ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
                               

          Հարգելի՛ պարոն Նարիբեկյան, 
                                       
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2023 թվականի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի օրենքների նախագծերի փաթեթի (Պ-460-06.12.2022,12.01.2023-ԱռՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:                 
                   
          I. «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.       
          1.        Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ 29.1-րդ հոդվածով սահմանվում է դրույթ առ այն, որ տեսչական մարմնի կողմից հսկիչ գնում  իրականացվում է վերահսկողության ընթացքում,  ինչպես նաև նախատեսվում են հիմքեր՝ հսկիչ գնում իրականացնելու համար, մասնավորապես՝ սահմանվում է, որ հսկիչ գնում իրականացվում է՝ տեսչական մարմնի կողմից իրականացվող վարչական վարույթի կամ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումների ընթացքում առաջացած անհրաժեշտության հիման վրա, տեսչական մարմին ներկայացվող տեղեկատվության (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) հիման վրա, տեսչական մարմնի կողմից նախկինում իրականացված վերահսկողության արդյունքների տվյալների հիման վրա իրականացված վերլուծությունների արդյունքում, իսկ հսկիչ գնման արդյունքում տնտեսվարող սուբյեկտի մոտ բացահայտված խախտումները կարող են հիմք հանդիսանալ ստուգում իրականացնելու համար:
          Վերոգրյալի վերաբերյալ հարկ է նշել, որ սահմանված ձևակերպումները բավականին լայն են և հնարավորություն են տալիս տեսչական մարմնին առհասարակ, օրենքով իրեն վերապահված ցանկացած գործառույթ իրականացնելիս, ինչպես նաև տեղեկատվություն ստանալիս կատարել հսկիչ գնում, ինչը կարծում ենք, խնդրահարույց է և գործնականում չարաշահումների տեղիք կարող է տալ: Խնդրահարույց է նաև տեսչական մարմնի կողմից նախկինում իրականացված վերահսկողության արդյունքների տվյալների հիման վրա իրականացված վերլուծությունների արդյունքում հսկիչ գնում իրականացնելու հնարավորության սահմանումը, քանի որ սահմանվող կարգավորման արդյունքում վերլուծության ցանկացած արդյունք կարող է հիմք հանդիսանալ հսկիչ գնում իրականացնելու համար, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին:                           Միաժամանակ, սահմանվող կարգավորումների արդյունքում ստացվում է, որ տեսչական մարմինը իրականացվող ստուգման արդյունքում կարող է իրականացնել հսկիչ գնում, որի արդյունքում տնտեսվարող սուբյեկտի մոտ բացահայտված խախտումները կարող են հիմք հանդիսանալ ևս մեկ անգամ ստուգում իրականացնելու համար, ինչը հակասում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված սկզբունքներին, որոնցով արդեն իսկ հստակ նախատեսված են ստուգման հիմքերը, հաճախականությունը, ինչպես նաև օրենսդրի կողմից սահմանված են կրկնակի ստուգում և վերստուգում իրականացնելու դեպքերը:         
          Ամփոփելով վերոգրյալը՝ իրավական որոշակիությունն ապահովելու, գործնականում հնարավոր տարընթերցումներից և չարաշահումներից խուսափելու, ինչպես նաև  տեսչական մարմնի կողմից հայեցողական որոշումներ կայացնելու հնարավորությունը նվազագույնի հասցնելու նպատակով առաջարկում ենք Նախագիծը վերանայել՝ հնարավորություն ընձեռելով տեսչական մարմնին իրականացնել հսկիչ գնում միայն ստուգման շրջանակում: Ըստ այդմ, ներկայացված առաջարկության կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները.        
          1. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 29.1-ին հոդվածի՝   
          1) 1-ին մասը հանել,         
          2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
          «2. Դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից հսկիչ գնում կարող է իրականացվել` դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումների շրջանակում, այդ թվում` երրորդ անձ ներգրավելու միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»,   
          3) 3-ից 7-րդ մասեր հանել:        
          Վերոգրյալ առաջարկություններով պայմանավորված անհրաժեշտություն կառաջանա վերանայել լրացվող հոդվածի մասերի համարակալումը:   
          2. Նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանվում են կարգավորումներ առ այն, որ դեղերի մեծածախ իրացման և դեղատնային գործունեության լիցենզիաները, բացի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերի, կասեցվում են նաև օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 23-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջները մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում՝ երկամսյա ժամկետով, իսկ կասեցման ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում նախատեսված պահանջները կրկին խախտելու դեպքում լիցենզիաները դադարեցվում են լիցենզավորող մարմնի կողմից:       
          Վերոգրյալի վերաբերյալ հարկ է նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎՕ) 23-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ վարչական իրավախախտումներ կատարելու համար ի թիվս այլնի կարող է կիրառվել նաև «տնտեսական գործունեության կասեցում» վարչական տույժը:       
          ՎԻՎՕ-ի 24-րդ հոդվածի համաձայն՝ տուգանային միավորը, առարկաները հատուցմամբ վերցնելը և բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժեր. սույն օրենսգրքի 23 հոդվածի առաջին մասում թվարկված մյուս վարչական տույժերը կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր:     
          Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ:       
          ՎԻՎՕ-ի 47.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է ՎԻՎՕ-ի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված «տուգանք» հիմնական վարչական տույժը կիրառել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու կամ արտադրելու կամ պահպանելու կամ բաշխելու կամ իրացնելու կամ կիրառելու համար:   
          Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ Նախագծով նախատեսված կարգավորման պարագայում տնտեսվարողի նկատմամբ կիրառվելու է միաժամանակ ՎԻՎՕ-ի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմնական վարչական տույժերը՝ այսինքն անձը նույն արարքի համար կրելու է կրկնակի պատասխանատվություն, ինչը չի բխում ՎԻՎՕ-ի 24-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներից:  
          ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար:»: Այս՝ «ne bis in idem» սկզբունքը ամրագրված է ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետով և «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածով, ընդ որում՝ լինելով ինքնավար տերմին, «դատվել» եզրույթը մեկնաբանվում է ոչ միայն քրեական, այլև որպես ցանկացած տեսակի պատասխանատվություն: Ի թիվս այլնի նշված սկզբունքը հստակ ամրագրվել է նաև սահմանադրական արդարադատության շրջանակներում (ՍԴՈ-1139) և ՄԻԵԴ նախադեպային իրավունքում: Նման մեկնաբանումը բխում է նաև ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:»: Հենց այս հոդվածի և դրա մեկնաբանման լույսի ներքո էլ ՎԻՎՕ-ի 24-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ:    
          Վերոգրյալը հաշվի առնելով գտնում ենք, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի   24-րդ հոդվածում լրացվող 15-րդ մասը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասի և ՎԻՎՕ-ի 24-րդ հոդվածի 2-րդ պարբերության տեսանկյունից: Վերոգրյալը վերաբերում է նաև Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 24-րդ հոդվածում լրացվող 16-րդ մասին և Նախագծի 4-րդ հոդվածին:                                                              
          Բացի այդ, Նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածներով լրացվող 15-րդ և 16-րդ մասերում «օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 23-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջները» բառերը կարծում ենք պետք է փոխարինել «օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջներից որևէ մեկը» բառերով։  
                   
          II. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի Նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.                                                      

  Նախագծով նախատեսվում է խստացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելուն կամ արտադրելուն կամ պահպանելուն կամ բաշխելուն կամ իրացնելուն վերաբերվող 47.3-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները՝ 10 և ավելի անգամ բազմապատկելով հիշյալ հոդվածներով նախատեսված սանկցիաների տուգանքների չափերը:      
          Նախագծային դրույթները հարկ ենք համարում դիտարկել ինչպես նախագծին կից ներկայացված հիմնավորման, այնպես էլ վարչական տույժի (այդ թվում` վարչական տուգանքի) նպատակների հետ համակարգային կապի մեջ, ինչպես նաև անդրադառնալ ինքնին նախագծով առաջարկվող կարգավորումներին:       
          Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ առաջարկվում է բարձրացնել տուգանքի չափերը (այլ հիմնավորումները բացակայում են), ինչպես նաև նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված չեն, որևէ հիմնավորումներ օրենսգրքի սույն ոլորտում գործող ներկայիս սանկցիաների ոչ արդյունավետ լինելու և վարչական պատասխանատվության նպատակներին չծառայելու մասին, ինչպես նաև ներկայացված չեն, որևէ վիճակագրություններ և վերլուծություններ սույն մասով:     
          Այսպես, վարչական տուգանքը դրամական տուժանք է, որը` որպես վարչական իրավախախտման համար  նշանակվող պատասխանատվության միջոց, կիրառվում է անձի մոտ իրավահպատակ վարքագիծ ձևավորելու և նոր վարչական իրավախախտտումների կատարումը կանխելու նպատակներով:   
          Ընդ որում,    վարչական իրավախախտման համար պատասխանատվության միջոց սահմանելիս օրենսդրի հայեցողական լիազորությունները սահմանափակված են համաչափության սահմանադրական սկզբունքի պահանջներով և վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը պատահական չեն և կոչված են ծառայելու վարչական տույժի նպատակների իրականացմանը: Այլ կերպ ասած, կոնկրետ արարքի համար վարչական տուգանքի չափը սահմանելիս հաշվի են առնվում այդ արարքի հանրային վտանգավորության աստիճանը, իրավախախտողին դաստիարակելու և այլ անձանց կողմից ևս հետագայում իրավախախտումների կատարումը կանխելու անհրաժեշտությունը: Ընդ որում, քիչ չեն դեպքերը, երբ իրավական նորմի պրակտիկ իրացման արդյունքում ի հայտ եկած խնդիրներից ելնելով (վարչական տուգանքը չի ծառայում իր նպատակին) տուգանքի չափերը օրենսդրի կողմից վերանայվում և ավելացվում են:   
          Այս առումով, ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասը հռչակում է, որ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակն ու պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:   
          Իր հերթին, ՀՀ սահմանադրական դատարանը իր` 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման մեջ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ «... համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»:       
          Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ օրենսգրքի հիշյալ հոդվածներով նախատեսված սանկցիաների խստացումը անհրաժեշտ է դիտարկել համաչափության սկզբունքի տեսանկյունից, ուստի և գտնում ենք, որ Նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման կարիք: 
          Այդուհանդերձ,  հարկ ենք համարում նշել, որ անհրաժեշտ է Նախագծի՝         
          1) 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ 47.3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ իրացնելը» բառերը, որով կվերանա ՀՀ քրեական օրենսգրքի 408-րդ հոդվածի հետ հնարավոր հատումը: Մասնավորապես՝ առանց իրացնելու նպատակի թվարկված արարքների կատարումը կառաջացնի վարչական, իսկ դրանք իրացնելու նպատակով կատարելը, ինչպես նաև խնդրո առարկա նյութերն իրացնելը՝ քրեական պատասխանատվություն: Վերոգրյալի կապակցությամբ՝ առաջարկում ենք փոփոխություն կատարել նաև 47.3-րդ հոդվածի 2-րդ մասում՝ հանելով «կամ իրացնելը» բառերը,
          2) 3-րդ հոդվածի «1-ին» բառն փոխարինել «1-ին,» բառով: 
                   
          III. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.   
          1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «բացառությամբ» բառը՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում (նախադասության սկզբում) արդեն իսկ «բացառությամբ» բառը նշված է և հետևաբար, տվյալ ոլորտում վերահսկողությունն արդեն իսկ իրականացվում է առանց ծանուցման, իսկ կրկին անգամ նշելը կարող է առաջացնել տարընթերցման խնդիր, ինչը չի բխում նախագծի տրամաբանությունից:        
          2. Վերևում արդեն անդրադարձել ենք տեսչական մարմնին հսկիչ գնումը միայն ստուգման շրջանակում իրականացման հնարավորություն ընձեռնմանը և ներկայացված առաջարկության կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» գործող օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝  
          1) 1-ին հոդվածը լրացնել նոր 2.1-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.         
          «2.1 Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում կարող է իրականացվել նաև հսկիչ գնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»,   
          2) 3-րդ հոդվածի՝   
          ա. 2-րդ մասում «տրամադրողի տվյալները» բառերից հետո լրացնել «, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում՝ հսկիչ գնում կատարելու անհրաժեշտության պարագայում՝ նաև հսկիչ գնում իրականացնելու դեպքը (դեպքերը), վայրը (համայնքը, Երևանում՝ վարչական շրջանը), ինչպես նաև նպատակը» բառերով, իսկ «մասնակցել ստուգմանը» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված՝ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում կատարվող հսկիչ գնումների» բառերով,      
          բ. 4-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ.

  «Սույն պարբերությամբ սահմանվող սահմանափակումը չի տարածվում դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում իրականացվող հսկիչ գնման դեպքերի վրա:»,         
          3) 4-րդ հոդվածի 1-ին մասի՝      
          ա. 1-ին պարբերությունում «սկսելու օրը» բառերից հետո լրացնել «, իսկ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնում իրականացնելու դեպքում՝ հսկիչ գնում կատարելու օրը» բառերով, իսկ «գրառում կատարելու օրը:» բառերից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.                                                                 
          «Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնում իրականացնելու դեպքում  ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարվում է հսկիչ գնում կատարելուց հետո՝ անմիջապես:»,      
          բ. 2-րդ պարբերությունում «ժամկետների» բառից հետո լրացնել «, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացված հսկիչ գնման պարագայում՝  նաև կատարված հսկիչ գնումների» բառերով,    
          5) 6-րդ հոդվածի՝   
          ա. 1-ին մասում «պատասխանների,» բառից հետո լրացնել «դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացված հսկիչ գնման պարագայում՝ դրա արդյունքների,» բառերով:   
          բ. 2-րդ մասը լրացնել նոր 8.1) -րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.          
          «8.1) Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում հսկիչ գնում կատարելու դեպքում՝ հսկիչ գնման արդյունքները.»,   
          7) Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր ժբ) պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.     
          «ժբ) դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացնել հսկիչ գնում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:       

 Հարգանքով՝                  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ