«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքում լրացում կատարելու մասին» Հա­յաս­­տանի Հանրա­պե­տու­թյան օրենքի  նախա­գծի  (Պ-115-16.08.2017-ԱՍ-011/0)  վե­րա­բերյալ  Հայաստանի Հանրապետության կառավարության

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկա­յաց­ված նա­խագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հետևյալ հիմնավոր­մամբ`

  1. Նախագծի ընդունումը կհանգեցնի նախագծի հիմ­նա­­վորմամբ ներ­կայացված նպատակի իրականացմանը, եթե առա­ջարկության ընդունման արդ­յուն­քում նվազեն դե­ղերի գները: Այս առումով, կարծում ենք, որ ոչնչով երաշխավորված չէ այն հանգա­մանքը, որ դեղերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու արդյունքում դե­ղերի գնե­րը կնվա­զեն: Ավելին, ավելացված արժեքի հարկից ազատման արտոնու­թյունների կիրառության նախորդ տարի­նե­րի փորձը ցույց է տալիս, որ նման պայման­ներում բարձր շահույթներ ստանալու նպա­տա­կով տնտեսվարող սուբյեկտ­ները չեն նվա­զեցնում ապրանքների գները կամ նվազեց­նում են չնչին չափով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակակից շուկայավարման պայմաններում չի կարող ուղղակի ստիպել տնտեսվարողներին նվազեցնելու գները:

            Արդյունքում, նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հան­գեց­նի նախագծի առջև դրված նպատակների իրագործմանը, այլև դեղեր իրաց­նող տնտեսվարող սուբ­յեկ­տների համար կստեղծի գերշահույթ ստա­­նալու հնարա­վո­րու­թյուններ: Հետևա­բար, դեղերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու ար­դյունքում դեղերի գների նվազեցում ակն­կալելն իրատեսական չէ: Փոխարենը՝ դեղերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելը կհանգեցնի Հայաստանի Հանրա­պե­տության պետա­կան բյուջեի եկա­մուտների էական նվազման, ինչպես նաև հարկվող շրջանառությունների հսկման մեխա­նիզմների թուլաց­ման:

  1. Գտնում ենք, որ առաջարկության ընդունումը չի հանգեցնի դեղերի գների էա­կան նվազ­ման՝ հաշվի առնելով նաև այն, որ`

1) ներմուծվող դեղերը շարունակվելու են հարկվել ավելացված արժեքի հարկով, ինչը նշանակում է, որ հետագա իրաց­ման փուլում դեղերի գները չեն կարող ավելացված արժեքի հարկի դրույքաչափին համարժեք նվազել: Նշվածը հիմնավորվում է այն հանգամանքով, որ դեղերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու դեպ­քում դեղեր ներմուծող տնտեսվարող սուբյեկտներն իրավունք չեն ունենալու օգտվել սահ­մանին վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հաշվանցելու իրավունքից, որի արդյունքում ավելացված արժեքի հարկի նշված գումարները դառնալու են դեղերի ինքնարժեքի տարր.

2) դեղերի արտադրության ընթացքում արտադրողների կողմից իրականացվում են ավելացված արժեքի հարկով հարկման ենթակա ձեռքբերումներ մասնավորապես` էլեկտրաէներգիա, սար­քա­վո­րում­ներ և այլն, ինչը նույնպես նշանակում է, որ դեղերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազա­տելու դեպ­քում դեղեր արտադրող տնտեսվարող սուբյեկտներն իրավունք չեն ունենալու օգտվել մատա­­կարարներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հաշվանցելու իրավունքից, որի արդյուն­քում ավելացված արժեքի հարկի նշված գումարները դառնալու են դեղերի ինքնարժեքի տարր: Արդյունքում, դեղե­րի իրացման փուլում դեղերի գները չեն կարող ավելացված արժեքի հարկի դրույքաչափին համարժեք նվազել:

  1. Ցանկացած հարկային արտոնության սահ­մա­­նումը մշտապես ուղեկցվում է ոչ միայն հարկումից խուսափելու և չարաշահումների ռիս­կե­րով, այլ նաև հանգեցնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցման: Հաշվի առնելով այդ հանգամանքը, գտնում ենք, որ ցանկացած նոր հարկային արտոնության սահմանման առաջար­կու­թյունը պետք է ուղեկցվի համա­պա­տասխան վերլուծություն­նե­րով և հաշվարկներով, որոնց արդյունքում հնա­րավոր կլինի հաս­կանալ, թե ինչ հետևանք­ներ և ինչ ար­դյունքներ է տալու նման առա­ջար­կության ընդու­նումը: Մասնավորապես, գտնում ենք, որ դեղերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազա­տե­լու արտո­նու­թյուն սահմա­նելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել ծախսեր-օգուտ­ներ վեր­­լու­­ծու­թյուն՝ գնահա­տելու համար արտոնության սահմանման արդյունքում պետու­­թյան կրած կորուստները և արտոնության հնարավոր շահառուների օգուտները:

Նշվածի անհրաժեշտությունն առավել քան երբևէ կարևորվում է ներկա տնտե­սա­կան պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության պետա­կան բյուջեի եկամուտ­ների յուրաքանչյուր միավորի զիջումն առն­վազն պետք է լինի առավելագույնս թիրա­խային, ինչպես նաև նպաստի տնտեսական աճին և հեռանկարային աճի կայուն հիմ­քերի ապա­հովմանը:

Անհրաժեշտ է նաև նշել, որ առաջարկության ընդունման դեպքում, եթե ենթա­դրենք, որ այնուամենայնիվ կարող է տեղի ունենալ դեղերի գների նվազեցում, ապա այդ պարագայում դրանից կօգտվի նաև հասարակության գնողունակ հատ­վածը: Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների հաշվին ավելացվում են ար­դեն իսկ սոցիալական առումով ապահովված անձանց տնօրինվող եկամուտները: Այս առու­մով հայտնում ենք, որ առկա ֆինանսական ռեսուրս­ների արդյունավետ կառա­վա­­րման և նշված ռեսուրսների թիրախային օգտագործման անհրաժեշտությունն առավել քան կարևոր է և այդ առումով իրականացվող հարկային քաղաքա­կանությունը պետք է ուղղված լինի ոչ թե համատարած հարկային արտոնու­թյունների տրամադրմանը, այլ հարկերի հավաքա­գրման պոտենցիալն ավելացնելուն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի միջոցով հասա­րա­կու­թյան սոցիալապես առավել խոցելի խավերին աջակցություն տրամադրելուն: Թերևս նշված նպատա­կադրումն իրագործելու անհրաժեշտությամբ է պայմանավորված նաև այն հան­գամանքը, որ իրականացվող հարկային քաղա­քա­կա­նությունն ուղղված է միայն այն­պիսի հարկային արտոնությունների տրամադրմանը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել տնտեսական աճ:

Ինչ վերաբերում է դեղերի մասով հասա­րա­կու­թյան սոցիա­­լապես առավել խոցելի խա­վե­­րին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից աջակցու­թյուն տրա­մադ­րելուն, ապա պետու­թյան կող­մից արդեն իսկ երաշ­խա­վորված է բնակչության սոցիա­լա­պես խոցելի խավերի՝ արտոն­յալ պայ­­ման­­նե­րով դեղեր ձեռք բերելու հնարա­վո­րու­թյունը, որն իրականացվում է աջակ­ցու­թյան համապատասխան ծրա­գ­րերի միջոցով:  Նշված ծրագրերը վերա­­բերում են այդ սոցիա­լա­­կան խմբերում ներառված անձանց անհրա­ժեշտ բոլոր դեղե­րին և այդ դեղերն անվճար կամ դեղի գնի կեսը վճարելու պայմանով հատ­կաց­նելուն: Խոսքը, մաս­նավորապես, Հայաստանի Հանրապետության կա­ռա­­վարության 2006 թվականի N 1717-Ն որոշ­­ման շրջա­նակ­­ներում ցուցաբերվող աջակ­ցու­թյան ծրագրի մասին է: Այս առումով շահառուների առա­վել խոցելի շրջանակի հա­մար ներկայացված նախագծի ընդունման արդյունքում որևէ օգուտ ունե­նալու հնա­րա­վո­րութ­յու­նը, ըստ էության, բացակայում է, քանի որ ինչպես արդեն նշվեց, նշված խավերն արդեն իսկ դեղե­­րը ձեռք են բերում անվճար կամ գնի կեսը վճարելով:  

Միաժամանակ, նախագծի հիմնավորման մեջ նշված՝ հարևան Վրաստանից առավել մատ­­չելի դեղեր ձեռք բերելու փաստի կապակցությամբ գտնում ենք, որ նշված հանգամանքը համա­տա­­­րած բնույթ չի կրում: Բացի դրանից, հայտնում ենք, որ ներ­կայացված և վերլուծված չեն, թե Վրաս­­տանում դեղերի գների մատչելի լինելն ինչպիսի հանգամանքներով է պայ­մա­նա­վոր­ված: Մասնավորապես, տրանսպորտային ծախսե­րով, տնտեսվարող սուբյեկտների շահու­թա­բերության մակարդակով, թե այլ հանգա­մանք­ներով: Վերլուծված չեն նաև դեղերի իրա­ցումն ավելացված արժեքի հարկից ազատելու արդյունքում արդյոք Հայաստանի Հանրա­պետությունում և Վրաստանում դեղերի գները կլինեն համա­դրելի, ինչը տնտեսապես ոչ շահավետ կդարձնի Վրաստանից դեղերի ձեռք­բե­րումը:

Հաշվի առնելով նշվածը՝ գտնում ենք, որ առաջարկության ընդունումը չի նպաս­տի նախագծի առջև դրված նպատակների իրականացմանը, այլ միայն կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետա­կան բյուջեի եկամուտների էական նվազմանը:

 

 Եզրակացություն

 

«Ավելացված   արժեքի  հարկի մասին»  Հայաստանի  Հանրա­պե­տու­թյան օրենքում լրացում կատարելու մասին» Հայաս­տա­նի Հան­րա­­պե­­տու­թյան օրենքի նա­խագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրա­պե­տության պետական բյուջեի եկամուտների  էական  նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

            

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքում լրացում կատարելու մասին» Հայաս­տա­նի Հան­րա­­պե­­տու­թյան օրենքի նա­խագծի ընդու­նումն էականորեն կնվազեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները: