1) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով» բառերը, քանի որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով չեն կարող սահմանվել իրավունքներ և պարտականություններ, դրանք կարող են միայն Օրենսդրի վերապահմամբ իրականացվել: «Օրենքով սահմանաված կարգով» եզրույթն ամբողջությամբ արտահայտում է նպատակը:

2) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 2-րդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

Տեղեկատվությունը պետք է կազմված լինի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 3-րդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

Անձը կարող է հաղորդակցվել, իրականացնել իր ընթացակարգային (դատավարական) իրավունքներն ու պարտականությունները պաշտոնական էլեկտրոնային փոստի այն հասցեով, որից ստացել է ծանուցումը:

4) Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից

 

 

 

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետությունում գործում է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքը, որը որևէ բացառություն չի նախատեսում, բացի այդ կան նաև Սահմանադրական դատարանի (ՍԴՈ-722, ՍԴՈ 1192) որոշումները, որոնք  արձանագրում են, որ «…մարդու իրավունքների իրականացումը չպետք է խաթարվի վարչակազմակերպչական բնույթի խոչընդոտների պատճառով: «Էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը...»: Գտնում ենք, որ եթե մենք որոշակի պարտավորություններ ենք դնում քաղաքացիների վրա, ապա պարտավոր ենք հավասար պայմաններ ստեղծել և համաչափորեն ազատել նրանց ավելորդ բեռից, այսինքն քաղաքացին պետք է հնարավորություն ունենա հաղորդակցվել պաշտոնական էլեկտրոնային փոստի այն հասցեով, որից ստացել է ծանուցումը: Արդյունքում կէժանանա արդարադատությունը, կնվազեն արդարադատության վրա ծախսվող ոչ միայն բյուջետային միջոցները, այլև` համախառն ներքին արդյունքից ծախսվող միջոցներն ընդհանրապես:

     Օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետի հետաձգումը մինչև 2018 թվականի հունիսի 1-ը ավելի արդյունավետ կդարձնի իրավակարգավորման կիրարկումը, կնպաստի իրավահարաբերության մասնակիցների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Իրենց հերթին գործադիր իշխանության մարմինները հնարավորություն կունենան կազմակերպել իրազեկման և կրթական ծրագրեր` իրավակարգավորման վերաբերյալ»: