Առաջարկում եմ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի՝ 1-ին մասի 15-րդ կետում «Երևան քաղաքի և կայազորների դատախազները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը և նրա տեղակալները,» բառերը ներքոնշյալ հիմնավորումներով:

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում սպառիչ կերպով սահմանված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկը, որտեղ ո´չ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, ո´չ էլ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը և նրա տեղակալները չեն ընդգրկվել:

Համաձայն 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների՝ պետական մարմինների համակարգում կատարվեցին մի շարք փոփոխություններ և սահմանադրական կարգավիճակ ունեցող պետական մարմինների համակարգում ավելացվեցին նաև քննչական մարմինները:

 Այսպես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսվել է «Դատախազությունը և քննչական մարմինները» վերտառությամբ ինքնուրույն գլուխ, որը հաջորդում է դատական իշխանությանը նվիրված գլխին:

Ինչպես նկատում ենք, դատախազությանը և քննչական մարմիններին նվիրված է առանձին գլուխ և նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված մարմինների ղեկավարներին և տեղակալներին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին (Աժ-ն է առաջարկում գլխավոր դատախազի թեկնածությունը), նրա տեղակալներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, նրա տեղակալներին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, նրա տեղակալներին նշանակում է հանրապետության Նախագահը, ուստի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը և նրա տեղակալները նույնպես պետք է ընդգրկվեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկում, ինչպես օրինակ՝ գլխավոր դատախազը և նրա տեղակալները, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը և նրա տեղակալները, օրենքներով ստեղծված պետական մարմինների (հանձնաժողովներ, խորհուրդներ) ղեկավարները, նրանց տեղակալները և այդ հանձնաժողովների, խորհուրդների անդամները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Երևանի քաղաքապետը և նրա տեղակալները, մարզպետները և նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներն ու այլոք:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը կհանգեցնի սահմանադրական մարմիններից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ղեկավարներին, նրանց տեղակալներին հավասար պայմաններում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկում ընդգրկելուն: