրականացվում է մրցութային կարգով:»:         

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների՝ ներառյալ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և այլ օրենքներով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, ինչպես նաև այդ օրենսդրական ակտերի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով: Նախագծով սահմանված երաշխիքների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երաշխիքների մեծ մասը ներկայումս սահմանված են այլ օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, սակայն օրենքի նախագծով անդրադարձ չի կատարվում օրենքի նախագծի ընդունման արդյունքում գործող օրենքներով և կարգավորիչ այլ ակտերով սահմանված նույնաբովանդակ երաշխիքների հարաբերակցությանը, որի պարագայում առաջանում են հակասություններ, անհարկի կրկնություններ և փաստացի ապահովված չէ օրենքի ընդունման նպատակը՝ բոլոր երաշխիքները սահմանել մեկ միասնական օրենքով և դրանց ապահովումն իրականացնել մեկ լիազոր մարմնի կողմից:

Անդրադառնալով օրենքի նախագծով առաջարկվող սոցիալական երաշխիքների տեսակներին, հայտնում ենք հետևյալը՝ 

 1) հիփոթեքային վարկը մարելու նպատակով աջակցության հետ կապված սոցիալական երաշխիքները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2019 թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգի N 1 հավելվածի 8-րդ կետում, որի պահանջների համաձայն՝ վարկավորման ծրագրի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողու­թյունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողի զոհվելու (մահանալու) դեպքում, դեպքի օրվա դրությամբ, նրա ընտանիքի հիփոթեքային վարկի չմարված գումարն ամբողջությամբ մարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցման շրջանակներում՝          

ա. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 64-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները բժշկական օգնությամբ ապահովվում են սույն հոդվածով սահմանված կարգով, իսկ հոդվածի պահանջների համաձայն՝ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատես­չական ռազմաբժշկական հաստատություններում: Այլ բժշկական հաստատություններում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բժշկական օգնություն և սպասարկում ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամների՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2004 թ. մարտի 4-ի N 318-N որոշմամբ,

բ. օրենքի 67-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտա­կանություն­ները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների, ծնողների, ամուսնու (կնոջ)` Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն և պետա­կան ու հավատարմագրված ոչ պետա­կան նախնական մասնագիտական (արհեստա­գործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելությունը և ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պետությունը սույն հոդվածով սահմանված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սույն հոդվածով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Համապատասխան ընթացակարգերը սահմանված են Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի N 1183-Ն և 2012 թ. ապրիլի 26-ի N 597-Ն որոշումներով,          

գ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ անշարժ գույքի հարկից ազատվում են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը, իսկ եթե անձն ամուսնացած չի եղել կամ չունի (չի ունեցել) զավակներ` մինչև հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը,                

դ. սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի, էլեկտրական էներգիայի և նրանց մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագների մեղմացման միջո­ցառումները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թ. նոյեմբերի 3-ի N 1122-Ն, իսկ սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը տրա­մադրվելիք բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման պայմանները՝ Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշումներով.      

3) ընտանիքի անդամների այլ արտոնությունների շրջանակներում՝                
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի նախատեսում բնակչության սոցիալական պաշտպանության և խնամքի պետական կազմակերպություններ ընդունե­լության հերթագրում և նման խնդիր ու դրա կարգավորման անհրաժեշտություն առկա չէ,    
բ. «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի պահանջների համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն կամ երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաները:

Ամփոփելով օրենքի նախագծի բովանդակային կարգավորումների վերաբերյալ նկատառումները, անհրաժեշտ է նաև փաստել, որ նախագծով առաջարկվող սոցիալական երաշխիքների ձևակերպումները հստակ չեն, օգտագործվող տերմինները չեն համապա­տասխանում գործող օրենսդրական ակտերի պահանջներին, սոցիալական երաշխիքների իրացման պայմանները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս:              
Նախագծում առկա են նաև խնդրահարույց կարգավորումներ: Մասնավորապես`    

1) նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով տրված է «սեփականության իրավունք» հասկացության բացատրությունը, մինչդեռ, սեփականության իրավունքն արդեն իսկ սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով: Բացի այդ անհասկանալի է, թե գնման իրավունքն ինչ տրամաբանությամբ է ներառված սեփականության իրավունքի մեջ.

2) նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմնին, սույն օրենքի համաձայն, տեղեկություններ և փաստաթղթեր են տրամադրում Հայաստանի Հանրապե­տությունում գործունեություն իրականացնող բանկերը և վարկային կազմակերպու­թյունները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող բանկերը և վարկային կազմակերպությունները լիազոր մարմնին են տրամադրում տեղեկություններ հիփոթեքային վարկերի վերաբերյալ: Իսկ 4-րդ մասի համաձայն՝ նշված տեղեկությունները և փաստաթղթերը լիազոր մարմնին տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:         

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքով հստակ նախատեսված են կառուցա­կարգեր, առ այն, որ երրորդ անձինք, այդ թվում՝ պետական մարմինները, բանկային գաղտնիք կարող են ստանալ անձի համաձայնությամբ կամ դատարանի որոշման առկայության պայմաններում.

3) նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` լիազոր մարմնին տեղեկու­թյուններ և փաստաթղթեր է տրամադրում առողջապահության ոլորտի լիազոր մարմինը: Սակայն նախագծում հստակեցված չէ` ինչ տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելուն է վերաբերում կարգավորումը:

Համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի` առանց անձի համաձայնության արգելվում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելը, բացառությամբ, երբ տվյալի մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով: Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի` հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են հանդիսանում, ի թիվս այլնի, առողջական վիճակին վերաբերող տեղեկությունները: Իր հերթին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ բժշկական գաղտնիք համարվող տվյալները կարող են փոխանցվել պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է այն դեպքերի շրջանակը, երբ բժշկական գաղտնիք համարվող տվյալները կարող են փոխանցվել առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության: Հարկ է նկատել, որ նախագծում նկարագրված դեպքը ներառված չէ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում, որի պայմաններում բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը կարող է տրամադրվել ընդհանուր հիմունքներով.      

4) նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է սահմանել, որ եթե հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները վճարվել են կամ այդ ուղղությամբ կատարված ծախսերը փոխհատուցվել են նույն հոդվածով սահմանված կարգով պետական բյուջեի միջոցների հաշվին, այդ տոկոսների գումարները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 160-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վերադարձման ենթակա չեն:    
Վերոգրյալի կապակցությամբ, հայտնում ենք, որ ֆիզիկական անձանց կողմից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու, կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մասով եկամտային հարկի վերադարձման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենսգրքի 160-րդ հոդվածով և օրենքներով եկամտային հարկի վերադարձման հետ կապված հարաբերություններ կարգավորված չեն: Ընդ որում, օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային համակարգից օգտվելու հանգամանքն այլ աջակցության ծրագրերից օգտվելու հետ կապված չէ:        
Մյուս կողմից, առաջարկությունն անխուսափելիորեն հանգեցնելու է հարկային վարչարարության բարդությունների՝ հաշվի առնելով այն, որ կլինեն վարձու աշխատողներ, որոնք կօգտվեն ինչպես հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարի վերադարձման գործող համակարգից, այնպես էլ նախագծով առաջարկվող աջակցության համակարգից: Մասնավորապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վճարված եկամտային հարկի միևնույն գումարը չի կարող վերադարձվել և՛ որպես տոկոսային գումար, և՛ որպես նախագծով առաջարկվող աջակցության գումար, ստացվում է, որ այդ գումարներն առանձնացված և աճողական ձևով հաշվառելու անհրաժեշտություն է առաջանալու, ընդ որում՝ անձի նույնականացմամբ: Հակառակ պարագայում կստացվի, որ վարձու աշխատողը պետական բյուջեից ստանում է ավելի շատ գումար, քան իր կողմից վճարված եկամտային հարկի գումարն է: Ընդ որում, տեղեկացնում ենք, որ եկամտային հարկի գումարների վերադարձը ներկայումս իրակա­նացվում է ինքնաշխատ եղանակով «Հարկատու 3» ծրագրային համակարգի միջոցով և առաջարկության ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություն­ներ կատարել նաև այդ համակարգում:     
Այս առումով հայտնում ենք, որ օրենսգրքից տարբերվող՝ այլ օրենքներով եկամտա­յին հարկի վերադարձման հետ կապված հարաբերություններ կարգավորելը և օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային համակարգից օգտվելու իրավունքն այլ աջակցության ծրագրերից օգտված լինելու հետ պայմանավորելն ընդունելի չէ:   
Անդրադառնալով նախագծի ընդունման նպատակահարմարությանը՝ հայտնում ենք հետևյալը՝

1) նախագծով նախատեսվում է Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար սահմանել լրացուցիչ սոցիալական երաշ­խիքներ։ Մասնավորապես, առաջարկվում են հիփոթեքային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը, ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատու­ցումը և ընտանիքի անդամի այլ արտոնություններ։ Միաժամանակ նախատեսվում է, որ նախագծով նախատեսված երաշխիքները չեն բացառում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին այլ իրավական ակտերով սահմանված երաշխիքների տրամադրումը։  
Այս առումով հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, արդեն իսկ սահմանված են համապատասխան երաշխիքներ և արտոնություններ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ ու բավարար են նախագծի հիմնավորմամբ ներկայացված նպատակներին հասնելու համար։
Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ իրեն սոցիալական հռչակած պետությունը սահմանադրորեն որդեգրել է սոցիալական քաղաքականության վերաբերյալ հստակ ուղենիշներ, որոնք, ըստ էության, մեկնաբանվել ու բացահայտվել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման մեջ:       
Այսպես, վկայակոչված որոշմամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրա­կան դատարանն ընդգծել է, որ սոցիալական քաղաքականության ոլորտում համաչա­փության և համամասնականության հիմնարար սկզբունքների պահանջներից ելնելով` հայեցողության սահմանները պայմանավորվում են, մի կողմից, պետության սոցիալ-տնտեսական հնարավորություններով, մյուս կողմից, սոցիալական պետության սահմա­նադրական բնույթի պահանջներով։ Այլ կերպ ասած, պետությունը սոցիալական քաղա­քականության մշակման հարցում օժտված լինելով հայեցողությամբ, միևնույն ժամանակ սահմանափակված է այնպիսի հարաչափերով, ինչպիսիք են, մի կողմից, պետության տնտեսական ու ֆինանսական ընթացիկ հնարավորությունները և, մյուս կողմից, պետության սոցիալական բնույթից բխող պոզիտիվ պարտավորությունը հասարակության համար ապահովելու ընդհանուր բարեկեցության և սոցիալական համերաշխության համար գործուն նախադրյալներ. 

2) նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորման ճիշտ կառուցվածքը և բովանդակությունն ունեն առանցքային նշանակություն, հետևաբար իրավական ակտի հիմնավորման մեջ պետք է ներառել իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը, բնույթը և ակնկալվող արդյունքը:    
Այնինչ, տվյալ դեպքում նախագծին կից ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել ներկայացված նախագծի արդյունա-վետությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների համա-պատասխան վերլուծություն­ները, ինչն էական նշանակություն և կարևորություն ունի ներկայացված առաջար­կությունների հիմնավորվածությունը լիարժեք ձևով գնահատելու համար:   
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի N ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով  օրենքների հիմնավորվածու­թյանը, արձանագրել է. «սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավո­րություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:  
Այս առումով գտնում ենք, որ նախագծին կից ներկայացված հիմնավորումից լիարժեք չի բացահայտվում օրենքի ընդունման  անհրաժեշտությունը:
Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒ­ԹՅՈՒՆ» բաժնի 1.3-րդ ենթաբաժնում նշված է՝ «Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարե­լագործելու է զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու:»: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների հիմնավորումները) Պաշտպանության նախարարության մասում նախատեսված են սոցիալական բնույթի միջոցառումներ և հիմնավորումները, մասնավորապես՝  
 - Զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և հաշման­դամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների համար սոցիալ-իրավական աջակցության և խորհրդատվական ծառայությունների ինչպես նաև գործող և նոր ընդունված օրենսդրական ակտերի օպերատիվ և հանրամատչելի պարզաբանումների տրամադրում,         
- Զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և հաշ­մանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների սոցիալական պաշտպանության ապահովման ուղղությամբ իրականացվող գործառույթ­ների և մատուցվող ծառայությունների շրջանակներում պետական տեղեկատվական շտեմարաններին (ՔԿԱԳ մարմին, կադաստրի տեղեկատվական կենտրոն, բնակչության պետական ռեգիստր) հասանելիության ապահովում:
Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մշակվել և կառավա­րությունում շրջանառվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, համաձայն որի՝ օրենքի 71-րդ հոդվածում սահ­մանվելու է, որ սույն օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքը տրվում է պետական լիազոր մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբա­ժանումների կողմից, իսկ տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նախատեսվում է տեղեկանքի ձևում, ըստ շահառուների կարգավիճակի, ներառել նաև օրենսդրությամբ համապատասխան կարգավիճակ ունեցող շահառուի համար սահմանված բոլոր սոցիալական երաշխիքների վերաբերյալ տեղեկատվությունը, դրանով իսկ ապահովելով շահառուների կողմից օրենսդրությամբ սահմանված բոլոր սոցիալական երաշխիքների մասին տեղեկատվություն ունենալու իրավունքը:           

Ամփոփելով վերոգրյալը, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնելու է չգնահատված պայմանական պարտավորություններ, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ օրենքի նախագծի ընդունումից: