Առաջարկություններ

‹‹Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին›› ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1. Նախագծի հոդված 1.2-ը նվիրված է օրենքի առարկա հանդիսացող բնագավառում 2017-2020թթ պետական քաղաքականության  հետապնդվող նպատակների  շարադրմանը: Այս համատեքստում առաջարկվում է նախագծի նշված մասում  ավելացնել նոր 2.1 և 2.2  ենթակետեր  հետևյալ բովանդակությամբ՝

1) երկրի տնտեսության մրցունակության և  արդյունավետության խթանում,

2) ընկերություններում ընդունված  որոշումների տնտեսական հետևանքների համար  պատասխանատվության բարձրացում և ընկերությունների  արդյունավետության խթանում,

Նախագծի 1.2.1 ենթակետը վերահամարակալել 1.2.3:  

Միաժամանակ նախագծի 1.2 մասի 2-րդ ենթակետում ամրագրված  ‹‹մասնավորեցման ձևերի կիրառումը›› թեզը  որևէ կերպ չի կարող որակվել որպես  քաղաքականության նպատակ: Մասնավորեցման ձևերը միջոց են քաղաքականության նպատակին հասնելու համար: Այդ պատճառով տվյալ ենթակետը կարիք ունի վերախմբագրման: Օրենքի կողմից հետապնդվող նպատակների համատեքստում վերախմբագրման կարիք ունի նաև նախագծի  նշված մասի  3-րդ ենթակետը: Առաջարկվում է նշված ենթակետերը վերահամարակալել  և  շարադրել  հետևյալ  խմբագրությամբ՝

4) մասնավորեցման ենթակա օբյեկտի (ընկերության) արդյունավետ սեփականատիրոջ կամ ներդրողի ընտրությունը՝ վերջինը  երաշխավորող և միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող մասնավորեցման ձևերի և գործիքակազմի (մրցույթ, ներդրումային ֆոնդերի ներգրավում, ուղղակի վաճառք և այլն) օգտագործմամբ,

5) երկրի ՀՆԱ-ի ձևավորման մեջ  մասնավոր կապիտալի տեսակարար կշռի  ավելացում և մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովում,

Հանել նախագծի  1.2.4 ենթակետը, իսկ 1.2.5 ենթակետը վերահամարակալել 1.2.6:

2.Նախագծի հոդված 3-ում  շարադրվում են ծրագրով նախատեսվող  մասնավորեցման ենթակա գույքի ընտրության սկզբունքները: Մինչդեռ 3.1.1 և 3.1.3 ենթքակետերի շարադրանքը, այն է ‹‹մասնավորեցման գործընթացը նախաձեռնելը››, գույքի ընտրության սկզբունք չէ: Նշված հոդվածի կոնտեքստում որպես սկզբունք  կարող էր արձանագրվել, օրինակ,  պետական ունեցվածքի ոչ արդյունավետ կառավարումը և/կամ ընկերության   ոչ մրցունակ լինելու հանգամանքը (գիտաարտադրական և գիտահետազոտական ընկերությունների պարագայում) կամ  տվյալ ոլորտում հանրության կարիքների լիարժեք  բավարարումը ապահովելու տեսակետից բավարար քանակի  մասնավոր ընկերությունների առկայությամբ պայմանավորված պետությանը վերապահված   պարտավորությունների կարևորության մակարդակի  նվազումը (առողջապահական ոլորտի որոշ ընկերությունների պարագայում): Առաջարկվում է նախագծի 3-րդ հոդվածի նշված ենթակետերը վերախմբագրել:

3.Նախագծի հոդված 8-ի 1-ին մասի առաջին նախադասությունը փակագծից հետո շարադրել հետևյալ կերպ՝  ‹‹…կազմում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների բովանդակության վերաբերյալ առաջարկ››: Բանն այն է, որ նույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսվում է, որ նշված աշխատանքների բովանդակությունը  ենթակա է կառավարության հաստատմանը, հետևաբար աշխատանքների բովանդակությունը, դե յուրե, սահմանում է կատավարությունը՝ իր որոշմամբ, այլ ոչ թե լիազոր մարմինը:

4.Նախագծում անհրաժեշտ է  ամրագրել   դրույթ այն մասին, որ ընկերությունների մասնավորեցման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցների  30%-ն ուղղվում է համապատասխան համայնքի բյուջե: Բանն այն է, որ համապատասխան օրենքում ամրագրված է, որ համայնքի վարչական սահմաններում գործող պետական սեփականություն հանդիսացող ընկերության կամ պետական բաժնեմասի օտարման դեպքում համայնքի բյուջե է ուղղվում օտարման արդյունքում առաջացած ֆինանսական ռեսուրսների ‹‹առնվազն 30%-ը››, հետևաբար հարկ է այս օրենքում հստակ սահմանել համայնքային բյուջե մասհանումների կոնկրետ չափաքանակը:

5. Օրենքի նախագծում որևէ նորմ չի ամրագրված այն մասին, որ մասնավորեցված ընկերությունների սեփականատերերը իրավունք չունեն փոխել ընկերության գործունեության հիմնական ուղղությունն ու նրա հանրային նշանակությունը: Այս թեզը հատկապես կարևոր է առողջապահության ոլորտի այն ընկերությունների պարագայում, որոնք կոչված են հանրությանը ապահովել անհրաժեշտ առողջապահական ծառայություններ յուրահատուկ հիվանդությունների գծով:

6. Նախագծի հիմնավորման մեջ ‹‹Ընթացիկ իրավիճակը և խնդիրները›› բաժնում ամրագրված է, որ ‹‹առողջապահական ոլորտի մի շարք ընկերությունների մասնավորեցումը իրականացվում է առողջապահության ոլորտում ներկայումս իրականացվող քաղաքականությանը համապատասխան››: Մինչդեռ առաողջապահության նախարարության կողմից ներկայացված կարգավորման ազդեցության գնահատման եզրակացության մեջ ընդամենը ասվում է, որ ‹‹ընկերությունների մասնավորեցումը կունենա  դրական ազդեցություն բնակչությանը մատուցվող բժշկական օգնության  և սպասարկման ծառայոությունների որակի, ինչպես նաև դրանց մատչելիության բարձրացման առումով›› և ոչ մի  տեղեկանք- հիմնավորում  ազգաբնակչության շրջանում տվյալ  առողջապահական հիմնարկի ծառայությունների պահանջարկված ծավալի,  տվյալ ընկերության ոչ մրցունակ լինելու պատճառների (վերլուծություն),  ներկայումս հանրապետությունում  առկա կարողությունների գնահատականի, մինչ մասնավորեցումը և դրանից հետո դրանց կողմից մատուցվող ծառայությունների մատչելիության  և վերջինիս  հնարավոր դինամիկայի, պետպատվերի ծավալների հնարավոր փոփոխությունների մասին, այսինքն  հիմնավորումներ, առանց  որոնց հնարավոր չէ նմանատիպ (ոլորտից հանրության սպասելիքների բավարարմանը նպաստող)  որոշումներ ընդունել: Այլ կերպ ասած,  բացակայում է ներկայոումս նախարարության կողմից իրականացվող քաղաքականության  որևէ առարկայական հիմնավորում (որին հղում է կատարում նախագծի հեղինակը) և որը հնարավոորություն կտար ըստ էության գնահատել առաջարկվող քաղաքական որոշման տնտեսական նպատակահարմարությունն ու հանրային օգտակարությունը: Սա շատ լուրջ բացթողում է նաև ԱԺ առաջին նիստում Հանրապետության Նախագահի ուղերձի՝ առողջապահության  ոլորտին վերաբերող որոշ դրույթների գործնական կիրառումն ապահովեելու նպատակով անհրաժեշտ  համակարգային բնույթի երաշխիքներ ձևավորելու տեսանկյունից: Առաջարկվում է, մինչ Ազգային Ժողովի արտահերթ նիստում օրենքի նախագծի քննարկումը, վերջինիս կից ներկայացնել առողջապահության նախարարության կողմից վերը նշված հիմնավորումներն ու հաշվարքները (որոնք, ենթադրում եմ, գոյություն ունեն և օգտագործվել են առողջապահության նախարարության կողմից մասնավորեցման ենթակա ընկերությունների ընտրությունը հիմնավորելու համար):   

7. Օրենքի նախագծի հիմնավորման ‹‹Տեղեկանք հասարակության մասնակցության մասին›› բաժնի 2-րդ՝ ‹‹Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին›› ենթաբաժնում հեղինակը ամրագրում է, որ նման մասնակցության անհրաժեշտություն չի առաջացել: Այս պնդումը առնվազն վիճահարույց է, որովհետև առավել քան ակնհայտ է, որ  հանրության համար այնպիսի զգայուն ոլորտում,  ինչպիսին, օրինակ,  առողջապահությունն է, նախապատրաստվում է իրականացնել  մի գործընթաց, որի արդյունքներն ուղղակիորեն  անդրադարձ են ունենալու   հանրության յուրաքանչյուր անդամի  կենսական շահերի վրա: Հետևաբար այդ գործընթացը կանոնակարգող օրինագծի նախապատրաստման քննարկումներին  ազդեցիկ մասնագիտական ընկերակցություններին և հանրության շահերը հետապնդող հասարակական կազմակերպություններին մասնակից դարձնելու անհրաժեշտություն չի կարող չառաջանալ (հանրային հետաքրքրությունների մասին է  վկայում նաև մամուլում խնդրո առարկային վերաբերող բազմաթիվ անդրադարձերը): Ի դեպ այս հարցը ուղղակիորեն վերաբերվում է առողջապահության նախարարության պատասխանատվությանը: Առաջարկվում է մինչ օրենքի նախագծի քննարկումների սկիզբը ԱԺ լիագումար նիստում նախաձեռնել քաղաքացիական սեկտորի մասնակցությամբ շահագրգիռ քննարկումներ: