ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,
                  

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  կողմից 2023 թվականի փետրվարի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-480-26.12.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.

  1. Նկատի ունենալով «Քաղաքաշինության մասին» օրենքի 25-րդ հոդվածի կարգավորումները՝ անհրաժեշտ է օրենքի նախագծի 1-ին հոդվածում հստակեցնել սուբյեկտային կազմը: Ուստի, նախագծի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «տուգանքի նշանակում» բառերից հետո ավելացնել «կառուցապատողի համար» բառերը:
  2. «Քաղաքաշինության մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միայն շահագործման թույլտվությունը ձևակերպելուց հետո: Շինարարությունն ավարտված շենքերը կամ շինությունները առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելը, ըստ էության իրենից ենթադրում է տևող վարչական իրավախախտում, քանի որ հիշյալ արարքն ուղեկցվում է անձի վրա օրենքով դրված որևէ պարտականության տևական չկատարմամբ: Հետևաբար, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո էլ առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելը կհանդիսանա իրավախախտում, և այդ խախտման համար կկիրառվի օրենքով սահմանված սանկցիան։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծում անհրաժեշտ է սահմանել ողջամիտ ժամկետ: Ուստի առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածում «մեկ» բառը փոխարինել «վեց» բառով:

 

Հարգանքով՝             /ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ