Առաջարկում ենք Օրենքով ամրագրել նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում   գոյացած միջոցների բաշխման սահմանաչափեր և դրանց տոկոսային հարաբերակցությունը։

  Այս կապակցությամբ առաջարկվող նախագծում անհրաժեշտ է կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը: Մասնավորապես, անհրաժեշտ է փոփոխվող 67-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասության « համակարգի զարգացման և » բառերը կարդալ « միջոցներն օգտագործվում են » բառերից հետո, նույն մասում նախադասության մեջ « ծառայողների նյութական խրախուսման » բառերից հետո առկա « ինչպես նաև » բառերը հանել, իսկ առաջին մասն անհրաժեշտ է լրացնել հետևյալ նախադասությամբ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում գոյացած միջոցների քառասուն տոկոսն օգտագործվում է համակարգի զարգացման և կատարողական ծախսերի, քառասուն տոկոսը՝ ծառայողների նյութական խրախուսման համար, քսան տոկոսը՝ հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման և վարչարարության հետեւանքով կայացված վարչական և դատական ակտերով սահմանված ֆիզիկական և իրավաբանական անձանց վճարումներն ապահովելու :


Հիմնավորում

Այսօրվա գործող կարգավորմամբ՝ “Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝

7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են   դատական   ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցների կեսը օգտագործվում է ծառայողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` կատարողական ծախսերի և համակարգի զարգացման համար:   Դատական   ակտերի   հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գործող կարգավորմամբ փաստորեն օրենքը սահմանում է նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները բաշխելու  սահմանաչափերը՝ մասնավորապես ամրագրելով, որ ֆոնդում գոյացած միջոցների 50 տոկոսն օգտագործվում է ծառայողների նյութական խրախուսման համար , իսկ մյուս 50 տոկոսը՝ կատարողական ծախսերի և համակարգի զարգացման համար :  Այսինքն՝ ֆոնդի ընդհանուր միջոցների բաշխվածությունը գործող օրենքով կարգավորված է օրենքի մակարդակով :

Մինչդեռ, առաջարկվող օրենսդրական փոփոխության պարագայում ֆոնդում գոյացած միջոցների բաշխման սահմանաչափերը ամրագրված չեն, և այդ հարցը թողնված է կառավարության որոշման կարգավորմանը (ի տարբերություն ներկայումս գործող կարգավորման):

Այսպես, ըստ առաջարկվող նախագծի՝

,7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցներն օգտագործվում են կատարողական ծախսերի, հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման, համակարգի զարգացման եւ ծառայողների նյութական խրախուսման, ինչպես նաեւ սույն մասի 3-րդ պարբերությունում նշված դեպքում հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների վերականգնման համար, ինչպես նաեւ ապահովելու համար ոչ իրավաչափ վարչարարության հետեւանքով կայացված վարչական եւ դատական ակտերով սահմանված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վճարումները:

Կարծում ենք, նախ, ավելի ճիշտ կլինի օրենքով սահմանել ֆոնդում գոյացած միջոցների բաշխվածությունը տոկոսային հարաբերակցությամբ՝ ըստ համապատասխան ուղղությունների՝

ա) համակարգի զարգացման և կատարողական ծախսեր,

բ) ծառայողների նյութական խրախուսման միջոցներ,

գ) հարկադիր կատարողի ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման միջոցներ (այդ թվում նաև՝ ոչ իրավաչափ վարչարարության հետեւանքով կայացված վարչական եւ դատական ակտերով սահմանված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վճարումների փոխհատուցման միջոցներ):

Նույն համատեքստում ծագում է նաև ֆոնդում գոյացած միջոցների բաշխվածության չափերը որոշելու հարցը՝ ըստ օրենքով նախատեսված ուղղությունների, այսինքն՝ թե ֆոնդում գոյացած միջոցներից որքան տոկոսը որ ուղղությամբ կարող է օգտագործվել:

Ներկայումս գործող կարգավորմամբ քննարկվող հարցը լուծված է կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի թիվ 2275-Ն որոշմամբ: Այդ որոշման 3-րդ և 10-րդ կետերի համաձայն՝

3. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների 90 տոկոսը բաշխվում է հարկադիր կատարման ծառայողների և ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջև` նրանց ամսական դրամական բավարարմանը համամասնորեն, և վճարվում է յուրաքանչյուր ամիս:

10. Դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի զարգացման համար նախատեսված ֆոնդի միջոցներն օգտագործվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում կատարողական գործողությունների կատարման ծախսերի փոխհատուցման և համակարգի զարգացման, մասնավորապես, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության տեխնիկական վերազինման, շինությունների և տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վերանորոգման, պահպանման, վարձակալության, գույքի և այլ սարքավորումների գնման, անձնակազմին հանդերձանքով և հատուկ միջոցներով ապահովելու, ծառայության զարգացմանն ուղղված այլ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

Առաջարկում ենք օրենքով, մասնավորապես քննարկվող նախագծով (այլ ոչ թե կառավարության որոշմամբ) սահմանել ֆոնդից դրամական միջոցների բաշխման հետևյալ չափերը՝

ա) համակարգի զարգացման և կատարողական ծախսեր – 40 տոկոս,

բ) ծառայողների նյութական խրախուսման միջոցներ – 40 տոկոս,

գ)հարկադիր կատարողի իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման միջոցներ – 20 տոկոս:

Փորձից ելնելով՝ կարող ենք ասել, որ նման բաշխվածության սահմանումը կապահովի, որպեսզի ի սկզբանե բյուջետավորվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծախսերն ու եկամուտները, իսկ նման համամասնությունը ԴԱՀԿ ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները համապատասխան ուղղություններով օգտագործելու ամենաօպտիմալ և ողջամիտ լուծումն է, որը հնարավորություն կտա այդ միջոցները արդարացիորեն և հնարավորինս համաչափ բաշխվածությամբ ուղղել ըստ նախատեսված ուղղությունների: