ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Կ-056-07.07.2017-ԱՍ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Առաջարկում ենք նախագծի ՝

  1. 1-ին հոդվածից հանել 1-ին մասը՝ խմբագրելով նաև համարակալումը:
  2. 2-րդ հոդվածից հանել «, կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող անձը բուժման նպատակով գտնվում է օտարերկրյա պետությունում և նրա հաշմանդամության պատճառական կապը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքն է կամ խեղումը» բառերը:
  1. Նախագծի 3-րդ հոդվածը լրացնել`

ա) օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկով` հետևյալ բովանդակությամբ` 1-ին մասի 3-րդ պարբերությունում «կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան» բառերը փոխարինել «կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված՝» բառերով:

բ) նոր մասով, որով գործող օրենքի 36-րդ հոդվածը կլրացվի հետևյալ բովանդակությամբ՝ նոր 4.1 մասով.

«4.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում զինվորական կենսաթոշակի չվճարված գումարը վճարվում է նաև լիազորագրով, եթե կենսաթոշակառուն հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժվում է  օտարերկրյա պետությունում (ներառյալ՝ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը)։ Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար (անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջից), բայց ոչ ավելի, քան մինչև կենսաթոշակառուի՝ հիվանդանոցից դուրս գրվելը»։

  1. Հաշվի առնելով նախագծի 1-ին հոդվածում առաջարկվող փոփոխությունները՝ խմբագրել 4-րդ հոդվածը:

   Միաժամանակ, ՀՀ Սահմանադրական դատարանի 2016 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1325 որոշման կատարումն  ապահովելու նպատակով, նախագծի 4-րդ հոդվածը լրացնել այդ որոշ­մամբ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող և անվավեր ճանաչված` օրեն­քի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը և դրան փոխկապակցված` նույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկությամբ, իսկ նախագծի     7-րդ հոդվածը` անցումային շրջանի խնդիրները կարգավորող դրույթներով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվել է մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, ապա.

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է դիմումի հիման վրա` դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում (եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում)` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ,

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, բայց ոչ ավելի քան մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվելը,

3) անձի մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ չի նշանակվում, իսկ մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, բայց ոչ ավելի քան մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվելը։ Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է՝ հաշվի առնելով Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը:»։

 

 Հարգանքով`
  Վահե Ստեփանյան