«Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիական   դատավարության օրենս­գրքում փոփոխություն ԵՎ լրացում կատարելու մասին» Հա­յաս­­տանի Հանրա­պե­տու­թյան օրենքի նախա­գծի (Պ-026-19.06.2017-ՊԻՄԻ-011/0)  վերաբերյալ  Հայաստանի  Հանրապետության    կառավարության ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

 Առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատա­վարու­թյան օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հան­րա­պե­­տու­թյան օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենքի նախագիծ) 1-ին հոդվածը՝ հետևյալ հիմավորմամբ՝

Օրենքի նախա­գծով նախատեսվում է խմբագրել Հա­յաս­տանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնը` սահմանելով, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև իր վկայակոչած այլ փաստերը, եթե օրենքով այդ փաստն ապացուցելու պարտականությունն այլ անձի վրա դրված չէ:

Քաղաքացիական դատավարությունում, բացի ապացուցման ընդհանուր կանոն­ներից, գործում են նաև հատուկ կանոններ, որոնք ազդում են ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելու վրա:

Նյութական և դատավարական օրենսդրական նորմերով սահմանվում են ապացուցո­ղա­կան կանխավարկածներ, այսինքն` փաստեր, որոնք համարվում են ապացուցված, եթե մյուս կողմը չի հերքում դրանց գոյությունը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապե­տու­թյան քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի համաձայն, պարտապանը պար­տավո­րու­թյունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առ­կայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, պար­տա­պանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կա­տարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները, իսկ մեղքի բացա­կա­յու­թյունն ապացուցում է պարտավորությունը խախտած անձը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ մա­սի՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Այսինքն, եթե հայցվորը վկայակոչում է, որ վնասը պատ­ճառվել է պատասխանողի մեղքով, ապա պատասխանողը պետք է ապա­ցուցի ոչ թե հայցվորի վկայակոչած, այլ դրա հակառակ փաստը, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Նշված և այլ համանման ապացուցողական կանխավարկածների ուսումնասիրու­թյունը ցույց է տալիս, որ մի կողմի վրա կարող է դրվել մյուս կողմի  վկայակոչած փաստի հակա­ռա­կը, այլ ոչ թե վկայակոչած փաստն ապացուցելու պարտականություն:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հու­ն­ի­սի 29-ի նիստում հավանության արժանացած և 01/10.2/15353-17 06.07.2017 թ. գրությամբ Հայաստանի Հանրապետության Ազ­գային ժո­ղովի քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության քաղաքացիա­կան դատա­վա­րության նոր օրենսգրքի նախագծով քննարկվող ապացուցողական կանխա­վար­կածներն ստացել են իրավական ամրագրում:

Մասնավորապես, նշված օրենսգրքի նախագծի 58-րդ հոդվածով սահմանվել է, որ գոր­ծին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առար­կու­թյունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Առաջարկվող փոփոխությունը չի բխում Հա­յաս­տանի Հանրապետության քաղա­քացիա­­կան դատավարության օրենսգրքով ամրագրված, քա­ղաքացիական դատա­վա­րությունում ձևա­վորված և կիրառվող ապացուցման պարտա­կա­նու­թյունը բաշխելու կանոններից, ապա­ցու­ցողական կանխավարկածներից և կարող է քաղա­քա­ցիական դատավարությունում ապացուցման գործընթացում առաջացնել գործնական խնդիր­ներ:

Բացի դրանից, հարկ է նշել, որ ինչպես Հա­յաս­տանի Հանրապետության քաղա­քա­ցիական դատավարության օրենսգրքի ներկայիս խմբագրությամբ 48-րդ հոդվածի 1-ին մասի, այնպես էլ նույն հոդվածի` օրենքի նախագծով առաջարկող խմբագրության վերլու­ծությունից բխում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր կողմից վկայակոչված ցանկացած հանգամանք: Մինչդեռ, կոնկրետ գործով ապացուցման առարկան որոշելիս և գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելիս, ուշադրության է արժանի վկայակոչված փաստերի իրավական նշանակության հարցը: Համաձայն Հա­յաս­տանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդ­վածի 2-րդ մասի` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Հետևաբար, կոնկրետ գործով ապացուցման առարկան են կազմում և դատարանի կողմից հետազոտման, իսկ գործին մասնակցող անձանց կողմից` ապացուցման կարիք ունեն ոչ թե վկայակոչված բոլոր փաստերը, այլ միայն նրանք, որոնք գործի լուծման համար ունեն էական նշանակություն: Հենց այս տրամաբանությունն է դրված նաև Հայաստանի Հանրապետության քաղա­քացիա­կան դատավարության նոր օրենսգրքի նախագծով առաջարկվող կարգավորման հիմքում: