ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Անասնաբուժության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` (Կ-492-3.07.2017-ՏՏԳԲ-011/0) (այսուհետև Նախագիծ) վերաբերյալ

  1. Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

կենդանական ծագման մթերք` գյուղատնտեսական կենդանիների  սպանդից գոյացած չվերամշակված  մսեղիքը, կիսամսեղիքը, քառորդ մսեղիքը, տեսակավորված ոսկրոտ եւ անոսկր միսը, աղացած մսի, ծեծած մսի եւ դրանցից ստացված կիսապատրաստվածքները, պոչը եւ դմակը, նախաբազկի եւ սրունքի հոդերը, ներքին օրգանները, ենթամաշկային եւ ընդերային ճարպը,  արյունը, լեզուն, ամորձիները, գլուխը, ականջը, շրթունքը,կուրծը, ինչպես նաեւ չփաթեթավորված եւ չմակնշված՝ մսամթերք, կաթ եւ կաթնամթերք, ցամաքային եւ ջրային անողնաշարավորներ եւ դրանցից ստացված մթերք, ձուկ եւ ձկնամթերք, չբեղմնավորված ձկնկիթ, երկկենցաղներ, սողուններ,  թռչնի ձու, մեղվի մեղր, որոնք առանց վերամշակման կամ վերամշակումից հետո օգտագործվում են սննդում կամ որպես պարենային հումք.»:

 

Հիմնավորում

Նախագծով առաջարկվում է «Անասնաբուժության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետև Օրենք) «կենդանական ծագման մթերք» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ:

Նախագծով Օրենքի կենդանական ծագման մթերք սահմանումից հանվում է ենթամթերք բառը և սահմանման մեջ լրացուցիչ թվարկվում են կենդանիների սպանդից գոյացված առանձին  մասերը (օրգանները):

Կենդանական ծագման մթերքի առաջարկվող սահմանման մեջ չի ընդգրկվել ենթամթերքի ամբողջ նկարագիրը: Մասնավորապես նկարագրից դուրս են մնացել ստոծանին, կերակրափողը, ըմպանը, շնչափողը, ստամոքսը և ամբողջ աղեստամոքսային համակարգը:

Առաջարկում ենք սահմանման մեջ ընդգրկել «ներքին օրգանները» և թվարկել մնացած մթերքները:

Քանի որ Օրենքով սահմանվում է «գյուղատնտեսական կենդանիներ» հասկացությունը, և սպանդի ենթակա են գյուղատնտեսական կենդանիները, «կենդանական ծագման մթերք» սահմանման մեջ առաջարկում ենք «կենդանիների սպանդից գոյացած» բառակապակցությունը դարձնել «գյուղատնտեսական կենդանիների սպանդից գոյացած», որով ավելի կհստակեցվեն սպանդի ենթակա կենդանիները:

Առաջարկում ենք սահմանումից հանել խեցգետնակերպեր, կակղամորթներ, բառերը, քանի որ  վերջինները արդեն ներառված են անողնաշարավորների մեջ:

Առաջարկում ենք կենդանական ծագման մեղրը ձևակերպել՝ մեղվի մեղր, քանի որ մեղրը կարող է լինել նաև արհեստական:

Առաջարկում ենք կենդանական ծագման ձուն ձևակերպել թռչնի ձու, քանի որ սննդում կամ որպես պարենային հումք օգտագործվում է թռչնի ձուն:

Առաջարկում ենք սահմանման մեջ ավելացնել սողուններին, քանի որ ՀՀ-ում որպես պարենային հումք ներմուծվում և վաճառվում են նաև սողունները: