ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

     Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-488-11.01.2023,21.02.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր նախադասության մեջ «, և որոշված պայմանը չի փոխում» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «դրա՝ որպես միանալու» բառերը:

Նշված ձևակերպումը նպատակ է հետապնդում որոշակիացնել այն դեպքերը, երբ պայմանագրին միացող կողմը, մասնակցելով պայմանագրի որոշ պայմանների որոշմանը, դրանով չի փոխում պայմանագրի էությունը, սակայն դրանով հնարավոր է դարձնում պայմանագրի որոշ առանցքային դրույթների փոփոխություն, ինչը կարող է գործնականում հանգեցնել պայմանագրի՝ որպես միանալու պայմանագրի բնույթի փոփոխությանը: Հետևաբար կատարվող լրացումով կբացառվեն այն դեպքերը, երբ կողմի կատարած փոփոխությունների արդյունքում կփոխվի պայմանագրի՝ որպես միանալու պայմանագրի էությունը:

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ՝

Նախագծերի վերնագրերից առաջարկում ենք հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝  հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

 

 
          Հարգանքով՝          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ