ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

  Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

           Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-446-29.11.2022,13.01.2023-ԳԿ-011/1) վերաբերյալ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերահաստատում է այն առաջարկությունները, որոնք հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2098-Լ որոշմամբ:

 Հարգանքով՝                            /ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
 ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-446-29.11.2022-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերա­բերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.

  1. Նախագծի 1-ին հոդվածի՝

         1) 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ՝ «Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի՝» խմբագրությամբ: Առաջարկը պայմա­նավորված է այն հանգամանքով, որ փոփոխությունները կատարվում են 2-րդ հոդվածի տարբեր կետերում: Միաժամանակ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրա­վա­կան ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: Իսկ 3-րդ և 5-րդ պարբերություններից հանել «նույն հոդվածի» բառերը.

2) 2-րդ պարբերությունում «Պրոֆեսիոնալ սպորտ» հասկացությունը նպատակահարմար չէ փոխարինել «Պրոֆեսիոնալ մարզաձև» հասկա­ցու­թյամբ, քանի որ որպես այդպիսին պրոֆեսիոնալ մարզաձև հասկացություն գոյություն չունի: Գոյություն ունի պրոֆեսիոնալ սպորտ հասկացություն, որով կարող են զբաղվել տարբեր մարզաձևերի մարզիկները: Ըստ այդմ, առաջարկում ենք օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունը հանել.

3) 4-րդ պարբերությունում «Դոպինգի օգտագործումը» հասկացությունը նպատակահարմար չէ փոխարինել «Դոպինգ» հասկացությամբ, քանի որ խախտման դեպք է դոպինգի օգտագործումը, այլ ոչ թե դոպինգը: Առաջարկում ենք 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «ժե) Դոպինգի օգտագործում՝ համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված հակադոպինգային կանոնների մեկ կամ մի քանի խախտման դեպք».

4) 6-րդ պարբերությամբ կատարվող փոփոխությունն ընդունելի չէ: «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) ներկայիս կարգավորումն ավելի նպատակահարմար է, քանի որ Համաշխարհային հակադոպինգային գործակալության օրենսգրքից են բխում «Հակադոպինգային  գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության դրույթները: Միաժամանակ, իրավական որոշակիության սկզբունքի պահանջները հաշվի առնելով, պարզաբանված չեն,  թե նախագծում ինչ են ենթադրում թեստերի բաշխման պլանավորումը, գրանցված թեստավորման լողավազանի պահպանումը, այլ գործողությունների կատարումը և այլն.

5) չհամարակալված պարբերություններում և մյուս հոդվածներում «հետևյալ բովան­դակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «հետևյալ խմբագրու­թյամբ» բառերով:

  1. Նախագիծն անհրաժեշտ է խմբագրել՝ համաձայն առաջարկությունների
    1-ին կետի՝ չկրկնելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ամբողջական անվանումը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նորմա­տիվ իրա­վա­կան ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նոր­մատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:
  2. Նախագծի 1-ին և 5-րդ հոդվածներում առկա չհամարակալված պարբերություններն անհրաժեշտ է համարակալել՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջների:
  3. Նախագծի 2-րդ հոդվածի բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ հակադոպինգային կանոններ հաստատելու լիազորությունը նախա­տեսվում է վերապահել «Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմա­կեր­պություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գործող կարգա­վոր­մամբ դրանք հաստատելու լիազորությունը պատկանում է Հայաստանի Հանրա­պե­տության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառա­վարման լիազորված մարմնին): Այս առումով, հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավակարգավորումներին: Հայաստանի Հանրապետության Սահմանա­դրու­թյան 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմա­նադրու­թյամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի
3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական  նորմատիվ  իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահո­վելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական  կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պահպանության և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեու­թյուն իրականացնելու նպատակով:

Վերոգրյալ իրավական կարգավորումների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ «Հակադոպինգային կանոններ» հաստատելու լիազորու­թյունը պետական ոչ առևտրային կազմակերպությանը վերապահելու մասին կարգավորումը խնդրահարույց է, քանի որ այն չի բխում վերոգրյալ իրավական ակտերի պահանջներից և հակասության մեջ է գտնվում սահմանադրական դրույթների հետ, մասնավորապես՝ Սահմանադրությամբ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն վերապահվել է միայն Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին, որպիսին պետական ոչ առևտրային կազմակերպությունները չեն հանդիսանում:

Բացի այդ, հարկ է նշել, որ «Պետական ոչ առևտրային կազմակեր­պու­թյուն­ների մասին» օրենքով ևս պետական ոչ առևտրային կազմակերպություններին  ենթաօրենսդրական նորմատիվ  իրավական ակտեր ընդունելու իրավասություն վերապահված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվող կարգավորումն անհրաժեշտ է խմբագրել՝ համապատասխանեցնելով Սահմանդրությամբ և օրենք­ներով սահմանված վերոնշյալ դրույթներին:

Հաշվի առնելով, որ Հակադոպինգային կանոնները հաստատում է Միջազ­գա­յին հակադոպինգային կոմիտեն, առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածով ուժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ հոդվածի ժ.7) կետը, իսկ 2-րդ հոդվածի 2-րդ մասը հանել նախագծից:

  1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ: Օրենքի ներկայիս կարգավորումն ավելի նպատակա­հար­մար է, հաշվի առնելով, որ ՀԱՕԿ-ը չի իրականացնում մարզիկների թեստավորում և որակավորում: Համաձայն Համաշխարհային հակադոպինգային գործակա­լու­թյան օրենսգրքի 20.5-րդ հոդվածի՝ ՀԱՕԿ-ը չի կարող միջամտել Հակադո­պին­գային գործունեության իրականացմանը:
  2. Նախագծի 4-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել և ապահովել բովան­դակային համապատասխանությունը: Անհրաժեշտ է համապատաս­խա­նեցնել օրենքի 13-րդ հոդվածի մյուս կետերի շարադասությանը:
  3. Նախագծի 5-րդ հոդվածի՝

1) «միշտ տեղեկացնելով» բառերը փոխարինել «մշտապես տեղեկացնելով» բառերով, «օգտվելու բժշկական սպասարկումից», «ստանալ բուժում» բառերը համապատասխանաբար փոխարինել «ստանալ բժշկական օգնություն և սպասարկում» բառերով, «բուժհաստատություններում» բառը փոխարինել «բժշկական կազմակերպություններում», «բժշկական դիսպանսեր» բառերը՝ «դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններ» բառերով: Առաջարկը պայմանավորված է առողջապա­հու­թյան ոլորտը կարգավորող իրավական ակտերում կիրառվող հասկացու­թյուն­ներին համապատասխանությունն ապահովելու անհրաժեշտությամբ.

2) «1-ին մասի» բառերը փոխարինել «2-րդ մասի» բառերով: Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների իրավունքները սահմանված են 5-րդ հոդվածի 2-րդ մասով:

  1. Նախագծի 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսվում են պարտա­կա­նու­թյուններ, մասնավորապես՝ հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները պարտավոր են տեղեկացնել բժշկական անձնակազմին արգելված նյութեր և արգելված մեթոդներ չօգտագործելու իրենց պարտավորության մասին, ինչպես նաև պատասխանատվություն ստանձնել՝ համոզվելու համար, որ ստաց­ված ցանկացած բուժօգնություն չի խախտում հակադոպինգային քաղաքակա­նու­թյունը և համապատասխան կանոնները:

Հավաքական թիմի մարզիչները, մասնագետները և բժիշկները պետք է տեղյակ լինեն և համապատասխանեն սահմանված հակադոպինգային բոլոր քաղաքականություններին և համապատասխան կանոններին:

Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ վերոգրյալ կարգավորումներն անհրաժեշտ է որոշակիացնել և խմբագրել՝ հստակեցնելով, թե արդյոք սահման­ված պահանջները չպահպանելը (պարտավորությունները չկատարելը) առաջաց­նելու է որոշակի իրավական հետևանքներ՝ հաշվի առնելով իրավական որոշա­կիու­թյան սկզբունքը: Միաժամանակ, նշված ձևակերպումներից անհրաժեշտ է հանել «ներառյալ Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության հակադոպինգային կանոններով» բառերը, հաշվի առնելով, որ Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությունը չի կարող սահմանել այլ բան, ինչ սահմանված է Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով:

  1. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Այս առումով հարկ է նշել, որ նախագծով նախատեսվում են կարգա­վորումներ, որոնց պահանջներին հասցեատերերը պետք է համապա­տաս­խա­նեցնեն իրենց վարքագիծը: Հետևաբար, անհրաժեշտություն կառաջանա նախատեսել ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, որոնց համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջն իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

Հաշվի առնելով վերոգրյալը, օրենքի նախագծում անհրաժեշտ է սահմանել ուժի մեջ մտնելու ողջամիտ ժամկետ:

Նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) մի շարք հոդվածներում, մինչդեռ հիմնավորման մեջ բացակայում է կարգավորման համար ընտրված այս կամ այն եղանակի նպատակահարմարության մանրամասն հիմնավորումը:

Հիմնավորման ճիշտ կառուցվածքը և բովանդակությունն առանցքային նշանա­կություն ունեն, քանի որ հիմնավորման միջոցով նախագիծը մշակող պետական մարմինը պարզաբանում է իրավական ակտի ընդունման նպատակը, կարգավորման անհրաժեշտությունը, կարգավորման համար ընտրված եղանակի նպատակահարմարությունը, պարզաբանում է նախագծով առաջարկվող կարգա­վորումների բնույթն ու նպատակը, իրավական ակտի ընդունմամբ ակնկալվող արդյունքները:

Այս առումով հարկ է նշել, նաև որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ (…) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատա­րանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայու­նու­թյունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»: