ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-484-03.01.2023-ՏԵ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:               

Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝  հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Օրենք» բառին այլեւս հղում չի կատարվում:

3.  Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել 3-րդ և 5-րդ կետերը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ թեև Նախագծով առաջարկվել է ապրանքային նշանի նախնական փորձաքննության համար սահմանել լրացուցիչ տուրք, որի անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ հայտատուները, հատկապես նրանք ովքեր պետական տուրքը վճարում են նվազեցված դրույքաչափով, ապրանքային նշանը գրանցման են ներկայացնում ԱԾՄԴ 45 դասում ընդգրկված բոլոր ապրանքների ու ծառայությունների համար, անկախ նրանից օգտագործելու են ապրանքային նշանը այդ բոլոր ապրանքների և ծառայությունների համար, թե՝ ոչ։ Սակայն շարունակական քննարկումների արդյունքում որոշվեց նոր տուրք չսահմանել ապրանքային նշանի նախնական փորձաքննության համար, քանի որ ապրանքային նշանի փորձաքննության համար մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար արդեն իսկ սահմանված է պետական տուրք: Այս փոփոխությունը միտված է նաև տնտեսավարողներին ավելի չծանրաբեռնելուն: Ըստ այդմ նախագծի 1-ին հոդվածի կետերի համարակալումը վերանայվել է:

4. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ, 9-րդ  և 10-րդ կետերում կիրառված «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նորմատիվ իրավական ակտում լրացում կատարվում է լրացնելու միջոցով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից:

 5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ (լրամշակված 7-րդ)  կետով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում լրացվող նոր «իզ» ենթակետում փակագծերի մեջ նշված (այսուհետ՝ Միության ապրանքային նշան) բառերը լրացնել «հայտ» բառից առաջ՝ հիմք ընդոնելով այն հանգամանքը, որ Նախագծի հաջորդիվ կարգավորումներում կիրառված «Միության ապրանքային նշան» եզրույթն իր մեջ կլանելու է նաև Միության ապրանքային նշանի հայտը, որը չի կարող նույնացվել Միության ապրանքային նշանի հետ: Սույն դիտարկման հիմքում ընկած է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի (այսուհետ նաև՝ Պայմանագիր) 2-րդ հոդվածով սահմանված հասկացությունների սահմանումները:

6.  Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ (լրամշակված 7-րդ) կետով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում լրացվող նոր «լդ» ենթակետով պետական տուրք է սահմանվում Միության ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքների հիման վրա ծանուցման վերաբերյալ փաստարկներ և նկատառումներ ներկայացնելու լրացուցիչ ժամկետի տրամադրման համար: Մինչդեռ Պայմանագրի 9-րդ հոդվածի 7-րդ մասով պետության օրենսդրությամբ սահմանված տուրք վճարելու պահանջ նախատեսված է փաստարկներ և դիտողություններ ներկայացնելու լրացուցիչ ժամկետի տրամադրման համար: Հիմք ընդունելով վերոգրյալը և «Նորմատի իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել Պայմանագրով սահմանված հասկացություններ և եզրույթներ: Ըստ այդմ Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ (լրամշակված 7-րդ) կետով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում լրացվող նոր «լդ» ենթակետում «նկատառումներ» բառը փոխարինվել է  «դիտողություններ» բառով

7.  Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածից հետո նշված «Անցումային դրույթներ» ձևակերպումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածի մասերը, կետերը և ենթակետերը վերնագիր չեն ունենում:»:

8.  Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «3-րդ, 5-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ» թվերը փոխարինել «5-րդ, 9-րդ, 10-րդ» թվերով՝ հաշվի առնելով 3-րդ կետով ներկայացված առաջարկությունները:

 

       
          Հարգանքով՝          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ